Դեկտեմբեր 23, 2024
exclusive
79781 դիտում

Մասնագետների պայքարի շնորհիվ է սպորտը «մաքուր» մնում

Այս անգամ դուք կիմանաք, թե Հակադոպինգային միջազգային գործակալությունն ինչ պայքար է ծավալում դրանց դեմ, արգելված նյութերի քանի դաս կա ու ինչպես դրանք հայտնաբերել:

Լուսանկարը` sports.inquirer.net

Լուսանկարը` usada.org

Լուսանկարը` wired.co.uk

Լուսանկարը` wired.co.uk

Լուսանկարը` en.ria.ru

Արեգ Հովհաննիսյանը
Արեգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարեկան հարյուրավոր մարզիկներ են խաչ քաշում կարիերայի վրա, վատացնում առողջությունը, հեղինակազրկում իրենց անունը: Ու այդ ամենի պատճառը, իհարկե, արգելված նյութերի օգտագործումն է, որն եղել ու շարունակում է համարվել սպորտի ամենամեծ չարիքներից մեկը:

Սպորտն իսպառ դոպինգից ձերբազատելու համար դեռ շատ ջանքեր, գումար ու ժամանակ կպահանջվի, եւ անգամ հայտնի էլ չէ, թե հնարավոր է հասնել նման արդյունքի:

Mediamax Sport-ը  «Սպորտի չարիքները»  հոդվածաշարի 2-րդ մասում շարունակում է անդրադառնալ արգելված նյութերին: Այս անգամ դուք կիմանաք, թե Հակադոպինգային միջազգային գործակալությունն ինչ պայքար է ծավալում դրանց դեմ, արգելված նյութերի քանի դաս կա ու ինչպես դրանք հայտնաբերել:

Մարզիկներին արդարացնելու մեխանիզմներն անընդհատ ավելի են հեշտանում

Միջազգային հակադոպինգային գործակալությունը փորձում է ամեն ինչ անել մարզիկներին այդ չարիքից հեռու պահելու համար: Վերջերս ՀՀԳ-ի կոնգրեսը ներկայացրել է հակադոպինգային օրենսգրքի նոր խմբագրությունը, որը սկսելու է գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Հիմնական փոփոխությունների թվում է որակազրկման ժամկետի ավելացումը, որն այսուհետ կազմելու է 4 տարի, եթե մարզիկը չկարողանա ապացուցել, որ միտումնավոր չի օգտագործել արգելված նյութեր:

Հայաստանի Ազգային հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը համարում է, որ ՀՀԳ-ն անընդհատ կանոններն ավելի մեղմ է դարձնում՝ որակազրկման ժամկետը քչանում է, ու ավելի շատ մեխանիզմներ կան մարզիկներին արդարացնելու, երբ նա մեղավոր չէ.

«Հակադոպինգային գործակալությունն աշխատում է  նրա համար, որ պաշտպանի «մաքուր» մարզիկներին: Խստացումները նոր կանոնադրությամբ երկուսն են: Նախկինում մարզիկը ցանկացած մեծ միջազգային մրցաշարից 6 ամիս առաջ պարտավոր էր տեղեկացնել, թե որտեղ է գտնվում, որ իրեն ստուգեն, բայց առանձին ֆեդերացիաներ այդ ժամկետը կարող էին պակասացնել: Օրինակ, Տիգրան Մարտիրոսյանը Եվրոպայի առաջնությունից միայն 4 ամիս առաջ է վերսկել մարզումները. միջազգային ֆեդերացիան հաշի առնելով, որ այդ մարզիկը լավ արդյունքներ ունի՝ թույլ է տվել մասնակցել մրցաշարին: Նախկինում այդպիսի բան լինել չէր կարող»:



Կանոնների 2-րդ խստացումը հետապնդումն է, երբ խիստ վերահսկողություն է իրականացվում մարզիկների նկատմամբ: Իհարկե, մեր երկրում այդ կանոնը չի գործում, այն այդքան էլ չի համապատասխպանում մեզ, մանավանդ որ Հայաստանն այդքան էլ մեծ չէ, ու բոլորը ճանաչում են իրար: Սակայն այլ է պատկերն արտերկրում: Օրինակ, եթե Չինաստանում մարզիկը դեղատնից որեւէ դեղ է գնում, շատ հնարավոր է՝ հակադոպինգային գործակալությանն այդ մասին տեղեկացնեն, ու արդյունքում մարզիկը ստուգման ենթարկվի: ԱՄՆ-ում շատ ավելի խիստ է այդ տեսանկյունից. եթե մարզիկը կասկածելի ցանկում է հայտնվում, ոստիկանության հետ հատուկ պայմանավորվածության արդյունքում կարող են լսել նրա բոլոր խոսակցությունները, կարդալ հաղորդագրությունները, կամ էլ ոստիկան վարձել՝ հետեւելու համար:

Հովհաննիսյանը նշում է, որ Հայաստանում վերահսկողություն իրականացնելու համար շատ կարեւոր է հետեւել բժիշկների խորհուրդներին ու ունենալ այնպիսի պարտաճանաչ մարզիկներ, ինչպիսիք են ըմբիշները: Ըստ մասնագետի, անկախ նրանից, թե աշխարհի որ հատվածում են գտնվում նրանք, նույնիսկ վիտամին գնելիս բժիշկների հետ խորհրդակցում են ու թույլտվություն ստանալու դեպքում միայն դրանք ձեռք բերում:

«Հայաստանի ըմբշամարտի հավաքականների մարզիչները շատ ճիշտ են աշխատում մեզ հետ, հիմա արդեն այդպես է նաեւ ծանրամարտի հավաքականում»,- նշում է Հովհաննիսյանը:

Տարեկան 130 հազար մարզիկ է ստուգման ենթարկվում

Գոյություն ունի արգելված նյութերի 7 դաս. միշտ արգելված են համարվում  անաբոլիք-ստերոիդները (որոշակի հորմոններն են, որոնք արյան կարմիր գնդիկների քանակությունն են ավելացնում կամ թթվածին կլանելու ունակությունը մեծացնում), միզամուղները, բետա-ագոնիսները (փակում են այն կենսաբանական մոլեկուլները, որոնք կլանում են անաբոլիք-ստերոիդները): Որակազրկված մարզիկների մոտ 52 տոկոսն անաբոլիք-ստերոիդներ են օգտագործում: Իսկ տարեկան ստուգման է ենթարկվում մոտ 130 հազար մարզիկ:

Խթանիչները միայն մրցումների ժամանակ են արգելված, ու դրանց մեջ են մտնում  բոլոր թմրանյութերը: Խթանչները հայտնաբերելը շատ հեշտ է, դրան օգնում են հատուկ ստրիպերը, որոնք մրցումների ժամանակ մեզի մեջ մտցնելու դեպքում ցույց են տալիս դրանց առկայությունը:

Արեգ Հովհաննիսյանի խոսքով, արգելված նյութերի միայն մեկ դաս կա, որը դժվար է հայտնաբերել: Մնացած նյութերի հայտնաբերումն ավելի հեշտ է:

Ամեն տարի հրապարակվում է արգելված նյութերի ցուցակը, որը Հայաստանի ազգային հակադոպինգային գործակալությունը տպած ու թարգմանված տարբերակով ներկայացնում է բոլոր ֆեդերացիաներին:

«Արգելված նյութերը մեծ վնաս են հասցնում օրգանիզմին: Այսօր արգելված է աճի հորմոնը, որը բացարձակ չի օգնում արդյունքները լավացնել: Երկրորդն այն նյութերն են, որոնք օգնում են բարձրացնել մարզական արդյուքնները: Դրանք անաբոլիք- ստերոիդներն են, որոնք չափազանց վնասակար են, բայց ունակ են մարդու արդյունավետությունը 50 տոկոսով ավելացնել: Արգելվածների թվում են նաեւ այն նյութերը, որոնք խանգարում են լաբորատորիային ճիշտ փորձաքննություններ կատարել: Դրանք խանգարում են ստուգել անաբոլիքների առկայությունը օրգանիզմում»,- նշում է Հովհաննիսյանը:

Կան նյութեր, որոնք պակաս արդյունավետ են, ու բժշկի հետ խորհրդակցելու դեպքում հնարավոր է չբռնվել: Դրանք հիմնականում շատ արագ ազդող նյութերն են: Դրա համար էլ միջազգային հակադոպինգային գործակալությունը բոլոր նյութերը 2 խմբի է բաժանում՝ միշտ ու մրցումների ժամանակ արգելվածների: Խթանիչները 24 ժամվա ընթացքում օրգանիզմից դուրս են գալիս, բայց մարզումների ժամանակ դրանք օգտագործելն իմաստ չունի: Մարզիկները կարող են նաեւ սննդային հավելումներ օգտագործել, որոնց մեջ հնարավոր է արգելված նյութեր լինեն, ու իրենք էլ չիմանալով՝ զոհի կարգավիճակում հայտնվեն: Նման դեպք տեղի է ունեցել նաեւ հայ մարզիկի հետ:



Այդ պատճառով էլ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս սննդային հավելումները զգուշորեն օգտագործել: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շատ հայտնի ընկերության հետ է աշխատում, որն որակյալ սննդային համելումներ է արտադրում: Այն Մոսկվայում է գտնվում, ու ցանկացած հավելում գնելուց հետո հակապոդինգային լաբորատորիայում ստուգում են կատարում, որպեսզի արգելված նյութեր չպարունակի:

Այդպիսով, անընդհատ պայքար է ընթանում «լավ ու վատ» մասնագետների միջեւ, մի մասը գտնում է նորանոր եղանակներ անարդար ճանապարհով արդյունքների հասնելու, մյուսը՝ պայքարում սպորտի անաղարտությունը պահպանելու համար:

Երկու տարի առաջ պայմանագիր է կնքվել դեղագործական մեծ ընկերությունների հետ, որոնք արգելված նյութեր են արտադրում: Նրանք նմանատիպ դեղեր արտադրելու դեպքում դրանց բաղադրությունը փոխանցում են Քյոլնի, Փարիզի ու Մոսկվայի լաբորատորիաներին, որպեսզի մշակվի որոշման մեթոդիկան:

Օլիմպիադայից առաջ հայ մարզիկները առնվազն 3 անգամ ստուգման են ենթարկվում

Գոյություն ունի հատուկ կենսաբանական անձնագիր, որտեղ գրանցվում են դոպինգ-ստուգումների արդյունքները: Որոշակի ցուցանիշ կա, որը 4-ից բարձր չպետք է լինի: Եթե մարզիկը մի քանի անգամ նմուշ է հանձնում, ու այն խիստ տատանվում է, օրինակ՝ 0.8, 1, 1.5, 1.7 ու հանկարծ դառնում է  3.5, ապա Միջազգային հակադոպինգային գործակալությունը մարզիկին սեւ ցուցակի մեջ է մտցնում, ու նրան կարող են շաբաթը մեկ ստուգել:

Ըստ Հովհաննիսյանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր կանոնակարգում նշել է, որ Օլիմպիադայից առաջ հայ մարզիկները գոնե 3 անգամ  պետք է ստուգվեն: Լոնդոնի Օլիմպիադայից առաջ մեր ծանրորդները նմանատիպ ստուգման ենթարկվել են 4 անգամ: Եթե մարզիկը հայտնվում է ռիսկային խմբում, նրա նկատմամաբ հսկողությունն ավելի է խստանում:

«Ամենամաքուրը» դոպինգի առումով Ճապոնիան է, 10 տարի է այդ երկրի մարզիկների ստուգումները միջազգային մրցումներում դրական չեն եղել: Հովհաննիսյանն ընդգծում է, որ Ճապոնիան երկրի ներսում է խիստ վերահսկողություն սահմանում, ու այդ տարիների ընթացքում 45 մարզիկի են որակազրկել:

Հայաստանը, ցավոք, նման հնարավորություն չունի, քանի որ դոպինգ ստուգումներ չի կարողանում կատարել: «Ներքին առաջնությունների ժամանակ չգիտենք ինչ է  կատարվում Հայաստանում, ոչ ոք չի ապացուցել, որ նրանք արգելված նյութեր են ընդունել, բայց հակառակն էլ պնդել չենք կարող»:
 
Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին