Դժվար է հավատալ, որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերն արդեն պատմություն են: Ամբողջ 4 տարի մարզաշխարհը սպասում էր այդ իրադարձությանն ու այսօր արդեն ամփոփում է արդյունքները:
Խաղերի ողջ ընթացքում Mediamax Sport-ը Ռիոյում մեր մարզիկների կողքին է եղել ու հետեւել նրանց ելույթներին: Մենք լիաթոք ուրախացել ենք ամեն հաղթանակի համար ու անասելի տխրել բոլոր անհաջողություններով:
Դժվար է բառերով նկարագրել այն հույզերը, ցավը, հիասթափությունները, հաղթական ակնթարթներն ու էմոցիոնալ պոռթկումները, որոնց ականատես ենք եղել: Ամեն ինչ այնքան իսկական էր ու անկեղծ, որ հնարավոր չէր չհավատալ ու չապրել դրանցով:
Ներկայացնում ենք մեր մարզիկների մասնակցությամբ ամենավառ ու տպավորիչ պահերը:
Ընկերների աջակցությունը
Պրոֆեսիոնալ սպորտը նախ եւ առաջ թիմային ու համատեղ աշխատանքի արդյունք է: Ռիոյում այդ թիմային ոգին, միմյանց կողքին լինելու ու օգնելու ցանկությունը մեր մարզիկների մոտ այնքան վառ էր ընդգծված:
Առաջինն այդ ամենը տեսանք մարմնամարզիկների կատարմամբ: Իր մեկնարկից րոպեներ առաջ Արթուր Դավթյանը թիմակցի ու ընկերոջ՝ Հարություն Մերդինյանի կողքին էր, քաջալերում ու օգնում էր նրան: Այնուհետեւ տղաները փոխվեցին տեղերով՝ աջակցելու հերթը Եվրոպայի չեմպիոնինն էր:
Դժվար էր չհիանալ նաեւ բռնցքամարտիկների միասնությամբ: Տղաները պարտադիր տրիբունայից հետեւում էին իրենց ընկերներին ու անդադար հուշում տեղերից՝ փորձելով ամեն կերպ օգնել:
Համարյա բոլոր հայ մարզիկները, որոնք ավարտում էին իրենց ելույթները, մշտապես մարզադահլիճներում էին ու ցավում էին հայերի համար: Նրանց էին միանում նաեւ ՀԱՕԿ-ի աշխատակիցներն ու տրիբունայի մի հատվածը «հայկական» դարձնում:
Էմոցիոնալ մարզիչները
Օլիմպիադայում ամենածանր ու դժվար աշխատանքն, անկասկած, մարզիչներինն էր: Հաղթանակների ու առավել եւս պարտությունների համար հենց նրանք էին պատասխանատու:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1 ոսկե ու արծաթե մեդալները, կողմնակալ մրցավարությունը, փայլուն հաղթանակներն ու անսպասելի պարտությունը չէր կարող չարտահայտվել մեր մարզիչների դեմքերին ու հայտվել մեր լուսանկարներում:
Ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ամենաէմոցիոնալ ու բռնկվող մարզիչն է: Նա ամեն գոտեմարտի ասես ինքն էր գորգ դուրս գալիս ու պայքարում…
Բաղդադյանի լրիվ հակապատկերն է մարմնամարզության թիմի 2-րդ մարզիչ Սոս Սարգսյանը`հանգիստ, քչախոս ու իր անհանգստությունը որեւէ կերպ չցուցադրող: Հարություն Մերդինյանի կարիերայի ողջ ընթացքը նրա հետ անցած մարզիչն անչափ հպարտ էր ու ուրախ իր սանի եզրափակիչ անցնելու համար:
Անկեղծ հույզերը
Խաղերում տեղի էին տալիս բոլորի նյարդերը, անկախ նրանից հաշվի մեջ առաջ էին, հաջողությունն իրենց ձեռքերում էր, թե անսպասելի լքում էին պայքարը:
Միհրան Հարությունյանն իսկական «կրակ» էր, նա վերապրում էր այն ամենը, ինչ կատարվում էր գորգի վրա: Մարզիկի դեմքից կարելի էր հասկանալ խաղերի ողջ ընթացքը:
Թիմակցին չզիջեց նաեւ սովորաբար զուսպ Արթուր Ալեքսանյանը: Մարզիկի մոտ չափազանց մեծ էր հաղթելու ցանկությունն ու նա որեւէ կերպ դա թաքցնել չէր կարող:
Ծանրաձողի ամեն մի հաղթահարումը բուռն էմոցիաներ էր առաջացնում ծանրորդների մոտ: Երիտասարդ մարզիկներ Սոնա Պողոսյանն ու Սիմոն Մարտիրոսյանն անկեղծ ուրախանում էին յուրաքանչյուր հաջող փորձից հետո:
Չստացված փորձերը
Սպորտում հաճախ մրցակիցներից բացի մարզիկները նաեւ իրենց հետ են պայքարում ու, ցավոք, միշտ չէ, որ հաղթող են դուրս գալիս:
Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը եւս այդ պայքարում չկարողացավ կատարել իր առաջադրանքը, բայց մեծ փորձ ու անգնահատելի դաս քաղեց Օլիմպիադայից:
Ռուբեն Ալեքսանյանին մեկ մոտեցումը չբավականացրեց մեդալի համար պայքարել՝ արդյունքում նա 4-րդը եղավ: Արսեն Ջուլֆալակյանն ու Հովհաննես Դավթյանն իրենց 3-րդ Օլիմպիական խաղերում զիջեցին մեկնարկային գոտեմարտերում, Անդրանիկ Կարապետյանը ցավալի ու ծանր վնասվածք ստացավ:
Իր կամային որակներով եւս մեկ անգամ մեզ հիացրեց Հովհաննես Բաչկովը: Հենց առաջին ռաունդում հայտնվելով ռինգի հատակին՝ նա լիովին կերպարանափոխվեց ու կարողացավ կորզել հաղթանակը:
Հաղթական պահերը
Անկախ ամեն ինչից, սպորտը գեղեցիկ ու անմոռանալի են դարձնում հաղթանակները: Վերջում բոլոր մարզիկները չէ, որ մեդալակիր են դառնում, սակայն նրանք այնքան դժվարությունների միջով են անցնում, որ չհիանալ այդ ամենով հնարավոր չէ:
Միանշանակ, Օլիմպիադան մեզ համար անկատար կլիներ առանց մեդալների: Խաղերի վերջում ըմբիշներն ու ծանրորդները ամեն ինչ արեցին, խաղերը տոնի վերածելու համար:
Առանձնահատուկ գեղեցիկ ու տպավորիչ ստացվեցին Ալեքսանյանի ու Հարությունյանի հաղթանակները թուրք ու ադրբեջանցի մարզիկների նկատմամբ:
Օլիմպիական ընտանիքը
Հայաստանի Օլիմպիական հավաքականը Ռիոյում մեծաքանակներից չէր: Օլիմպիական ավանի շենքերից մեկի ընդամենը 2 հարկերում բնակվող մեր պատվիրակությունը, սակայն կարելի է ամենաջերմն ու ընտանեկանը համարել:
Այնտեղ՝ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր ու մի ամբողջ օվկիանոս հեռու, մեզ իսկապես տանն էինք զգում:
Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: