Ապրիլ 18, 2025
exclusive
13178 դիտում

Մաքսիմ Մանուկյան. Սպորտում պետք է ամեն ինչ անել, որ հետո չափսոսաս


Մաքսիմ Մանուկյանը
Մաքսիմ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունահռոմական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն անհամբերությամբ է սպասում ամռանը կայանալիք Օլիմպիական խաղերին, որոնք նրա համար առաջինն են լինելու:

Mediamax Sport-ը զրուցել է մարզիկի հետ ու մի քանի բացահայտումներ արել:

-Օլիմպիական ուղեգիրը շատ դժվար պայքարում նվաճեցիր: Որո՞նք էին առաջին մտքերդ այդ հաջողությունից հետո:

-Իսկապես, շատ դժվար պայքար ստացվեց, վաղուց էի սպասել այդ հաջողությանը: Վերջապես կարողացա ապահովել տեղս մեր Օլիմպիական թիմում: Հիմա արդեն մտածում եմ խաղերում մեդալ նվաճելու մասին: Շատ լավ նախապատրաստվում ենք, ու մեծ ակնկալիքներ ունեմ:

-Մաքսիմ, իսկ ինչպե՞ս ես հայտնվել ըմբշամարտի դահլիճում:

- Առաջին քայլերս սկսել եմ կատարել 10 տարեկանում: Եղբայրս էր առաջինը սկսել զբաղվել ըմբշամարտով, ես էլ հետեւեցի նրա օրինակին: Ֆիզիկապես ուժեղ էի, հաղթում էի մրցակիցներիս ու դա ինձ շատ էր դուր գալիս: Սակայն մոտ 9 տարի մարզվելուց հետո հեռացա սպորտից: Պարզապես պարտությունների պատճառով հիասթափվել էի ըմբշամարտից: Ժամանակ անցավ, ավելի հասունացա, շատ բան հասկացա ու վերադարձա:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Իսկ երբ վերադարձար, հավատո՞ւմ էիր, որ մի օր քեզ հաջողվելու է մասնակցել Օլիմպիադայի:

-Բնականաբար, հավատում էի, հենց դրա համար էլ հետ եկա: Շատ մարդկանց գիտեմ, որոնք ասում էին, եթե փոքր տարիքում սպորտը չթողնեին, հաստատ հաջողություններ կգրանցեին: Ես չէի ցանկանում նրանցից մեկը լինել, պետք է ամեն ինչ անել հետո ափսոսանքի պահեր չունենալու համար:

-Իսկ ո՞վ է հայ ըմբիշներից միշտ օրինակ եղել քեզ համար:

-Թիմակիցներս՝ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը: Տղաներն իմ ընկերներն են, նրանց հաղթանակները միշտ ուրախացնում են ինձ: Առհասարակ մեր թիմը լավն է ու միասնական, շատ ջերմ հարաբերություններ ունենք, մի կուռ կոլեկտիվ ենք:

-Ո՞ր Օլիմպիական խաղերն են ամենաշատը տպավորել քեզ:

-Լոնդոնի Օլիմպիական խաղերը, որովհետեւ Արթուրն ու Արսենը կարողացան մեդալներ նվաճել: Մինչ այդ Օլիմպիական խաղերն առհասարակ ինձ չէին հետաքրքրում, իսկ 2012-ին արդեն վերադարձել էի սպորտ ու թիմակիցներիս ելույթները մեծ ոգեւորությամբ էի նայում: Հետեւել եմ նաեւ իմ քաշային կարգի մարզիկների պայքարին:

-Եթե բրազիլացի լինեիր, ի՞նչ մարզաձեւով կզբաղվեիր:

-Միեւնույն է ըմբիշ կլինեի (ծիծաղում է):

Լուսանկարը` Մեդիամաքս


-Կարնավալի մասնակցելու դեպքում, ի՞նչ հանդերձանք կկրեիր:

-Ամեն ինչ Օլիմպիական խաղերի արդյունքից է կախված: Բայց հավանաբար սպորտային հանդերձանքով կմասնակցեի, այդպես ավելի հարմար է:

-Երբեւէ նայե՞լ ես բրազիլական սերիալ:

-Պատահել է, հայկական հեռուստաընկերությունները շատ են ցույց տալիս, ու տնեցիները նայելիս իմ աչքով էլ է ընկել:

- Որպես մարզիկ որո՞նք են քո ուժեղ կողմերը: 

-Գորգի վրա շատ արագ եմ գործում, դա ինձ միշտ է օգնում:

-Ինչպե՞ս կբնութագրես քեզ:

-Շատ քչախոս եմ ու առհասարակ չեմ սիրում երկար խոսել: Այսօր էլ բացառություն արեցի: Այնպես որ, ձեր բախտը բերել է:

-Շնորհակալ եմ: Մաքսիմ, իսկ ի՞նչ ես ձեռք բերել ու կորցրել սպորտի շնորհիվ:

-Ոչինչ չեմ կորցրել, լավ ընկերներ եմ ձեռք բերել, ճանապարհորդել: Հաճախակի մտածում եմ, ով կլինեի ես, եթե չվերադառնայի սպորտ: Այնպես որ, շատ կարեւոր քայլ եմ արել:

-Եթե այսօր երեկոյան ձեր տուն հյուր գանք, ի՞նչ կպատրաստես մեզ համար:

-Կախված է, թե ինչ եք սիրում: Լավ պատրաստել չեմ կարողանում, բայց հիանալի տեղ գիտեմ, որտեղ հրաշալի խորոված ձուկ են պատրաստում: Կգնանք այնտեղ ուտելու:

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ամենագեղեցիկ մարզաձեւն ըստ քեզ:

-Թենիս:

-Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:

-«Կարգին հաղորդումը»: Հաճախակի վերանայում եմ:

-Եվ վերջում ավարտիր նախադասությունները: Փոքր տարիքում երազել եմ….

-Աշխարհի չեմպիոն դառնալ:

-Օլիմպիական խաղերից հետո անպայման….

-հանգստանալու եմ մեկնելու:

-Մարդկանց մեջ ամենաշատը գնահատում եմ…

-անկեղծությունը:

-Ըմբշամարտը պարզապես սպորտ չէ, այն….

-կյանք է:

Մաքսիմ Մանուկյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Նախագծի գործընկեր 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին