Անասելի կամքի տեր այս մարզուհին բազմիցս է միջազգային հարթակներում ցույց տվել իր ուժն ու սպորտային բնավորությունը: Նա Հայաստանի կանանց ծանրամարտի կայուն սյուներից է, միշտ հաղթանակի ձգտող ու երբեք չհանձնվող:
Mediamax Sport-ի «Անմոռանալի հաղթանակ» շարքում ներկայացնում ենք Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի ամենամեծ նվաճումը:
Բոլոր հաղթանակներս էլ ինձ համար կարեւոր են, բայց նրանցից հատկապես մեկն առանձնանում է ՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճած մեդալը: Այն ինձ համար ամենաբաղձալին ու սպասվածն էր:
Արդեն 17 տարի է զբաղվում եմ ծանրամարտով, միշտ երազել եմ Օլիմպիադայի մասնակցելու ու հատկապես մեդալ նվաճելու մասին: Բոլոր պրոֆեսիոնալ մարզիկներն էլ ցանկանում են մի օր կանգնել օլիմպիական պատվոհարթակի վրա:
Լոնդոնի հաջողությունն աննկարագրելի էր ինձ համար: Այնքան էի ուրախացել բրոնզե մեդալի համար, որ իմ մարզչի փոխարեն ռուս մարզչի գիրկն էի նետվել ու ուրախությունից արտասվում էի:
Լուսանկարը` gettyimages.com.au
Առհասարակ նման նվաճումները երբեք հեշտ չեն տրվում, ես էլ բարդ ճանապարհ էի անցել մինչեւ Օլիմպիական խաղեր մեկնելը: 2011 թվականի Աշխարհի առաջնության պոկում վարժության ժամանակ ձեռքս կոտրել էի, երբ խաղերին ընդամենը 6 ամիս էր մնացել:
Բժիշկներն անգամ հույս չէին տալիս, որ մինչեւ Օլիմպիադան կհասցնեմ վերականգնվել, բայց Մոսկվայում ինձ վիրահատեցին, ու ամեն ինչ լավ անցավ: Դրանից մեկ ամիս անց ես դեռ գիպսով մարզմումներ էի անցկացնում, որպեսզի մարզավիճակս պահպանեմ:
Ոչ ոք, բացի իմ անձնական մարզիչ Արման Ղազարյանից, չէր հավատում, որ ես կհասցնեմ վերականգնվել: Նա անգամ հուսադրում էր, որ ես մեդալով եմ Լոնդոնից վերադառնալու: Դա ինձ անչափ ոգեւորում էր, ու երբ ինձ հաջողվեց մեդալ նվաճել, բոլորը հիացել էին իմ կամքի ուժի վրա:
Միշտ հիշում եմ այդ անմոռանալի օրն ու ցանկանում, որ այն նորից ու նորից կրկնվի:
Հռիփսիմե Խուրշուդյանի հետ հաղթանակը վերապրել է Հասմիկ Բաբայանը
Հռիփսիմե Խուրշուդյանի հաղթական ելույթի տեսագրությունը դիտեք այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: