Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջին ուղեգիրը հեռացատկում նվաճել է Ամալիյա Շարոյան:
28-ամյա մարզուհին միայն 3-րդ փորձից հետո է կարողացել իրականացնել երազանքն ու կմեկնի Օլիմպիական խաղեր: Mediamax Sport-ն այսօր ներկայացնում է փորձառու Շարոյանին:
-Ինչպե՞ս ընտրեցիր աթլետիկան ու սկսեցիր առաջին քայլերդ կատարել:
-Երբ դեռ շատ փոքր էի, ծնողներս ինձ մարմնամարզության են տարել: Այնուհետեւ վոլեյբոլով եմ զբաղվել: 9-րդ դասարանում ընտրել եմ աթլետիական, ավելի ճիշտ դպրոցում են առաջարկել զբաղվել: Մի քանի օր գնացի, սկզբում չսիրեցի այն, այնուհետեւ մրցումներ եղան, ու ես լավ հանդես եկա: Մեկ տարվա ընթացքում արդյունքներս անընդհատ բարելավեցի ու որոշեցի մնալ:
-Ի՞նչ է նշանակում քեզ համար Օլիմպիական ուղեգիրը:
-Ես շատ երկար էի սպասել դրան: Ու վերջապես այս տարի Էլբասանում կայացած մրցաշարում ինձ հաջողվեց այն ձեռք բերել: Մինչ այդ ուղեգիրն ամենակարեւորն էի համարում, հիմա հասկանում եմ, որ առաջնայինն Օլիմպիական խաղերն են:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Դու ապրում ես Պետերբուրգում: Ինչպե՞ս են այնտեղ անցնում մարզումներդ:
-Պետերբուրգում մարզվում եմ նոր բացված մարզասրահում, այնտեղ են պատրաստվում նաեւ շատ ուժեղ մարզիկներ՝ Օլիմպիական խաղերի չեմպիոններ ու մեդալակիներ: Դա միանշանակ օգնում է, նաեւ նրանց շնորհիվ կարողացա ինձ լավ դրսեւորել ու ուղեգիր ապահովել: Տեսնելով բարձրակարգ մարզիկներ՝ ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչո՞վ ես պակաս, կամ ինչո՞վ են նրանք առավել: Պետք է պարզապես շատ աշխատել ու ձգտել առավելագույնին:
-Մարզիչն ամենակարեւոր մարդկանից մեկն է սպորտում: Ինչպիսի՞ն է քո մարզիչն ու ինչպե՞ս է ոգեւորում քեզ:
-Շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, իմ ամուսնու մարզիչն է եղել: Տիգրան Եղիկյանը միշտ տեսնում է սխալներս, գիտի հնարավորություններս: Մարզիչն ինձ միշտ ասում է, այդքան չարչարվել ես, չտեսնե՞ս արդյունքը:
-Ամուսինդ եւս մարզիկ է փաստորեն, իսկ ինչպե՞ս եք ծանոթացել:
-Մրցումների ժամանակ, մենք մեկնել էինք Սերբիայի Նովի Սադ քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի Գավաթին: Մինչ այդ իրար չէինք ճանաչում, նա Գյումրիից է: Սկսեցինք հանդիպել, շատ ընդհանրություններ ունենք: Նա էլ մարզիկ է ու ինձ շատ լավ է հասկանում:
-Ինչպե՞ս է սպորտն օգնում քեզ առօրյայում:
-Օգնում է անընդհատ շարժման մեջ լինել, լավ կառուցվածք ունենալ: Սպորտի շնորհիվ լավ ընկերներ եմ ձեռք բերել:
-Ո՞րն է եղել քո լավագույն արդյունքն ու ե՞րբ ես ցույց տվել:
-2013-ին ԱԱ-ում 400 մ արգելավազքում կատարել եմ Հայաստանի ռեկորդ՝ 57.97 վրկ: Այն մինչ այժմ գերազանցված չէ, ու նաեւ Օլիմպիական ուղեգրի ցատկն Ալբանիայում՝ 6,72 մ:
-Օլիմպիական խաղերի հետ կապված ի՞նչ հիշողություններ ունես:
-2008-ին շատ լավ մարզավիճակում էի, կարող էի մեկնել Պեկինի Օլիմպիադա, բայց վնասվածք սատացա ու չկարողացա ուղեգիր նվաճել: Այդ իսկ պատճառով շատ զայրացած էի ու չնայեցի այդ խաղերը, որպեսզի ավելի մեծ ցավ չապրեմ: 2012-ի լոնդոնյան խաղերին հետեւեցի, քանի որ Նատալիա Անտյուկը, որի հետ միասին էինք մարզվել, 400 մ արգելավազքում ոսկե մեդալ նվաճեց: Շատ ուրախալի էր:
-Հայաստանում քո սիրած վայրը որտե՞ղ է:
-Շատ եմ ուզում Տաթեւի վանքում լինել: Սիրում եմ Գառնին, Երեւանում՝ Կասկադը, Հաղթանակի զբոսայգին:
-Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու բրազիլացիները:
-Չունեն, ուղղակի քրիստոնյա են:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Եթե մասնակցեիր կարնավալի, ի՞նչ հանդերձանք կհագնեիր:
-Բրազիլացիների պես գունավոր ու փետուրներով շոր (ծիծաղում է):
-Վերջին անգամ ե՞րբ ես թատրոն գնացել:
-Մեկ ամիս առաջ Նարեկ Դուրյանի «Դոն Ժուան ավիա» ու «Մորաքույրը Փարիզից» ներկայացումներն եմ նայել:
-Հայերենում քո սիրած բառն ու անունը:
-Ջան, բոլորին այդպես եմ դիմում ու մայրիկիս անունը՝ Կարինե:
-Քո առավելություններն ու թերությունները:
-Մեկը կնշեմ՝ շատ համառ եմ: Ընտանիքում դա շատ է խանգարում է, իսկ սպորտում՝լրիվ հակառակն է: Եթե մարզիկն այդպիսին չեղավ, իր ուզածին հասնելու համառություն չունեցավ, ամեն ինչն էլ՝ ցավը, հոգնածությունը, վնասվածքները, կխանգարեն առաջ գնալ:
-Ինչո՞վ է քո մարզաձեւը տարբերվում բոլոր մյուսներից:
-Գեղեցկությամբ:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Հայտնիներից ո՞ւմ կհրավիրեիր ընթրիքի:
-Շարլ Ազնավուրին, միշտ ցանկացել եմ ֆրանսերեն սովորել ու խոսել նրա հետ:
-Ավարտիր նախադասությունները: Առանց ցավի հնարավոր չէ սպորտում…
-արդյունքի հասնել:
-Ինչքան էլ դժվար լինի, պետք է…
-միայն առաջ նայել:
-Սպորում ամենակարեւորը մեդալները չեն, այլ…
-հաղթանակը:
-Օլիմպիական խաղերի ժամանակ անպայման…
-կուզեմ մեդալով կանգնել պատվոհարթակին:
Ամալիյա Շարոյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: