Դեկտեմբեր 22, 2024
184458 դիտում

Ալեքսանյան. Անպայման մոտիկից կծանոթանամ Ռոբերտի հոր հետ


Լուսանկարը` Մեդիամաքս

Գեւորգ Ալեքսանյանը
Գեւորգ Ալեքսանյանը

Լուսանկարը` PAN Photo

Արթուր Ալեքսանյանը
Արթուր Ալեքսանյանը

Լուսանկարը` PAN Photo


Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Օլիմպիական խաղերում նվաճեց մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու նրա անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանն այսօր Երեւանում ամփոփել են Ռիո-2016-ը:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյան. Ես հպարտ եմ, որ Հայաստանի 14-րդ չեմպիոնն եմ ու 20 տարի անց մեդալ եմ նվաճել իմ երկրի համար: Երբ փողոցում շնորհավորում են, զգում եմ, որ մարդիկ ինչքան են ուրախացել իմ հաջողությամբ: Այդ փաստն իմ ամենամեծ հաղթանակն եմ համարում: Սա դեռ սկիզբն է, ես ձգտելու եմ ավելացնել մեդալներիս քանակը, ինչպես Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններից, այնպես էլ Օլիմպիական խաղերից:

Ռիոյում պարգեւատրման արարողության ժամանակ ես հագել էի Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկ, ողջ աշխարհին էի ուզում ցույց տալ մեր հերոսին: Օդանավակայանում, երբ անցնում էի մեզ դիմավորողների շարքերով, մի մարդ ինձ համբուրեց ու ասաց, որ Ռոբերտի հայրն է: Այդ պահին շատ հուզվեցի, այնքան մարդ էր հավաքվել, որ չկարողացա զրուցել, բայց անպայման մոտիկից կծանոթանամ նրա հետ:

Մարզիչ Գեւորգ Ալեքսանյան. Ողջ ազգից շնորհակալ ենք մեր ուրախությունը կիսելու, մեր կողքին լինելու ու ջերմ վերաբերմունքի համար: Արթուրը երկար տարիներ պատրաստվել է այս ոսկե մեդալին: Լոնդոնի խաղերում նա երիտասարդ էր ու բավարարվեց միայն բրոնզե պարգեւով: Այս չորս տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, թիմում զգում էինք, որ Արթուրը պատրաստ է ու կարող է Օլիմպիական չեմպիոն դառնալ: Նա շատ վստահ անցավ ողջ Օլիմպիադան, առանց հնարավորություն տալու հաղթեց բոլոր մրցակիցներին ու վերջապես հասավ իր նպատակին:

Նրանք խոսել են նաեւ Գյումրիի մարզադպրոցի պայմանների մասին, որտեղ մարզվում է Արթուր Ալեքսանյանը: Անմխիթար պայմանները, բնականաբար, չեն գոհացնում ոչ մեկի, սակայն այլ ընտրություն չունեն:

Գեւորգ Ալեքսանյան. Ես մարզադպրոցի տնօրենն եմ եւ 2008 թվականից դիմել եմ պատասխանատու անձանց ու պատասխան եմ ստացել, որ գումար լինելու դեպքում դպրոցը կվերանորոգվի: 2014 թվականին Արթուրը դարձավ Աշխարհի չեմպիոն, այդ ժամանակ խոսվեց, որ միգուցե ինչ-որ բան կփոխվի: Նույնը եղավ նաեւ 2015-ին, երբ կրկին ԱԱ-ի ոսկե մեդալակիր դարձավ: Հիմա 2016-ն է, ու Արթուրն Օլիմպիական չեմպիոն է, տեսնենք մի բան կփոխվի, թե ոչ: Ես համոզված եմ, որ դպրոցում ինչքան պայմանները լավը լինեն, այնքան ավելի շատ արդյունքներ կլինեն: Այնտեղ միայն Արթուրը չի մարզվում, շատ տաղանդավոր երեխաներ ունենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին