Դեկտեմբեր 23, 2024
exclusive
99820 դիտում

Ըմբշամարտի խնդիրները. Ցուրտ մարզադահլիճներից մինչեւ լեգիոներներ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ըմբշամարտը հենակետային մարզաձեւերի թվում է, արդեն տասնամյակներ շարունակ հայ ըմբիշները չեն դադարում մեդալներ նվաճել ու փայլել միջազգային գորգերում:

Ազատ ոճը զգալիորեն հետ է մնացել հունահռոմեականից ու սկսել զիջել արդյունքերի քանակով: Սակայն որքան էլ նման ու տարբեր լինեն ըմբշամարտի այս երկու ձեւերը, մեր երկրում նրանք միանման բազմաթիվ խնդիրներ ունեն:

Դրանց մասին էլ Mediamax Sport-ը զրուցել է Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչներ Լեւոն Ջուլֆալակյանի եւ Արայիկ Բաղդադյանի հետ:

Մարզիկների թվի նվազումը

Հոկտեմբերին մի քանի օրվա տարբերությամբ Երեւանում ու Վանաձորում կայացած Հայաստանի առաջնությունները ցույց տվեցին, որ մեր երկրում ըմբիշների թվաքանակի լուրջ խնդիր կա: Հունահռոմեականներից առաջնությանը մասնակցեցին 65, իսկ ազատներից՝ 95 ըմբիշ:

Դա մտահոգվելու մեծ առիթ տվեց առաջին հերթին գլխավոր մարզիչներին: Ջուլֆալակյանը համարում է, որ ամեն մարզիչ պետք է առնվազն 2 մարզիկ պատրաստի, այդ դեպքում հնարավոր կլինի գոնե 150 մասնակից ապահովել:  «Այս հարցին պետք է լուծում տալ, մեր ղեկավարությունը կոնկրետ պահանջներ պետք է դնի, մոտեցումն ավելի խիստ լինի: Ինչքան էլ ցանկանանք հավաքականն ուժեղացնել, դժվար է քիչ քանակի մեջ որակ փնտրել»,- կարծում է նա

Լուսանկարը` Մեդիամաքս


Բաղդադյանն էլ ընդգծում է, որ ըմբշամարտում առանց մրցակցության հնարավոր չէ արդյունք ակնկալել, որակյալ մարզիկներն ի հայտ են գալիս միայն միմյանց դեմ մրցելով.

«166 մարզիչ ունենք, եթե առաջնությանը 95 մարզիկ է մասնակցել, պատկերացրեք ինչ վիճակ է տիրում: Պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար»:

Մարզային խնդիրները

Ըմբշամարտը հիմնականում կենտրոնացած է Երեւանում եւ մի քանի մարզերում, ամբողջ երկրի տարածքով այն համաչափ զարգանալու հնարավորություն չունի:

Հունահռոմեական թիմի գլխավոր մարզիչն էլ է բողոքում նեղ աշխարհագրությունից: Մարզաձեւը հիմնականում մի քանի մարզերում է զարգացած, միշտ էլ իր լավ ու տիտղոսակիր ըմբիշներով աչքի է ընկել Գյումրին, խմբեր կան Արմավիրում, Դիլիջանում ու Թալինում:

Նմանատիպ վիճակ է տիրում նաեւ ազատ ոճի ըմբշամարտում: Լավ ըմբիշներով կրկին աչքի են ընկնում Գյումրին, Վանաձորն ու Արտաշատը, սակայն մարզերում էլ պակասում են լավ դահլիճները: Դրանք հիմնականում համայնքային վերահսկոության տակ են ու գործում են մարզպետարանների ֆինանսավորմամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եղել եմ բոլոր դահլիճներում, որոշ տեղերում նույնիսկ գորգ, ջեռուցվում կամ տաք ջուր չկա: Նման պայմաններում ձմեռային ամիսներին դադար է լինում: Ըմբշամարտն այն մարզաձեւերից չէ, որ մի քանի ամիս չմարզվելու դեպքում արդյունք լինի: Մինչդեռ ըմբիշները կորցնում են մարզավիճակը: Մոտ 6 ամիս է պահանջվում հին վիճակին վերադառնալու համար: Աճ արձանագրելու մասին նման իրավիճակում անգամ հնարավոր չէ խոսել»,- ընդգծում է Բաղդադյանը:

Զինվորական ծառայությունը

Որքան էլ ցավալի է, բայց շատ հաճախ, զինվորական ծառայության մեկնելուց հետո, մարզիկները սպորտ չեն վերադառնում: Պաշտպանության նախարարության զինվորական վաշտում ծառայելու իրավունք սովորաբար ստանում են Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում մինչեւ 6-րդ տեղը զբաղեցրած մարզիկները: Ծառայելուն զուգահեռ, նրանք կարողանում են մասնակցել ուսումնամարզական հավաքների ու մեկնել մրցումների:

«Բայց լավ գիտակցում ենք, նման արդյունք ցույց տալը մի քիչ բարդ է, ու շատ տաղանդավոր տղաներ չեն կարողանում տեղ գտնել այդ վաշտում: Ես կողմնակից եմ, որ ծառայելը պարտադիր է, ու տղաները զինվորական պատրաստվածություն պետք է ունենան, սակայն մյուս կողմից էլ տուժում է սպորտը»,- ասում է Ջուլֆալակյանը:

Ոչ բոլոր մարզիկներն են, որոնք մինչեւ զորակոչվելն են լավ արդյուներ ցույց տալիս, շատերի դեպքում տաղանդը սկսում է  դրսեւորվել ավելի ուշ տարիքում: Մարզիչները, որպես լավագույն օրինակ, Եվրոպայի,  Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին են բերում:

Արայիկ Բաղդադյանն էլ համարում է, որ իրենք կորցնում են այն ըմբիշներին, որոնք սկսում են արդյունքներ ցույց տալ 19 կամ էլ 20 տարեկանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բոլորս էլ գիտենք, թե սահմանին ինչ է կատարվում ու բանակին զինվորներ են պետք: Պաշտպանության ու սպորտի նախարարությունները միշտ էլ աջակցել են մեզ՝ թույլ տալով մարզական վաշտ ուղարկել 4-5 հոգի: Այդքանով սակայն հարցը չի լուծվում, թիմը չի կարողանում լիարժեք մարզվել»,- գործընկերոջ ասածին ավելացնում է  Բաղդադյանը:

Ֆինանսական խնդիրներն ու փորձի փոխանակումը

Ինչպես եւ ցանկացած բնագավառում, սպորտում եւս շատ կարեւոր է ֆինանսական աջակցությունը: Ջուլֆալակյանը համարում է, որ մարզիչները պետք է նորմալ վարձատրություն ստանան, որպեսզի կարողանան մտածել միայն իրենց աշխատանքի մասին.

«Հաջողության հասած ըմբիշների մարզիչները լավ վարձատրվում են, բայց միայն ֆեդերացիան չի կարող բոլորին գումար հատկացնել: Պետք է քաղաքապետարանները, մարզադպրոցները նույնպես աշխատանք տանեն այս ուղղությամբ»:

Բաղդադյանն էլ է գտնում, որ մարզիչների աշխատավարձը շատ ցածր է ու նվազագույն պայմաններն ապահովված չեն: Շատ մարզիչներ 2 տեղում են աշխատում, արդյունքում երկուսն էլ տուժում են:

«Մեկ օրվա մեջ 2 մարզում անելը շատ դժվար է: Առաջինը չավարտած մարզիչը շտապում է մյուսին, պատկերացրեք, թե արդյունքում ինչ է ստացվում: Քայլեր ենք ձեռնարկում, որ նույն գումարը ստանա, բայց մեկ տեղում աշխատի»:

Հավաքականների մարզիչներն ամեն ինչ անում են, որ իրենց փորձով կիսվեն ու հմտությունները փոխանցեն նաեւ մյուս մասնագետներին: Լեւոն Ջուլֆալակյանը միշտ հայտարարում է, որ հավաքականի մարզումների ժամանակ դռները բաց են, ու ցանկացած մարզիչ կարող է ներկա լինել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հունահռոմեական ոճի ըմբշամարտը Հայաստանում շատ լավ դիրքերում է, մենք արդյունք ցույց տվող երկիր ենք: Շատերը գալիս են, խորհուրդներ են հարցնում, ես փոխանցում եմ իմ փորձը, կիսվում գիտելիքներով»,- ասում է մարզիչը:

Արայիկ Բաղդադյանն էլ ապագայի հետ կապված ծրագրեր ունի: Նա ցանկանում է մարզչական հավաքներ կազմակերպել, որոնց ընթացքում հնարավորություն կընձեռնվի հետեւել հավաքականի պարապմունքներին, ծանոթանալ տեխնիկա-տակտիկական հնարքներին, արագ փոփոխվող ազատ ոճի ըմբշամարտի կանոններին:  

«Ամեն մեկն իր չափավ աշխատում է, բայց բոլոր նրբությունները չգիտեն: Բացի այդ էլ շատ է ընկել մարզիչների որակը, ի տարբերություն հունահռոմեական ոճի, ունենք կամ շատ մեծ տարիքի կամ էլ երիտասարդ մարզիչներ: Մոտ 70 տարեկանի հասնող մասնագետներից մեծ արդյունքներ սպասել չի կարելի, նրանք արդեն չունեն այն եռանդն ու աշխատասիրությունը, որը պետք է երեխաների հետ աշխատելու համար:  Իսկ երիտասարդ մարզիչները դեռ նոր են սկսում իրենց գործունեությունը»,- շեշտում է Բաղդադյանը: 

Սերնդափոխությունը

Սպորտում սերնդափոխությունը մշտապես է տեղի ունենում: Ամեն անգամ մեր թիմերի մարզումներին այցելելիս մի քանի նոր ըմբիշներ ենք նկատում: Նրանք փորձում են ապացուցել մարզիչներին, որ հենց իրենք պետք է ներկայացնեն մեր երկիրը միջազգային հարթակներում:

Սակայն մինչ այդ հարթակներին հասնելը, մարզիչները հսկայական աշխատանք են կատարում: Ջուլֆալակյանը նշում է, որ հիմա էլ հավաքականը երիտասարդներ են համալրել, բայց դեռ աճելու շատ տեղ ունեն:

«Մենք աշխատանքից երբեք էլ չենք վախեցել ու խուսափել, համոզված եմ, որ ամեն ինչ կարելի է կարգավորել»:

Հենց Ջուլֆալակյանը հեռանկարային մարզիկ է տեսնում, ընդգրում է թիմի հավաքներին, որովհետեւ համոզված է, որ մի քանի տարի անց նա էլ է արդյունքներ ցույց տալու: Այդ նույն ճանապարհով են անցել բոլոր հայտնի ըմբիշները՝ Ռոման Ամոյանից մինչեւ Արթուր Ալեքսանյան: 

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հաճախ ենք պատանիների ու երիտասարդների հետ համատեղ հավաքներ անում: Նրանք, մեծահասակների հետ շփվելով, հասկանում են, որ պետք է պարտաճանաչ լինեն, ոգեւորվում են, ձգտում են շատ բաներ սովորել, մեծերից խորհուրդներ են հարցնում»,- ավելացնում է նա: 

Թիմի կազմն ամբողջովին երիտասարդացրել է Արայիկ Բաղդադյանը: Հավաքականում ամենաավագը 24 տարեկան է, մարզիչը մեծ հույսեր է կապում նրանց հետ ու ակնկալում, որ այդ ըմբիշները կկարողանան մասնակցել 2020-ի Տոկիոյի Օլիմպիադային:

«Պետք է շանս տալ նրանց ու ավելի շատ մրցումների տանել: Եթե ըմբիշը մրցումների չի մասնակցում, ինչքան էլ տաղանդավոր լինի, արդյունքի չի հասնի»:

Հետագա աշխատանքները

Ազատ ոճում, սակայն, խնդիրներն անհամեմատ ավելի շատ են: 4 մարզիկով Օլիմպիական խաղեր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում երկուսը լեգիոներներ էին:

Բաղդադյանը նշում է, որ իրենց ձեւում լեգիոներներ հրավիրելն ընդունված է, սակայն միանշանակ կցանկանար, որ հայ մարզիներն ավելի ուժեղ լինեին ու այլազգի ըմբիշների կարիք չունենային:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ինձ էլ հաճելի չէ, որ Վրաստանից ու այլ երկրներից լեգիոներներ բերենք: Միշտ ծանր քաշայինների խնդիր ենք ունեցել, մերոնք շատ փոքրամարմին են: Ազատ ոճի ըմբշամարտը շատ արագ է զարգանում, պետք է հասցնել նրա հետեւից»:

Մարզիչը նշում է, որ հաջորդ տարվանից 1-2 մարզադահլիճներ հիմնովին կվերանորոգվեն, գորգ կտրամադրի եւ ջեռուցման հարցը կլուծվի:

«Դա է մեր միակ ուղին մարզաձեւը զարգացնելու համար: Պետք է ուշադրություն դարձնել մանկապատանեկան ըմբշամարտին: Ես չեմ կարող շարքայինից մեծահասակների մրցանակակիր դարձնել: Մարզիկը պետք է ճանապարհ անցնի ու հաղթողի հոգեբանություն ունենա»:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին