Դեկտեմբեր 09, 2024
exclusive
85974 դիտում

Աթլետիկան ասֆալտի ու կաթացող տանիքի տակ մարզվելու արանքում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում աթլետիկան այն մարզաձեւերից է, որով զբաղվելու համար համապատասխան պայմանները կամ շատ չնչին են, կամ ընդհանրապես չկան:

Ցանկացած մարզաձեւ զարգացնելու ու նաեւ արդյունք ակնկալելու համար պետք է լինեն մարզվելու վայրեր, որոնք էլ պետք է ապահովված լինեն մարզագույքով: Հայ աթլետները, ցավոք, ոչ միշտ են կարողանում իրենց նման «շռայլություն» թույլ տալ:

Mediamax Sport-ը «Սպորտի հակառակ կողմը» նախագծում այս անգամ անդրադարձել է աթլետիկային, զրուցել ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի հետ:

Աթլետիկայի խնդիրները բարձրացվել են բազմիցս, բայց «սայլը» տեղից չի շարժվում

Այնպիսի պայմաններ, ինչպիսիք կան այսօր մեր երկրում, ցավոք, բավարար համարել չի կարելի: Վազքուղի, աթլետիկական կամ էլ ցատկերի  համար նախատեսված հատվածներ Երեւանում ու մյուս քաղաքներում չափազանց ցածր մակարդակի են:

Ինչպես նշեց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը, մարզվելու համար ամենալավ վայրը «Սպարտակ» մարզահամալիրն ունի:

«Սպարտակը» վերանորոգել են գրեթե 10 տարի առաջ: Բայց այսօր այն այդքան էլ բարեկարգ տեսք չունի, փոխված ծածկույթն անորակ էր ու հիմա քայքայվել է: Ամեն անգամ խոսք են տալիս, թե հաջորդ տարի կունենաք նորմալ մարզումային պայմաններ, սակայն մինչ այսօր ոչինչ էլ չի փոխվել: Գիտեք, ճիշտ ու լավ մարզվելու համար ցատկորդին հարկավոր է հատված, նետորդին՝ նորմալ կահավորված բաժին, որպեսզի անվտանգ աշխատի, ու մարզիչն էլ կարողանա նորմալ պլանավորել մարզումները: Խնդիրները բարձրացվել են բազմիցս, բայց «սայլը» տեղից չի շարժվում, ու ամեն մի խոստում այդպես էլ մնում է չիրագործված»,- ասաց Հայրապետյանը:



Միշա Հայրապետյանը նշում է, որ Հայաստանը, լինելով պատերազմական վիճակում գտնվող երկիր, պարտավոր է պատրաստել առողջ ու մարզված սերունդ:  Իսկ դրա համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծել, սակայն այսօր, ըստ նրա, եղածն էլ կորցնում ենք. «Սպարտակում»  անցած տարի անձրեւների ժամանակ հնարավոր չէր լինում մարզվել, միայն այս գարնանն են նորոգել տանիքը: Ձմռանն ողջ Երեւանում միայն այստեղ են մարզվում, այնքան շատ են երեխաները, որ մեկը մյուսին խանգարում է»:

Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը նույնպես մտահոգ է մեր երկրում առկա խնդիրներով ու փորձում է տարբեր միջազգային ծրագրերի մասնակցելով՝ օգուտ բերել հայկական աթլետիկային:

«Մեր ֆեդերացիան դարձել է միջազգային ծրագրի մասնակից, որի շնորհիվ Հայաստանին տրամադրվել է աթլետիակական 10 կոմպլեկտ: Սա մենք  բաժանել ենք բոլոր մարզային ֆեդերացիաներին, վերջիններս էլ օգտագործում են մեր պատանի մարզիկների պարապմուքների ժամանակ: Շատ եմ ցանկանում, որ հայ աթլետներն էլ հնարավորություն ունենան ասֆալտի փոխարեն անհրաժեշտ պայմաններում մարզվել, դրա համար էլ փորձում եմ իմ ու իմ թիմի աշխատանքի շնորհիվ պայմաններ ստեղծել նրանց համար»,- ավելացրեց Էմմիյանը:

Մասնագետները նշում են, որ չունենալով տարրական պայմաններ, Հայաստանը տվել է Եվրոպայի չեմպիոն: Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հաղթող դարձավ Լեւոն Աղասյանը, որը այս տարի էլ Աշխարհի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը:

«Սա ուղղակի հերոսություն էր նրա կողմից, սակայն մի հոգով աթլետիկան չի բնութագրվում: Աթլետիկան 47 Օլիմպիական մրցաձեւ ունի, բնական է, որ հավաքականն էլ պետք է ունենա է մեծ կազմ, ու սահմանափակվել մեկով, նշանակում է ոչինչ չանել»,- փաստեց Հայրապետյանը:

Հույս կա, որ «Հրազդանում» միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կկառուցվի

Աթլետիկայով զբաղվելու համար համապատասխան պայմաններ չկան նաեւ մարզերում ու, ինչպես նշում է հավաքականի գլխավոր մարզիչը, իրենք պարզապես «յոլա են գնում»:

«Օրինակ՝ Վանաձորը լավ մանեժ ունի, սակայն ձմեռային պայմանները բացակայում են: Ջեռուցման սարքը ցրտից պայթել է ու մինչեւ հիմա չի նորոգվել: Մենք պլանավորում էինք այնտեղ հավաք անել, սակայն ցուրտ պայմաններում հնարավոր չէ մարզվել: Գյումրիում ամռանը ստադիոնում մի կերպ էլի մարզվում են, իսկ ձմռանն առհասարակ պայման չկա, ստիպված ֆիզկուլտուրայի դահլիճում են պարապում: Օլիմպիական խաղերի մասնակից նիզականետորդ Մելիք Ջանոյանը մի կերպ գործիքներ ձեռք բերեց, անընդհատ չարչարվում էր, բայց եթե նետման տեղ, վազքուղի չունի, ինչպե՞ս պետք է մրցման պատրաստվի: Հիասթափվեց այս ամենից ու այս տարի մրցումների չմասնակցեց,- ցավով նշեց Հայրապետյանը:

Նրա խոսքով, Կապանը խաղային դահլիճ ունի, ինչքան հնարավոր է այդպիսի դահլիճում մարզվել, անում են: Ամռանն էլ մի ուրիշ խնդիր է առաջ գալիս: Կապանի ստադիոնը սեփանաշնորհված է, ու իրենց հայեցողությամբ են թույլ տալիս այնտեղ մարզվել: Տրամադրում են օրվա մեջ 2-3 ժամ, իսկ նորմալ մարզումներ անցկացնելու համար պետք է առնվազն 5-6 ժամ պարապել:



Բազմաթիվ խնդիրների առաջ կանգնած հայկական աթլետիկան իր ենթակառուցվածքով բավական հետ է մնացել, այն չի կարող համեմատվել նույնիսկ հարեւան երկրների հետ: Որպես օրինակ Հայրապետյանը բերում է Վրաստանը, որն այս ամռանն ընդունել էր Եվրոպայի թիմային առաջնությունը: Այդ ժամանակ Թբիլիսիի «Դինամո» ստադիոնի ծածկույթն ամբողջովին փոխել է, հսկայական քանակությամբ նոր գույք է ներկրվել. «Հույս ունենք, որ մյուս տարի «Հրազդան» ստադիոնի հարցը կլուծվի ու գոնե մրցումային պայմաններ կունենանք, կարող ենք նաեւ հավաքականի մարզումներն անցկացնել»: 

Ըստ Ռոբերտ Էմմիյանի, «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշների համապատասխան վազքուղի է կառուցվելու, որը համապատասխանելու է աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի բոլոր պահանջներին: Նրա խոսքով, ինքը պայմանավորվածություն է ձեռք բերել ստադիոնի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ: Վերջինս վստահեցրել է, որ մարզումների ու մրցաշարերի հետ անցկացման ոչ մի խնդիր չի առաջանա:

«Եթե անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի միջազգային մրցաշարեր կազմակերպեմ Հայաստանում: Սա կնպաստի ոչ միայն աթլետիկայի զարգացմանը, այլեւ մեր երկրի պրոպագանդմանը: Ճիշտ է, հիմա մենք լավ պայմաններ չունենք, բայց ես շնորհակալ եմ ֆեդերացիայի աշխատակիցներից, ովքեր ամեն ինչ անում են մարզաձեւի համար: Մեր մարզիկները մասնակցում են տարբեր մրցաշարերի ու առաջնությունների, փորձում են բարձր պահել մեր երկրի պատիվը: Սակայն երբեմն հրաժարվում ենք մեկնել ինչ-որ տեղ ֆինանսական ու այլ խնդիրների պատճառով»,- ասաց Էմմիյանը:

Մարզիչների աշխատավարձը 50 հազարից դարձվել է  90-97 հազար դրամ

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան պետբյուջեից ստանում է տարեկան 21 մլն դրամ, որը բավարարում է ընդամենը մի քանի միջոցառում անցկացնելու համար: Մյուս ծախսերը կատարվում են այլ տեղերից հայթհայթած գումարներով:

«Ես ֆեդերացիան ղեկավարում եմ չորս տարի, այդ ընթացքում ֆրանսիացիների հետ պայմանագիր ենք կնքել, ըստ որի ամեն տարի կարեւոր մրցաշարերից առաջ մեր մարզիկներն այնտեղ հավաքներ են անցկացնում: Շատ եմ ցանկանում, որ մեր երկրի բոլոր քաղաքներում  աթլետիկայով զբաղվելու համար լավ պայմաններ լինեն»,- ասաց Էմմիյանը: 

Մասնագետները նշում են, որ չնայած այս պայմաններին, իրենք շարունակում են աշխատել ու իրենց գիտելիքը փոխանցել երիտասարդներին: Կան բազմաթիվ խոստումնալից մարզիկներ, որոնք համապատասխան պայմաններ ունենալու դեպքում կարող են արդյունքների հասնել:



«Դրական քայլ է, որ մարզիչների աշխատավարձը 50 հազարից բարձրացրին ու այսօր ստանում ենք  90-97 հազար դրամ: Ճիշտ է, այս գումարն էլի այսօրվա կյանքի հետ համահունչ չէ, բայց ամեն դեպքում գոնե մի քիչ ավել է: Չնայած մարզիչներ ունենք, ովքեր անտեսում են գումարը ու աշխատում են մեծ նվիրումով»,- ասաց Միշա Հայրապետյանը:

Այսօր Հայաստանում աթլետիկայով զբաղվում է շուրջ 2500 մարզիկ ու գործում է 10 դպրոց: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության որոշմամբ, Աշխարհի առաջնությունում 1-24-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, այդ թվում եւ աթլետներին, ամսական թոշակ է տրվում: Նախկինում աթլետիկայի ֆեդերացիան հանրապետության լավագույն երեք աթլետներին պարգեւատրում էր, բայց արդեն մի քանի տարի է ֆինասնսական սղության պատճառով դա էլ չի անում:

Հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը, ում ռեկորդը (8,86 մ) մինչ այսօր Եվրոպայի առաջնություններում չի գերազանցվել, երազում է, որ մեր երկրում աթլետիկայի բոլոր ձեւերն էլ զարգացած լինեն:

«Պետք է միշտ առաջ նայել ու չընկճվել: Ես կյանքում շատ մեծ նվաճումների եմ հասել, բազմաթիվ ռեկորդներ սահմանել, բայց նաեւ մեծ դժվարությունների միջով եմ անցել, երկրաշարժի հետեւանքով շատ հարազատ մարդիկ եմ կորցրել, բայց երբեք չեմ հանձնվել ու դրական եմ մնացել: Հիմա էլ ես հավատում եմ, որ մեր երկրում աթլետիկան կրկին վերածնվելու է»:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին