Դեկտեմբեր 23, 2024
exclusive
80692 դիտում

Հայկական բասկետբոլի ապագան. Երբ ամեն ինչ միայն մեր ձեռքերում է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամռանը, երբ մարզական կյանքը համեմատաբար հանգիստ էր, Հայաստանում ակտիվություն էր տիրում: Իսկ «մեղավորը» բասկետբոլն էր: Նախ՝ Հայաստանի պատանեկան հավաքականները հաջող ելույթներ ունեցան ու տարբեր առաջնություններում մեդալակիրներ դարձան, ապա հերթը հասավ ազգային ընտրանուն:

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Երեւանում ընկերական հանդիպումներ ունեցավ ու հաղթանակներ տարավ, ապա հաջող մեկնարկեց Աշխարհի առաջնության նախընտրական փուլում:

Նրանց հաղթանակներն ու դիտարժան հանդիպումներն էլ «Միկա» մարզադահլիճում հավաքեցին հազարավոր երկրպագուների: Իսկ վերջին՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղում նույնիսկ կանգնելու տեղ չկար:


Թվում է, ամեն ինչ հարթ ու հեշտ է, սակայն Mediamax Sport«Սպորտի հակառակ կողմը» շարքում մենք բացահայտել ենք այն դժվարությունները, որոնց հետ բախվել ու բախվում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Վճարովի դահլիճ ու հեռարձակում, ֆինանսական ոչ բավարար վիճակ 

Բասկետբոլի ֆեդերացիայում այսօր մի հարց է արդիական. պե՞տք է այս մարզաձեւը Հայաստանին, թե ոչ:

«Այս ամառ Հայաստանի տարբեր տարիքային վեց հավաքական Եվրոպայի ու Աշխարհի առաջնությունների է մասնակցել, մեր այս ծրագիրը համարում ենք հաջողված: Շատ ենք ոգեւորվում, բայց ոչ ֆինանսական բազան է բավարար, ոչ էլ՝ տեխնիկականը: Եթե հասարակությունն ունի բասկետբոլի պահանջը, ապա այն կզարգանա, հակառակ դեպքում՝ ոչ»,- նշում է բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:

Երկրպագուները հաճախ չեն էլ իմանում, թե ինչպիսի խնդիրների առջեւ են կանգնում մարզաշխարհի ներկայացուցիչները: Ինչպես ասում է Պողոսյանը, նույնիսկ իրենք երբեմն չեն պատկերացնում կատարված աշխատանքի մեծությունը. «Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում: Մեր ֆեդերացիայում բոլորն աշխատել են մեծ նվիրվածությամբ ու էնտուզիազմով»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի առաջնության նախընտրական փուլի ժամանակ հանդիպած դժվարություններում Պողոսյանն առանձնացնում է հիմնական երեք կետ, որոնց առկայությունը ֆեդերացիայում չեն հասկանում:

Առաջին. «Մենք հանդիպումներն անցկացրինք նախկին «Միկա» մարզադահլիճում, որն այսօր պատկանում է ՊԵԿ-ին: Ինչպես նշվում է, դահլիճը վերանորոգվել է ու պետք է ծառայի հայկական բասկետբոլին: Սակայն ուզում եմ հարցնել, այդ դեպքում ինչո՞ւ է բասկետբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի մարզումների ու խաղերի համար գումար վճարում:

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերից նամակներ ենք գրել համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանանք դահլիճն անվճար օգտագործել, սակայն ՊԵԿ-ը մերժել է, ամեն հանդիպման ու մարզման համար մենք գումար ենք վճարել: Տարօրինակ է, որ ազգային հավաքականը մարզվում է պետական դահլիճում ու վճարում է կոմերցիոն գին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրորդ. Այս խնդիրը կապված է հեռարձակման հետ: 2016-ին Եվրոպայի փոքր երկրների առաջնության խաղերը ցուցադրում էր Հանրային հեռուստաընկերությունը:

Այս տարի եւս ցանկանում էինք նրանց հետ համագործակցել: Մայիսին, երբ արդեն հստակ ունեինք խաղերի օրակարգը, պաշտոնական նամակ ուղարկեցինք: Բավական ժամանակ անցավ մինչեւ Հ1-ից պատասխան ստացանք. այն բացասական էր:

Պատճառաբանեցին, որ շատ վաղուց կազմել են իրենց հաղորդումների ցանկը, եւ բասկետբոլի հավաքականի ելույթները հեռարձակել չեն կարող: Գիտե՞ք, երբ ինչ-որ բան անել չես ուզում, ցանկացած արդարացում էլ կարող ես գտնել:

Հանդիպումները հեռարձակեց «Կենտրոն» հեռուստաընկերությունը, իսկ նկարահանումները կատարում էր V Sport-ը, որին մենք վճարում էինք: Հետաքրքիր է չէ՞, բոլոր երկրներում հեռուստաընկերություններն են գումար վճարում այս կամ այն հանդիպումը կամ մրցաշարը հեռարձակելու համար, իսկ մեզ մոտ հակառակն է՝ ֆեդերացիան է վճարում, որպեսզի հավաքականի խաղերը ցուցադրվեն:

Երրորդ. Գործընկերների բացակայությունը: Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել տարբեր ընկերությունների հետ, որոնք խոստացել են համագործակցել, բայց դեռ առարկայական ոչինչ չկա: Պետությունը շատ քիչ գումար է տրամադրում, ընդամենը 18 մլն դրամ, որը բավարար է միայն մեկ թիմ արտասահման ուղարկելու համար: Բայց չէ՞ որ մենք ունենք մի քանի հավաքականներ, բացի այդ էլ կազմակերպում ենք Հայաստանի առաջնություններ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


ԵԱ-ի մասնակցության հարցը, մարզչի խնդիրն ու հավատը

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջիկայում հանդես է գալու 2021 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում: Խաղացանկն արդեն հայտնի է. Դանիայի ու Ալբանիայի հետ հանդիպումները կկայանան 2017-ի նոյեմբեր, 2018-ի հունվար եւ հունիս ամիսներին:

«Շատ ուրախ ենք, որ ՖԻԲԱ-ն տարվա ընթացքում հավաքականներին մի քանի խաղ անցկացնելու հնարավորություն է տալիս: Նախորդ տարի մենք Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող դարձանք, այս տարի լավ հանդես եկանք ԱԱ-ի նախընտրական փուլում, հաղթեցինք մեզնից ուժեղ ու ավելի փորձառու Սլովակիային ու Շվեդիային: Վերջին խաղում էլ բոլորիս մոտ մեծ էր հաղթանակ տանելու ու առաջ անցնելու ցանկությունը, սակայն, ցավոք, չստացվեց: Մենք այդ մակարադակին դեռ չենք հասել, անցնելու ճանապարհ ունենք, ու հավատում եմ, որ 4-5 տարի հետո կունենանք եվրոպական ուժեղ թիմ, եթե շարունակենք մասնակցությունը»,- ժպտում է Պողոսյանն ու բացատրում.

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան, որ Հայաստանի թիմը կարող է ոչ մարտական կազմով մասնակցել այս առաջնությանը: Բանն այն է, որ Հայաստանի հավաքականի անդամների մի մասը հանդես է գալիս ԱՄՆ-ի համալսարանական առաջնությունում, որը չի ենթարկվում ՖԻԲԱ-ի օրենքներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Փետրվարին տղաներին բերելն անհնար է, որովհետեւ առաջնության ամենաթեժ ժամանակն է: Նոյեմբերին նրանց թիմերն ընկերական հանդիպումներ են անցկացնում, նորից մենք պիտի հսկայական աշխատանքներ տանենք, զրուցենք մարզիչների հետ, ովքեր կամ բաց կթողնեն նրանց, կամ էլ՝ ոչ: Օրինակ՝ այս տարի հրավիրել էինք մեր լավագույն խաղացողներից մեկին՝ Անդրե Սփայթ Մկրտչյանին, որը շատ էր ուզում միանալ թիմին, սակայն նրա մարզիչը կտրականապես արգելեց գալ Հայաստան»,- բացատրում է մեր զրուցակիցը:

Երկրորդ խնդիրը՝ մարզիչն է: Նիկշա Բացվեւիչը, որի գլխավորությամբ էր մեր թիմը հանդես գալիս ԱԱ-ի նախընտրական փուլում, այս ընթացքում ակումբային աշխատանքի կանցնի ու հայտնի չէ, հավաքականի խաղերի ժամանակ նրան թույլ կտա՞ն բացակայել.

«Մենք այնքան գումար չունենք, որ մեկ տարվա կտրվածքով աշխատավարձ տանք նրան: Նորմալ երկրներում այդպես էլ վարվում են, կամ էլ հավաքականի մարզիչն աշխատում է ներքին առաջնությունում: Մեր ցավն այն է, որ ներքին առաջնությունում նման մակարդակի մարզիչ չունենք: Ուրիշ մարզիչ հրավիրելու տարբերակ էլ կա, բայց ո՞վ կհամաձայնի մեկ շաբաթ աշխատել, ընդմիջել ու մի քանի ամիս անց նորից վերադառնալ: Անկախ ամեն ինչից, ես ռոմանտիկ եմ, հավատում եմ, որ ամեն ինչ հաջող կդասավորվի»,- շարունակում է Պողոսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետական մոտեցում եւ նվիրված մարզիչների չվճարվող աշխատանք

Նա նշում է, որ գրեթե 10 տարի առաջ սկսած հսկայական գործը տալիս է իր պտուղները, հայկական բասկետբոլի հաջողություններն ակնհայտ են: Ֆեդերացիան աստճանաբար ձեռք է բերում նաեւ աջակիցներ: Ներկայումս մեծ աջակցություն ստանում են նաեւ ՀԱՕԿ-ից:

«Հիմնական աջակցությունը ստացվել է Օլիմպիական կոմիտեից, որն առաջին տարին չէ օգնում բասկետբոլին: ԱՄՆ-ում ապրող հայ կա, որը շատ է սիրում բասկետբոլ ու մեզ խնդրեց վճարել մինչեւ 20 տարեկանների հավաքականի մարզիչների աշխատավարձերը: Անչափ շնորհակալ ենք նրանից: Իսկ ահա հայաստանցի մարզիչները, ովքեր ֆեդերացիայի աշխատակիցներ են, հավաքականների հետ աշխատում են առանց վարձատրության: Նրանք ապրում են բասկետբոլով, ամռանն արձակուրդում էին, մեծ ցանկությամբ ու ոգեւորությամբ մեր թիմերին տարան միջազգային մրցաշարերի եւ մեդալներով հետ եկան: Մարզիչները, ինչպես նաեւ պատանի բասկետբոլիստները, նույնիսկ պարգեւավճար չեն ստացել ոչ այս, ոչ էլ նախորդ տարիների հաջողությունների համար»,- շարունակում է Պողոսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆեդերացիայի փոխնախագահը համոզված է, որ ցանկացած սպորտաձեւի զարգացման համար պետական մոտեցում է պետք: Եթե սպորտը հասարակության կողմից պահանջարկ ունի, ուրեմն պետությունը պետք է քայլեր ձեռնարկի այն զարգացնելու համար. «Սպորտն, իսկապես, քաղաքականություն է: Քո երկրի մասին պատմում է այն, թե որ լիգայում է հանդես գալիս ազգային թիմդ, ինչպիսի արդյունքներ է ցույց տալիս, ինչպես է պայքարում հզոր թիմերի դեմ»: 

Բասկետբոլի ֆեդերացիայում հույսը չի մարում, հավատում են, որ կհայտնվեն հովանավորներ, որոնց նպատակը կլինի այս մարզաձեւի զարգացումն ու տարածումը ողջ Հայաստանով մեկ:

«ԱՐՄՕԻԼ-ի հետ ենք համագործակցելու եւ ներկայումս ընթանում են բանակցություններ: Մեծ տեղ է տրվելու հատկապես ներքին առաջնություններին: Շուտով կհայտարարենք, թե ինչ ծրագրեր ենք կազմել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Բասկետբոլի հզոր ուժի ու մասսաներ գրավելու ունակությունը

Ֆեդերացիայում տարիներ շարունակ աշխատանքներ են տարվել տարբեր երկրներում ապրող հայազգի բասկետբոլիստներին հավաքականում ներառելու համար: Սկզբում նրանց հաջողությանը ոչ ոք չի հավատացել, սակայն կամաց-կամաց հասել են նրան, որ հիմա արդեն իրենք՝ բասկետբոլիստներն են կապ հաստատում ու խնդրում ելույթ ունենալ թիմի կազմում:

«Կայուն հաջողություն ունենալու համար պետք է մշակույթ ձեւավորվի: Սպորտային կյանքում պետք է ինչ-որ բան փոխվի, դրա մասին պետք է մտածենք բոլորս՝ կառավարություն, նախարարություն, կոմիտե, ֆեդերացիաներ ու սովորական մարդիկ: Մենք հիմա միայն մեկ հավաքական չունենք, բոլոր տարիքային խմբերում էլ կան լավ խաղացողներ, եւ ընտրության հնարավորությունն անհամեմատ մեծացել է»,- ավելացնում է Պողոսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա գտնում է, որ իրենց ամենամեծ նվաճումներից է սպորտի մասսայականացումը. «Տեսաք, թե ինչքան մարդ էր գալիս հավաքականի խաղերին: Վերջին խաղի ժամանակ կանգնելու տեղ չկար, շատերը չէին կարողացել մտնել դահլիճ: Սա է մասսայականացնում ու տարածում սպորտը, որի կարիքն այսօր մեր երկրում շատ կա: Հայաստանը չպետք է կտրվի միջազգային սպորտից, այստեղ եւս պետք է կայանան խոշոր միջոցառումներ»:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին