Դեկտեմբեր 05, 2024
1368 դիտում

Մարադոնայի կորած ու գտնված Ոսկե գնդակը Փարիզում աճուրդի կհանվի


Լուսանկարը` Getty Images


1986 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո Դիեգո Մարադոնան ստացել էր Ոսկե գնդակ մրցանակը։ Տասնամյակներ շարունակ այն համարվում էր անհայտ կորած ու պարզ չէր, թե որտեղ կամ ում մոտ է գտնվում։

Հիմա ֆրանսիական Aguttes աճուրդի տունը հայտարարություն է տարածել ու նշել, որ գնդակը գտնվել է եւ հունիսի 6-ին Փարիզում աճուրդի է հանվելու։

Aguttes-ում ակնկալում են, որ Ոսկե գավաթը «իր եզակիության շնորհիվ միլիոններ կարժենա»:

Մարադոնան այս մրցանակին արժանացել է հենց Փարիզում, երբ 1986 թվականին կազմակերպված միջոցառումը կայացել է Ելիսեյան դաշտերի «Լիդո» կաբարեում։

Հետաքրքիր է Ոսկե գնդակի կորչելու պատմությունը, որը մինչ այսօր էլ մութ կողմեր ունի։ Ոմանք ասում են, որ այն կորել է պոկերի խաղի ժամանակ կամ վաճառվել է ֆուտբոլիստի պարտքերը մարելու համար:

Տարածվել է նաեւ այն կարծիքը, թե իրականում Մարադոնան այն պահել է Նեապոլի բանկի չհրկիզվող պահարանում։ 1989-ին տեղի գանգստերներն այն թալանվել են՝ գողանալով նաեւ Մարադոնայի նվաճումը։ Ավելի ուշ մաֆիայի անդամներից մեկը պատմել է, թե իբր գնդակը հալել են եւ առանձին ոսկե ձուլակտորներ ստացել։

«Սա մի քիչ անհավանական պատմություն է, քանի որ գնդակը պատրաստված է ոսկու եւ պղնձի համաձուլվածքից»,- ասված է Aguttes-ի հայտարարությունում։

Աճուրդի տունը նշում է, որ գավաթը կրկին հայտնվել է 2016 թվականին եւ ձեռք բերվել մասնավոր հավաքածուից: Այն մանրակրկիտ ուսումնասիրել ու հետաքննել են, որպեսզի համոզված լինեն ճշգրիտ լինելու մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին