Դեկտեմբեր 23, 2024
exclusive
79720 դիտում

Խնդիրներ, որոնք հաղթահարում են հայ ջրացատկորդները. Մաս 1


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ջրացատկն ասոցացվում է Օլիմպիական բրոնզե մեդալակիր Դավիթ Համբարձումյանի հետ: Այս մարզաձեւում Սիրվարդ Էմիրզյանն ու Համբարձումյանը հաջողություններ են գրանցել տարբեր մրցաշարերում, այդ թվում, նաեւ Օլիմպիական խաղերում:

Ցավոք, այսօր հայկական ջրացատկում հաջողություններն ավելի պակաս են: Խնդիրներն այստեղ շատ են՝ մարզաբազայի պակասությունից մինչեւ շատ քիչ թվով մարզվողներ:

«Սպորտի հակառակ կողմը» շարքում Mediamax Sport-ը զրուցել է ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ դպրոց, կիսատ թողած մարզումներ, օդային բարձիկի բացակայություն

Ողջ Հայաստանում ջրացատկի միայն մեկ մարզադպրոց կա՝ Դավիթ Համբարձումյանի անվան: Այստեղ մարզվող երեխաների թիվը տատանվում է 50-60-ի միջակայքում, իսկ հիմնական կորիզը 15 ջրացատկորդ են: Լողավազանում մարզվելու համար անվճար իրավունք ունեն միայն հավաքականի անդամները, իսկ ահա մյուսները լողավազանի տնօրինությանն աբոնեմենտի համար ամսական 12 հազար դրամ են վճարում:

Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը խոստովանում է, որ հաճախ գումարային խնդիրների պատճառով երեխաները դադարեցնում են մարզումները, ինչը խանգարում է աշխատանքին: Նաեւ ընդգծում է, որ տնօրինությունը երբեմն աջակցում է, սակայն բոլորի համար չեն կարող դիմել:

«Փոքր երեխայի հետ պետք է շատ աշխատես ու միայն երկար ժամանակ անց կարող ես տեսնել վերջինիս հաջողությունները: Բայց եղավ դեպք, երբ 6 ամիս պարապել եմ, հասցրել որոշակի մակարդակի, իսկ հետո ծնողն էլ ի վիճակի չէր բերել մարզումների, ու այդ երեխային կորցրինք»,- փաստում է Չանդիրյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը նշում է, որ ֆեդերացիան անվճար է անցկացնում մարզումները, իսկ այն ջրացատկորդները, ովքեր հավաքականում չեն ընդգրկված՝ լողավազանի աբոնեմենտի համար են վճարում միայն:

Ջրացատկն էքստրեմալ մարզաձեւ է ու, ինչպես նշում է հավաքականի գլխավոր մարզիչը, գալիս է մի պահ, երբ երեխան սկսում է վախենալ՝ բարձրությունից կամ էլ բարդ տարրեր կատարելուց:

Ջրացատկում կա օդային բարձիկ կոչվածը: Մեծ քանակությամբ օդ են բաց թողնում, որի արդյունքում ջրի խտությունը թուլանում է: Վատ ընկնելու դեպքում ցավ չի լինում, երեխաները հեշտ են կատարում վարժությունն ու չեն վախենում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մենք այդպիսի հնարավորություն չունենք, երեխաները դաղվում են, իսկ դա ահավոր ցավոտ է, սկսում են վախենալ: Օրինակ՝ մի հոյակապ տղա ունեի, 5-6 տարի պարապեցի, արդեն 3,5 պտույտ էր անում, պատրաստում էի Եվրոպայի առաջնության: Բայց բարդ պտույտներ փորձարկելու ժամանակ շատ ուժեղ դաղվեց, աչքը վախեցավ, ինչքան խոսեցի հետը, փորձեցի համոզել՝ չստացվեց: Հիմա թողել է, ըմբշամարտ է պարապում»,- բացատրում է մարզիչը:

Զարգացած աշտարակացատկը, ոստնակների բացակայությունն ու սինքրոն թռիչքը

Չանդիրյանը խոստովանում է, որ ջրացատկն արագ տեմպերով զարգանում է. հիմա ցատկերն անհամեմատ բարդ են դարձել, սրան համապատասխան փոխվում են նաեւ բազաները, մարզական գույքը, իսկ Հայաստանում ամեն ինչ մնացել է նույնը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Գաբրիել Ղազարյանը ցավով է նկատում, որ 1990-ականներին փակվեցին ջրացատկի մարզադպրոցներն ինչպես Երեւանում, այնպես էլ մի շարք մարզերում: Իսկ միայն մեկ մարզադպրոցով շատ դժվար է:

«Այն ժամանակ ջրացատկ պարապում էին Դինամոյում, Կոմիտասի, Շենգավիթի լողավազանում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում էր ակտիվ: Հիմա միայն մեկ դպրոց կա: Բազա չունենալը շատ լուրջ խնդիր է, որը խանգարում է մեր մարզաձեւի համաչափ զարգացմանը: Հիմա արդեն պատրաստ է Օլիմպավանի լողավազանը, հուսանք, որ կկարողանանք այնտեղ մարզումներ անցկացնել»,- ասում է Ղազարյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավթաշենում կառուցված լողավազանում միայն աշտարակներ են, իսկ ահա ոստնակներ չկան: Սա եւս բացթողում է, քանի որ ոստնակացատկորդները չեն կարող մարզումներ անցկացնել: Բացի այդ էլ, ոստնակներն օգնում են աշտարակացատկին ու, ընդհանրապես, ջրացատկին: Օլիմպավանում առայժմ չկա նաեւ ջրացատկորդների համար նախատեսված մարզասրահ: Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ այժմ զբաղվում են այդ հարցի լուծմամբ:

«ԽՍՀՄ-ում այսպես էր դրված. ամեն երկիր մի ձեւում էր մասնակցում: Մոսկվան որոշել էր, որ Հայաստանը պետք է պատրաստեր աշտարակացատկորդներ: Սրա պատճառով մենք ուժեղ ոստնակացատկորդներ չունեինք: Բայց այսօր Հայաստանում նման խնդիր չկա ու միայն աշխատարակացատկով ջրացատկ զարգացնելը սխալ է: Համբարձումյանի մարզադպրոցում ոստնակներ ունենք, մարզումներ անցկացնում ենք, բայց դրանք արդեն վատ վիճակում են»,- բացատրում է հավաքականի մարզիչը:

Հայաստանի միակ մարզադպրոցում անհնար է նաեւ սինքրոն ցատկեր պարապելը: Դպրոցն, ինչպես նշեցինք, ունի ոստնյակներ, սակայն դրանք 1 մ եւ 3 մ են ու, ոչ այդքան լավ վիճակում լինելու պատճառով, մեծահասակները նորմալ չեն կարողանում մարզվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


Չանդիրյանը բացատրում է, որ սինքրոն ցատկի ժամանակ ոստնակները պետք է իրար կողքի լինեն, որ մարզիկները միասին կատարեն վարժությունը. «Եթե մենք ամեն մի ոստնակից մի հատ ունենք, ինչպե՞ս կարող ենք դա պարապել: Իսկ ահա աշտարակից թռչելու համար էլ նախատեսված է, որ դրա լայնությունը մինիմումը 3 մ լինի: Մեր լողավազանը կառուցվել է 1957 թվականին, երբ չկային սինքրոն ցատկեր, աշտարակները նեղ են կառուցված: Դրա համար էլ այս ձեւում եւս չենք կարողանում մարզումներ անցկացնել»:

Մարզչական ճիշտ աշխատանք, դահլիճի ոչ բավարար վիճակ

Այս տարի Ուկրաինայի բաց առաջնությունում եւ Մադրիդի Գրան Պրիում Վլադիմիր եւ Ազատ Հարությունյանները, սակայն, սինքրոն ցատկով հանդես եկան ու կարողացան մեդալներ նվաճել: Ղազարյանն ասում է, որ տղաները ծառայության պատճառով երկար ժամանակ չէին մարզվել, սակայն մինչ մրցումները շատ են աշխատել ու գրանցել են նման հաջողություն:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այսպիսի պայմաններով հաջողությունների հասնելն առաջին հերթին մարզչական ճիշտ աշխատանքի շնորհիվ են լինում: Երկրորդը՝ իհարկե մեր տղաների, որոնք չեն վհատվում ու շարունակում են անընդհատ պարապել»,- նշել է նա:

Ջրային մարզաձեւերում հաջողություններ գրանցելու համար հսկայական մարզումներ արվում են լողավազանից դուրս: Ճկունություն, արագություն ու լավ կորդինացիա ունենալու համար ջրացատկորդը պետք է ապահովված լինի նաեւ մարզադահլիճով: Դավիթ Համբարձումյանի անվան դպրոցում դահլիճ կա, սակայն այն եւս չի համապատասխանում այսօրվա պահանջներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դահլիճում բատուտ կա, բայց առաստաղի բարձրությունը ցածր է: Փոքրիկները կարողանում են այնտեղ մարզվել, քանի որ դեռ շատ բարձր չեն ցատկում, իսկ ահա մեծահասակները չեն կարողանում, որովհետեւ ուժեղ հրվելու դեպքում կբախվեն առաստաղին:

Շարունակելի

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան, Էմին Արիստակեսյան, Գրիգոր Եփրեմյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին