Շախմատը միավորում է մարդկանց, օգնում նոր ծանոթություններ հաստատել ու ընտանիքներ կազմել:
Այդպես միմյանց ճանաչել ու սիրել են շախմատիստներ Հիկարու Նակամուրան ու Աթուսա Պուրկաշյանը, որոնք ամուսնացել են օրեր առաջ:
Հայազգի շախմատիստուհին ծնվել է 1988 թվականին Իրանում, 6 անգամ դարձել է այդ երկրի չեմպիոն ու հանդես եկել միջազգային բազմաթիվ մրցաշարերում: 2010 թվականին հաղթել է Ասիայի կանանց անհատական առաջնությունում, իսկ 4 տարի անց՝ արծաթե մեդալ նվաճել: Ելույթ է ունեցել նաեւ կանանց Աշխարհի առաջնություններում:

Լուսանկարը` FIDE
Պուրկաշյանն Իրանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 11 տարեկանում ու մասնակցել 9 Օլիմպիադայի, որոնցից 6-ում առաջին խաղատախտակի վրա է հանդես եկել: Ասիայի թիմային առաջնությունում 2 անգամ դարձել է բրոնզե մեդալակիր:
Մի քանի տարի առաջ տեղափոխվել է ԱՄՆ ու 2022 թվականից սկսել ներկայացնել այդ երկիրը:
Հիկարու Նակամուրան ՖԻԴԵ-ի աղյուսակի 2-րդ համարն է, հանդես է գալիս ԱՄՆ-ի հավաքականի կազմում ու մի շարք շախմատային ուժեղ մրցաշարերի հաղթող է: Նակամուրան 15 տարեկանում գրոսմայստերի կոչում ստացած առաջին ամերիկացի շախմատիստն է: Նախորդ ռեկորդը պատկանում էր Աշխարհի չեմպիոն Ռոբերտ Ֆիշերին: ԱՄՆ-ի հավաքականի հետ մեկ անգամ հռչակվել է շախմատային Օլիմպիադայի հաղթող, եւս 2 անգամ էլ՝ գրավել 3-րդ տեղը:

Լուսանկարը` Norway Chess
Երկար ժամանակ իրենց հարաբերությունները գաղտնի են պահել, սակայն վերջին շրջանում նրանց միասին հաճախակի են տեսնել շախմատային մրցաշարերի ժամանակ: Այս հունիսին շախմատիստուհին Նակամուրայի հետ Նորվեգիայում է եղել, որտեղ ելույթ են ունեցել Ստավանգերի մրցաշարում: Սիրելին Նակամուրային հաջողություն է բերել, նա գլխավոր մրցաշարում առաջին տեղն է գրավել ու վերջին տարիներին իր կարեւոր հաղթանակներից մեկը տարել:
Ամուսնության մասին լուրը տարածվել է Պուրկաշյանի ինստագրամյան հրապարակումից հետո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: