Դեկտեմբեր 23, 2024
exclusive
75446 դիտում

Արգելված նյութեր. երբ կշեռքի մի նժարին մեդալներն են, մյուսին՝ առողջությունը

Mediamax Sport-ը սկսում է «Սպորտի չարիքները» նոր հոդվածաշար, որում անդրադառնալու է բոլոր այն ռիսկերին, որոնք որեւէ կերպ բացասական ներգործություն են ունենում մարզաշխարհի վրա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրանիկ Կարապետյանը
Անդրանիկ Կարապետյանը

Լուսանկարը` Ա.Կարապետյանի անձնական արխիվից

Անդրանիկ Կարապետյանը
Անդրանիկ Կարապետյանը

Լուսանկարը` Ա.Կարապետյանի անձնական արխիվից

Արեգ Հովհաննիսյանը
Արեգ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` vestikavkaza.ru

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեծ սպորտը միայն հաղթանակները, ոսկե մեդալները, ռեկորդները, ուրախության եւ  տխրության արցունքներն ու պարտության հիասթափությունները չեն: Տարբեր ժամանակահատվածներում ի հայտ են գալիս մեծ չարիքներ, որոնք թեեւ աննկատ, բայց բավականին ազդեցիկ կերպով խախտում են ազնվության ու հավասարության  սկզբունքները սպորտում:

Mediamax Sport-ը սկսում է «Սպորտի չարիքները» նոր հոդվածաշար, որում անդրադառնալու է բոլոր այն ռիսկերին, որոնք որեւէ կերպ բացասական ներգործություն են ունենում մարզաշխարհի վրա:

Առաջին հոդվածում ներկայացնելու ենք արգելված նյութերի, որակազրկումների, առաջացող հետեւանքների ու մեր երկրում դրա դեմ պայքարի մեթոդների մասին: Հայաստանի Ազգային հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը ներկայացրել է այն հսկայական աշխատանքը, որը կատարում են հայկական սպորտը «մաքուր» պահելու համար: Իսկ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, որը որակազրկվել է նախորդ տարի, պատմում է, թե ինչի միջով է ստիպված եղել անցնել ու ինչպիսի անհամբերությամբ է սպասում սպորտ վերադառնալուն:



Մարզիկներն ավելի համարձակ ու հնարամիտ են դառնում

Աթլետ Թայսոն Գեյ, թենիսիստ Անդրե Աղասի, հեծանվորդ Լենս Ամսթրոնգ, բռնցքամարտիկ Մայք Թայսոն… Իրականում աշխարհահռչակ այս մարզիկներն այդքան էլ ընդհանրություններ չունեն, սակայն բոլորն էլ տարբեր ժամանակներում հայտնվել են դոպինգ սկանդալների կենտրոնում:

Միանշանակ դժվար է բացատրել, թե իրականում ինչո՞ւ են մարզիկներն օգտագործում արգելված նյութեր: Պարզ է, որ գերնպատակը մեկն է՝ լավացնել սպորտային արդյունքներն ու տեղ գտնել մրցանակային եռյակում: Սակայն եթե կշեռքի մի նժարում սպորտային մեդալներին տիրանալն է, մյուս կողմում, որն անհամեմատ ծանր է՝ որակազրկումը, հրապարակային ամոթանքը, նվաճումերից զրկվելը, ու սա դեռ ողջ ցուցակը չէ:

Սակայն տարիներն ու վիճակագրությունը ցույց են տալիս, որ մարզիկները ոչ միայն չեն վախենում այդ ամենից, այլ հակառակը՝ ավելի համարձակ ու հնարամիտ են դառնում: Նրանք նորանոր ուղիներ են փնտրում արգելված նյութեր օգտագործելու ու չորակազրկվելու համար:


2008-2013 թվականներին ամենաշատն արգելված նյութեր օգատգործել են Հնդկաստանի ներկայացուցիչները, 5 տարվա ընթացքում 476 հնդիկ մարզիկներ են որակազրկվել: Երկրորդ ու երրորդ տեղերում են հայտնվել 2 սպորտային գերտերություններ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Մարզիկների մեծ մասն օգտագործել է ստանազոլոլ, որն առավել հայտնի է դարձել 1988 թվականի Սեուլի Օլիմպիադայից հետո: 2013-ին ամենաշատ թվով մարզիկներ որակազրկվել են աթլետիկա, ծանրամարտ ու բեյսբոլ մարզաձեւերում:



2013 թվականից մինչ օրս Հայաստանում ոչ մի մարզիկ միջազգային մակարդակի արգելված նյութեր չի ընդունում

Նախորդ տարի որակազրկված 62 ծանրորդների թվում են եղել նաեւ Հայաստանի 4 ներկայացուցիչներ, նրանց արգելվել է մինչեւ 2015 թվականը հանդես գալ միջազգային ասպարեզում:

Դրանից 2 տարի առաջ էլ մեծ աղմուկ էր բարձրացել Եվրոպայի փոխչեմպիոն Էլեն Գրիգորյանի ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գեւորիկ Պողոսյանի որակազրկումը, որոնց ժամկետն ավարտվել է 2014 թվականին:

Այդ որակազրկումներից հետո Հայաստանի Ազգային հակադոպինգային կազմակերպությունն ավելի խիստ հսկողություն է սահմանում ծանրորդների նկատմամբ:

Հայաստանի Ազգային հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ 2013 թվականի սեպտեմբերից սկսած մեր երկրում ոչ մի մարզիկ միջազգային մակարդակի արգելված նյութեր չի ընդունում:

«Ծանրորդները միշտ մեր թիրախում են գտնվում, ամենաշատ դոպինգ-ստուգումները հենց նրանց մոտ ենք իրականացնում: Նախորդ տարվանից ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ պայմանգիր ունենք, ու այս տարի մինչեւ Եվրոպայի առաջնությունը համատեղ ուժերով 55 մարզիկի ստուգում ենք իրականացրել»,- նշել է Հովհաննիսյանը:


Արեգ Հովհաննիսյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանում ընդամենը 5 տարի է, որ գործում է հակադոպինգային կազմակերպություն: 2009 թվականից Հայաստանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունում գործում է սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն, որը ճանաչվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից որպես ազգային հակադոպինգային կազմակերպություն: 2010-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի հակադոպինգային կոնվենցիան Հայաստանի կառավարության կողմից ընդունվելուց ու ԱԺ-ի կողմից վավերացվելուց հետո գործում են Հայաստանի հակադոպինգային կանոնները, որոնց համաձայն կատարվում են հակադոպինգային ստուգումներ:

Հակադոպոպինգային կազմակերպությունը ներգրավված է Արեւելյան Եվրոպայի ազգային հակադոպինգային կազմակերպությունում, որի կազմի մեջ մտնում են 8 երկրներ: Համաշխարհային հակադոպինգային գործակալության Եվրոպական մասնաճյուղի տնօրեն Ֆրեդերիկ Դոնզեի խոսքով, Հայաստանն այդ տարածաշրջանի առաջատարն է, քանի որ միայն վերջինս ունի մասնագետներ, որոնք ներգրավվում են միջազգային հակադոպինգային խմբերի մեջ ու աշխատում են Օլիմպիական խաղերի ժամանակ: Բացի այդ էլ, տարածաշրջանի միակ կազմակերպությունն է, որն ունի ISO 9001:2008 որակի կառավարման արտոնագիր:

Իր գործունեության ընթացքում Հայաստանի Ազգային հակադոպինգային կազմակերպությունը կատարել է 1000-ից ավելի դոպինգ ստուգում:

Խիստ ուշադրության կենտրոնում են գտնվում նաեւ հայ ըմբիշները, որոնք վերջին տարիներին ամենաշատ թվով մեդալներն են նվաճում միջազգային մրցաշարերում: Առաջատար ըմբիշները տարեկան 4 անգամ ստուգում են անցնում: Հակադոպինգային կազմակերպությունը համագործակցում է նաեւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ, ու հայ մասնագետներն անգամ ստուգում են ռուս մարզիկներին:

Որակազրկումից հետո ծանրամարտն ավելի շատ է ձգում Անդրանիկ Կարապետյանին

Որակազրկումների մասին առհասարակ խոսել ու դրա վերաբերյալ չակերտները բացել հազվադեպ է ստացվում: Մարզիկները որակազրկվում են, նրանց մասին կարճ ժամանակ անց բոլորը մոռանում կամ էլ հիշում են միայն վատ օրինակներում: 

Մարզիկները սովորաբար չեն սիրում խոսել իրենց կարիերայի այդ տխուր էջերի մասին: Հայերն էլ այս տեսանկյունից բացառություն չեն կազմում:  Նրանք պարզապես ցանկանում են որքան հնարավոր է շուտ ձերբազատվել այդ հիշողություններից ու մոռանալ ամեն ինչի մասին:

Բայց նրանցից մեկը՝ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, որը 2013 թվականին 4 հայ մարզիկների հետ որակազրկվել է, ամեն ինչ անցյալում է թողել, համակերպվել իրականության հետ ու պայքարելու ուժ գտել:


Անդրանիկ Կարապետյանը
Լուսանկարը՝ Ա.Կարապետյանի անձնական արխիվից

Կարապետյանը 2013-ի երիտասարդական ԱԱ-ից մեկ ամիս անց է իմացել իր որակազրկման մասին:  «Ինձ համար այդ լուրը շատ անսպասելի էր, որովհետեւ ես ստուգում էի անցել, ու ամեն ինչ նորմալ էր եղել: Մինչ այդ Եվրոպայի առաջնությանն էի մասնակցել ու մեդալ նվաճել ու իբր այդ ժամանակ էլ օգտագործել եմ մեթիլ տեստերոն: Արդյունքում 2 տարով որակազրկվեցի»,- նշել է ծանրորդը:

Նա խոստովանել է, որ անասելի ծանր ապրումներ է ունեցել, սակայն հարազատ մարդկանց ու մարզիչների աջակցության շնորհիվ հաղթահարել է բոլոր դժվարությունները: Նրանց շնորհիվ է Անդրանիկը կրկին սկսել հավատալ սեփական ուժերին ու շարունակել մարզվել. «Ես շատ երկար եմ մտածել, բայց մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ, թե այդ նյութն ինչպես է իմ օրգանիզմում հայտնվել: Ես վստահ եմ, որ այն չեմ օգտագործել: Այդ արգելված նյութը 8 օրվա ընթացքում ստուգելու արդյունքում հայտնաբերվում է: Առնվազն հիմար պետք է լինեի, որ հենց Եվրոպայի առաջնության ժամանակ օգտագործեի ու բռնվեի: Այդ ընթացքում ես անգամ դեղեր չեմ օգտագործել, դրա համար էլ ինձ համար ամեն ինչ դեռ անհասկանալի է մնում»:

Կարապետյանը նշում է, որ որակազրկումից հետո իր կյանքում ամեն ինչ փոխվել է, սկզբում հատկապես դժվար էր ելույթ չունենալու հետ համակերպվելը, բայց նա ողջ ուժն ու եռանդը տվել է մարզումներին եւ անկեղծորեն նշում է, որ հիմա ավելի մեծ ձգտումով է աշխատում: Մրցահարթակը կրկին զգալու համար այս տարի Հայաստանի առաջնությունում է հանդես եկել, բայց նրա ամենամեծ ցանկությունը կրկին միջազգային մրցաշարերում մրցելն է:

«Որակազրկմանը շատ քիչ ժամանակ է մնացել, ապրիլին այն վերջանալու է, արդեն հետհաշվարկ եմ սկսել կատարել: Մեծ կարոտով եմ սպասում, թե երբ եմ դուրս գալու միջազգային հարթակ: Ապրիլին Եվրոպայի առաջնություն կա, շատ եմ ցանկանում մասնակցել, հետո էլ ելույթ ունենալ ԱԱ-ում»,- ավելացրել է ծանրորդը:

Նա խորհուրդ է տալիս նման իրավիճակում հայտնված մարզիկներին չհանձնվել, չկոտրվել, շարունակել մարզվել ու գնալ երազանքի հետեւից: Անդրանիկը շատ է  ցանկանում, որ մարզիկներն արգելված նյութեր չօգտագործեն ու չվնասեն սեփական առողջությունը:

Նոյեմբերին առաջին անգամ Հայաստանի առաջնությունում ստուգումներ կիրականացվեն

Արեգ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանում գրանցվել են դոպինգի օգտագործման դեպքեր այն պատճառով, որ ազգային առաջնությունների ժամանակ ընդհանրապես ստուգումներ չեն լինում: «Առաջնությունների ժամանակ ստուգումներ իրականացնելու իրավունքը գտնվում է նախարարության ու ազգային ֆեդերացիաների իրավասության տակ: Նախորդ ղեկավարությունն ընդհանրապես քայլեր չէր ձեռնարկում այդ ուղղությամբ: Հուսանք՝ հիմա վիճակը կշտկվի: Արդեն պլանավորված է, որ նոյեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի ըմբշամարտի առաջնության ժամանակ ստուգում ենք կատարելու: Դա առաջին դեպքն է լինելու»:

Մեկ դոպինգ-ստուգումն արժե 192 հազար դրամ: Մրցումների ժամանակ ստուգումներն ավելի թանկ են, քանի որ որոշ նյութեր արգելված են միայն մրցումների ժամանակ: Արտամրցումային ստուգումներ իրականացնելն արժե 162 հազար դրամ:

Ազգային հակադոպինգային կազմակերպության կանոններում կա նաեւ մի կետ, ըստ որի տարվա լավագույն 10 մարզիկները պարտադիր ստուգման են ենթարկվում:

Ռիսկային խումբը, որը համարվում է ծանրամարտը, պարտադիր վերահսկողության տակ է, իսկ երբ ոչ ռիսկային ձեւերում են հաջողություններ գրանցվում, այդ մարզաձեւի ներկայացուցիչները եւս պարտադիր դոպինգ-թեստ են հանձնում: 



Արտամրցութային ստուգումները հաճախակի անցկացվում են միջազգային ֆեդերացիայի պատվերով: Օրինակ, 2013-ին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Հայաստանի հակադոպինգային գործակալությանը տրամադրել է մոտ 5000 դոլար՝ նմուշների տեղափոխման ու լաբորատորիաներում ստուգման համար: Այդպես է արել նաեւ WADA-ն (Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը), որը մշտապես կազմակերպում  է 10-15 մարզիկի ստուգում: Այդպիսով, հայ մասնագետներն արդեն իրականացրել են 11 ծանրորդի ստուգում, իսկ 11 ըմբիշների էլ ստուգելու են նոյեմբերին:

Հայ մասնագետները համագործակցում են Մոսկվայի, Քյոլնի ու Ավստրիայի լաբորատոնիաների հետ

Հայաստանի Ազգային հակադոպինգային կազմակերպությունն ինքն է հավաքում նմուշները, որոնք ստուգելու համար ուղարկում է արտոնագրված հակադոպինգային լաբորատորիաներ: Մեր հակադոպինգային կազմակերպությունը համագործակցում է 3 լաբորատոնիաների հետ՝ Մոսկվայի, Քյոլնի ու Ավստրիայի:

Ինչպես նշում է Արեգ Հովհաննիսյանը, նմուշների զգալի մասն ուղարկվում է Ավստրիա, քանի որ այնտեղ համեմատաբար ավելի էժան է, ծանրորդների նմուշները սովորաբար ուղարկվում են Քյոլն, իսկ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հիմնականում համագործակցում է Մոսկվայի հետ:

Փորձաքննությունները համարվում են ճիշտ եւ ուժ ունեն միայն այն դեպքում, եթե արտոնագրված լաբորատորիայում են ստուգվել: Իսկ չարտոնագրված լաբորատորիաների հետ  Հայաստանի Ազգային հակադոպինգային  կազմակերպությունը հիմանականում գիտական աշխատանք է կատարում սպորտային բժշկության ոլորտում: Նման դեպքերում, երբ ստուգվում է մարզիկների ֆունկցիոնալ վիճակը կամ չափվում են որոշակի հորմոնալ պարամետրեր, աշխատանքներ են տարվում Մինսկի լաբորատորիայի հետ:

Արգելված նյութերին վերաբերող հոդվածի շարունակությունը Mediamax Sport-ը կներկայացնի «Սպորտի չարիքները» խորագրի 2-րդ մասում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին