Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի չորս անդամներից մեկը 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանն է:
Mediamax Sport-ն այս անգամ իր ընթերցողներին ծանոթացնում է Նարեկի հետ:
- Նարեկ, ինչո՞ւ ես ընտրել բռնցքամարտը:
- Հայրս ու հորեղբայրս բռնցքամարտիկ են եղել: Մեր տանն անընդհատ քննարկվում էր այս մարզաձեւը: Եղբայրս նույնպես գնաց մարզումների, մի որոշ ժամանակ անց ես էլ միացա նրան:
- Ե՞րբ հասկացար, որ այս մարզաձեւը քոնն է ու սկսեցիր ավելի լուրջ մարզվել:
- 13 տարեկան էի, երբ արդեն սկսեցի պատրաստվել Հայաստանի պատանիների առաջնությանը: Ես հասկացա, որ հաղթող դառնալով մեկ տարի անց կարող եմ մասնակցել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության: Սա ինձ ոգեւորեց, տրամադրեց ու բռնցքամարտին սկսեցի ավելի լուրջ նայել:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Ի՞նչ է տվել քեզ բռնցքամարտը:
- Միշտ ասում եմ, որ եթե չզբաղվեի բռնցքամարտով, միգուցե ծխեի, խմեի, բակում ուղղակի կանգնած լինեի ամբողջ օրը: Այն առաջին հերթին ինձ դաստիարակել է, ձեւավորել որպես մարդ: Բացի դա էլ, իմ մարզաձեւի ու նվաճումների շնորհիվ ծառայել եմ սպորտային վաշտում, հիմա անվճար եմ սովորում: Շնորհակալ եմ իմ մարզաձեւին, որի շնորհիվ ես այսպիսնն եմ:
- Խոսենք Օլիմպիական խաղերից: Ապրիլին ուղեգիր նվաճեցիր Թուրքիայում եւ այն ժամանակ, երբ Արցախում ինտենսիվ մարտեր էին ընթանում:
- Մենք դեռ Երեւանում էինք, երբ Ադրբեջանը սկսեց հարձակումը: Մեզ ասացին, որ Թուրքիա չենք մեկնելու: Շատ լարված էինք բոլորս, չէ՞ որ պատրաստ էինք, տանջվել էինք, երազանքներ ունեինք… Սակայն ի վերջո որոշվեց, որ գնում ենք, ինչի համար ուրախացանք:
- Ինչպիսի՞ն էր ձեր տրամադրվածությունը:
- Հայ զինվորներն էին զոհվում, խաղաղ բնակչությունը… հեշտ չէր: Դա մեզ վրա շատ էր ազդել, ջղայնացրել: Կարծես պատերազմի լինեինք գնացած: Խնդիր կար մեր առջեւ դրված, որը պետք է ամեն գնով կատարեինք: Հավաքված, տրամադրված պայքարեցինք ու հաղթեցինք:
- Ռիոյում հեշտ պայքար չի լինելու: Ինչպե՞ս ես տեսնում քո ելույթն այնտեղ:
- Վարկանշային մրցաշարի ժամանակ ես հասկացա, որ պետք է հավատալ ու պայքարել մինչեւ վերջ: Սա փորձ ու վստահություն է տվել, անկարելի ոչինչ չկա: Նույնը նաեւ Օլիմպիական խաղերն է՝ պետք է տրամադրվել, կռվել մինչեւ վերջ ու հասնել քո նպատակին:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Երբ ասում են Բրազիլիա, ի՞նչ ես պատկերացնում:
- Ֆուտբոլ ու կառնավալ: Միշտ երազել եմ մասնակցել այդ տոնակատարությանը, երբ ամեն ինչ ուրախ է, վառ գույներով… կարծում եմ, անչափ հետաքրքիր կլինի մասնակցել:
- Իսկ ի՞նչ կոստյում կհագնեիր:
- Բեթմենի (ծիծաղում է):
- Քանի՞ անգամ է Հարավային Ամերիկայում Օլիմպիադա անցկացվել:
- Մի րոպե մտածեմ: Երեւի ոչ մի անգամ (Բրազիլիան Հարավային Ամերիկայի առաջին երկիրն է, որ ընդունում է Օլիմպիական խաղեր- խմբ):
- Կա՞ մարզիկ, որին կցանկանաս հանդիպել Ռիոյում:
- Բռնցքամարտիկ Մեննի Պակյաոյին կցանկանամ տեսնել:
- Ո՞րն է եղել առաջին Օլիմպիադան, որ հեռուստացույցով նայել ես:
- 2004-ին էր: Ալեքսանդր Նալբանդյանն էր մասնակցում, չինացու հետ մեդալի համար մենամարտում պարտվեց:
- Հաղթական ելույթից հետո առաջինը ո՞ւմ ես զանգում:
- Հայրիկիս համար բռնցքամարտ-Նարեկ բառակապակցությունն ուրիշ աշխարհ է: Մեկ-մեկ մտածում եմ, եթե թողնեմ սպորտը, հայրս իրեն լավ չի զգա: Հաջողությունից հետո առաջինը հենց նրան եմ զանգում, քանի որ ամենաշատը նա է սպասում լուրերի:

Լուսանկարը` Մեդիամաքս
- Վերջին անգամ ե՞րբ ես թատրոն գնացել
- Երեւի մեկ տարի առաջ: Սփյուռքի ու Հայաստանի երիտասարդության մասին էր՝ ինչպես ենք մենք ապրում, ինչ ընդհանրություններ ունենք, ինչպես պետք է կապվենք միմյանց հետ:
- Քո սիրած վայրը Հայաստանում:
-Սիսիանի Որոտան (Ուրուտ) գյուղն է: Այն պարզապես հրաշալի վայր է, հարուստ բնական բուժիչ ջրերով: Ձմռանը գնացել էի, երկու մետր ձյունը նստած, իսկ դու լողում ես այդ բնական տաք ավազանում: Խորհուրդ կտամ անպայման գնալ այնտեղ:
- Ես քեզ կտամ կիսատ նախադասություններ, դու դրանք շարունակիր: Աշխարհում պետք է դադարեցվեն պատերազմները, որովհետեւ…
- կյանքում կա սեր:
- Սպորտից բացի կցանկանամ ունենալ…
-լավ ընտանիք, երեխաներ, որոնց հետ ես մեծ հաճույքով կանցկացնեմ իմ ժամանակը:
- Հայաստանի մարզական աշխարհն ինձ կհիշի որպես…
-տաղանդավոր բռնցքամարտիկ:
- Օլիմպիական խաղերին մասնակցելն արդեն հաղթանակ է նախադասությունը…
- ինձ համար չէ:
Նարեկ Աբգարյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նախագծի գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: