Օգոստոս 02, 2025
exclusive
21098 դիտում

Ֆուտբոլի ու քաղցրավենիքի սիրահար. Ոչ սպորտային Արթուր Ալեքսանյանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Futsal Business League Gyumri

Լուսանկարը` Գյումրու քաղաքապետարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Futsal Business League Gyumri

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Futsal Business League Gyumri

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Գյումրու քաղաքապետարան

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Քանի դեռ կորոնավիրուսը չի նահանջել ու սպորտային միջոցառումներն էլ դադարեցված են, շարունակենք մեր մարզիկներին նորովի բացահայտել, պարզել նրանց նախասիրություններն ու սովորությունները:

Mediamax Sport-ն այսօր ծանոթացնելու է ձեզ Աշխարհի, Եվրոպայի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ:

Փոքրիկ Արթուրը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանոթացեք: Այս շիկահեր ու կապուտաչյա փոքրիկն Արթուր Ալեքսանյանն է: Ըմբշամարտով սկսել է մարզվել 8 տարեկանից: Առաջին քայլերը կատարել է Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում, որն այժմ իր անունով է կոչվում:

Ֆուտբոլասերը

Ըմբշամարտից բացի ֆուտբոլ է շատ սիրում, չնայած ազատ ժամանակ քիչ է ունենում, բայց փորձում է բաց չթողնել Մադրիդի «Ռեալի» հանդիպումները: Նրանք փոքր տարիքից եղբոր հետ արքայական ակումբի երկրպագուներ են: Ալեքսանյանն ամեն ինչ գիտի թիմի մասին: Երբ Գյումրիում է լինում, ներկա է լինում «Շիրակի» տնային հանդիպումներին:

Մի անգամ խոստովանել է, որ ֆուտբոլիստ դառնալու դեպքում կխաղար հարձակման կամ կիսապաշտպանության ձախ եզրում:

Ի դեպ, ընկերների հետ հաճախ է մինի ֆուտբոլ խաղում: Գյումրիում երրորդ անգամ անցկացված «Ֆուտզալ Բիզնես Լիգա» մրցաշարում նա ըմբիշների թիմի հետ՝ UWW GYUMRI, հաղթող է դարձել:

Լուսանկարը` Futsal Business League Gyumri


Սպիտակ արջը

Արթուր Ալեքսանյանը վաղուց հայտնի է Սպիտակ արջ մականունով, որը նրան տվել է սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը: Սկզբում միայն նա էր այդպես անվանում ըմբիշին, աստիճանաբար այդ մականունը  սկսեցին կիրառել նաեւ ԶԼՄ-ում:

Գիլոյանը չի մոռանում ամեն տարի փետրվարի 27-ին սպիտակ արջերի միջազգային օրը Ալեքսանյանին պարտադիր շնորհավորել:

2016 թվականի Օլիմպիական խաղերից Ալեքսանյանին դիմավորելիս Գյումրիում նրա պատվին մեծ սպիտակ արջի արձան են տեղադրել: 

Լուսանկարը` Գյումրու քաղաքապետարան


Գիլոյանն ու Արթուրը

Հունահռոմեական ըմբիշը մտերիմ հարաբերություններ ունի Գիլոյանի հետ: Նրանց հետ կապված մի քանի հետաքրքիր դրվագ կա:

Նախ հիշենք, թե 2016 թվականի Օլիմպիական խաղերում Ալեքսանյանն ինչպես սափրեց Գիլոյանի գլուխը:

Դեռ 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ Գիլոյանը խոստացել էր գլուխը սափրել, եթե հայ մարզիկներից որեւէ մեկին հաջողվի ոսկե մեդալակիր դառնալ: Նա ստիպված եղավ սպասել 2 Օլիմպիական խաղեր: Ռիոյում իր հաղթանակից հետո Ալեքսանյանը վարպետորեն կատարեց նաեւ վարսավիրի աշխատանքը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Իսկ այս տարվա Եվրոպայի առաջնությունում նվաճած իր 5-րդ ոսկե մեդալը նա նվիրեց Գիլոյանին: Տարիներ առաջ էր այդ խոստումը տվել ու պահեց այն:

«Խոստացել էի նրան, իսկ երբ ես որեւէ բան եմ ասում, անպայման կատարում եմ: Կարեւորն այն է, որ այդ ոսկին Հայաստանում է, էական չէ Գիլոյանի, թե՝ ինձ մոտ»:

Ամենատիտղոսակիրը

Արթուր Ալեքսանյանը նորանկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկն է: Նա 5 անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, 3 անգամ նվաճել Աշխարհի առաջնությունների ոսկե մեդալ, 2016-ին դարձել է Օլիմպիական չեմպիոն, 2012-ին Լոնդոնի խաղերում 3-րդ տեղը զբաղեցրել: 2019-ին էլ նա մեդալների իր հավաքածուն համալրել է Եվրոպական խաղերի ոսկով:

Թեեւ Ալեքսանյանի նվաճած բազմաթիվ ոսկիների կողքին մյուսների մասին սովորաբար մոռանում ենք, սակայն տիտղոսները նշելիս պետք է հիշատակել նաեւ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների 2-ական արծաթե մեդալներն ու 1 բրոնզը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Հանգիստը

Երկարատեւ եւ ամիսներ ձգվող ծանր մարզումներից ու մրցումներից հետո ըմբիշը սիրում է վայելել հանգիստը: Նա նախընտրում է ծովափնյա հանգստավայրերն ու սովորաբար մեկնում է ընկերներից որեւէ մեկի հետ:

«15-օրյա հանգիստը որեւէ ծովափնյա երկրում ինձ նոր լիցքեր է տալիս ու վերականգնում»:

Առաջին անգամ արտասվելը

Հաղթանակներից հետո Ալեքսանյանը շատ էմոցիոնալ չէ, սովորաբար նվաճած ոսկե մեդալները ձեռքի մեկ ժեստով կամ էլ գորգում դրոշով պտույտ գործելով է նշում: Սակայն ամեն ինչ այլ էր Օլիմպիական Ռիոյում: Առաջին անգամ մենք տեսանք այդքան հուզված ու անգամ արտասվող Ալեքսանյանին:

Նա արցունքները չկարողացավ զսպել ոչ մրցավարի սուլիչից հետո, ոչ էլ չեմպիոնական պատվոհարթակին:





«Այսքան տարվա հաղթանակներից հետո առաջին դեպքն էր, որ չկարողացա արցունքներս զսպել: Ամեն ինչ անբացատրելի էր»:

Կուռքերը

Ալեքսանյանը խոստովանել է, որ եթե իրեն հնարավորություն ընձեռվի երբեւէ հարցազրույց անցկացնել հայտնի մարզիկների հետ, առաջին հերթին կընտրի տիտղոսակիր Ալեքսանդր Կարելինին, Օլիմպիական եռակի չեմպիոն Բուվայսար Սայտիեւին ու Ռաֆայել Նադալին, ինչպես նաեւ Մայք Թայսոնին:

«Կհարցնեի, թե ի՞նչն է նրանց մոտիվացրել սպորտում ու պահել բարձունքում»:

Նամականիշը

Օլիմպիական չեմպիոն դառնալուց 1 տարի անց նրա պատվին «Հայփոստը» շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ` «Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմայով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամաչկոտ ու քաղցրասեր

Ալեքսանյանը քչախոս ու բնավորությամբ հանգիստ է: Թեեւ շատ չի խոսում,  բայց  գյումրեցիների պես սիրում է կատակներ անել: Բայց դրա հետ մեկտեղ  բնավորության այսպիսի գիծ ունի:

«Պետք է խոստովանեմ, որ ամաչկոտ եմ: Ժամանակի ընթացքում, իհարկե, անցել է, բայց հիմա էլ երբեմն զգում եմ, որ մե քիչըմ խանգարում է»:

Իր խոսքով՝ շատակեր չէ, բայց քաղցրավենիքից երբեք չի հրաժարվում, հատկապես թխվածքներ է նախընտրում:

«Չեմ ուտում յուղոտ ուտելիքներ ու գառան միս: Մենք` մարզիկներս, հիմնականում մսակեր ենք, որովհետեւ այն շատ էներգիա է տալիս: Խորհուրդ կտամ մրգել ուտել, ինքս բանան եմ սիրում, նարինջ ու հատկապես՝ արքայանարինջ (կառալյոկ)»:

Լուսանկարը` ՅՈՒՆԻՍԵՖ


ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան

Արթուր Ալեքսանյանը ՅՈւՆԻՍԵՖ-ի ազգային դեսպաններից է: Նա այդ աշխատանքը ստանձնել է 2019-ի նոյեմբերից

Ըմբիշը երեխաների հետ մի քանի հոլովակներում է նկարահանվել ու ընդգծել առողջ սնվելու կարեւորությունը:




«Մեծ պատիվ է լինել ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան ու պաշտպանել երեխաների առողջ ապրելակերպի ու սնվելու իրավունքները: Պետք է նպաստել լավ պայմաններ ստեղծելուն, ճիշտ ու առողջ սնվելուն»:

Սելֆիները

Արթուր Ալեքսանյանն ամենապահանջված մարզիկներից է: Որտեղ էլ նա հայտնվի, միշտ բազմաթիվ մարդիկ են ցանկանում նրա հետ լուսանկարվել:

Մեկ անգամ չէ պատահել, որ բասկետբոլային կամ ֆուտբոլի հանդիպումներին հետեւող Ալեքսանյանի հետ սելֆի անելու համար երկրպագուներն երկար հերթեր են կանգնել: Մարզիկն էլ համբերատար դիմացել է ու լուսանկարվել բոլորի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մուկուչյանի հետ մարզումը

2019 թվականին երգչուհի Իվետա Մուկուչյանը լուսանկար էր հրապարակել, թե ինչպես են մարզվել Ալեքսանյանի հետ: Հետո նաեւ այսպիսի տեսանյութ է հայտնվել:



Այլ տեղեկություններ

*Սիրում է Ջենիֆեր Լոպեսի երգերը:

*Ամենականացի մարզաձեւեր համարում է գեղարվեստական մարմնամարզությունն ու թենիսը:

*Գյումրիում ամենուր է իրեն լավ զգում, բայց հատկապես Կիրովի փողոցն է սիրում:

*Օծանելիքներից նախընտրում է Chanel, Armani, Bvlgari, ավտոմեքենաներից՝ Mercedes-Benz  ու BMW:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին