Դեկտեմբեր 23, 2024
exclusive
32101 դիտում

Բրայանտի կարիերայի անմոռանալի պահերն ու մոտիվացնող խոսքերը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` The Sun

Լուսանկարը` cnn.com

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` AP

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` the sun

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Փետրվարի 24-ին Լոս Անջելեսում կայացավ լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հրաժեշտի միջոցառումը: «Լոս Անջելես Լեյքերսի» տնային Staples Center-ում, որտեղ այնքան հանդիպումներ է անցկացրել բասկետբոլիստը, հավաքվել էին նրա հարազատ մարդիկ ու երկրպագուները: Փետրվարի 28-ին կլրանա 1 ամիսը, ինչ ուղղաթիռի վթարից մահացել են Բրայանտն ու նրա 13-ամյա դուստրը:

Mediamax Sport-ը հավաքել է Բրայանտի կարիերայի ամենավառ, տպավորիչ ու հաղթական կադրերը, որոնցով  կհիշենք Սեւ Մամբային:

Մինչ աշխարհահռչակ բասկետբոլիստ դառնալը, Կոբի Բրայանտը Ֆիլադելֆիայի դպրոցի աշակերտ էր: Նրա տաղանդն ու աշխատասիրությունը դեռ այդ տարիներին էին երեւում: Բրայանտը մարզումների էր գնում առավոտյան 5-ին, որպեսզի դասերից առաջ էլ հասցնի պարապել: Մարզադահլիճ էր շտապում նաեւ օրվա վերջում:

Բրայանտը հրաժարվեց քոլեջում սովորելուց NBA-ի պահեստայինների թիմում լինելու համար, որտեղ ընդգրկվեց 1996 թվականին ու ընդամենը 13-րդ տեղով:

Լուսանկարը` cnn.com


Պատանի բասկետբոլիստը միանգամից դպրոցական նստարանից հայտնվեց NBA-ում՝ «Լոս Անջելես Լեյքերսում» ու մրցաշարի պատմության ամենաերիտասարդ խաղացողը դարձավ: Այդ ժամանակ դեռ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե հետագա 20 տարիների ընթացքում ճապոնական Կոբե քաղաքի պատվին անունը ստացած բասկետբոլիստը որքան հեռուն կարող է գնալ:

Ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս դառնալ Աշխարհի լավագույն բասկետբոլիստը: Ու քանի որ նպատակս սովորելն էր, դա պետք է անեի լավագույնների կողքին:

Լուսանկարը` The Sun


Բրայանտն աստիճանաբար հաստատվեց նոր թիմում ու դարձավ Շաքիլ Օ'Նիլի թիմակիցը: Աստղային խաղացողների հարաբերություններն այնքան էլ հարթ չէին, բայց նրանք կարողանում էին միասին միավորներ վաստակել ու հաղթանակներ բերել «Լեյքերսին»: Այստեղ նրանք 1999 թվականին Staples Center-ում են տնային խաղից առաջ:

Լուսանկարը` cnn.com


2001-ին Բրայանտն արդեն բազմաթիվ գեղեցիկ դանքերի հեղինակ էր դարձել: Այս մեկը «Լեյքերսի» 8 համարը կատարեց «Նյու Ջերսիի» հետ խաղում:

Հիմա կարող ես շնչել նույն օդը, ինչ Մեջիքը, Կարիմն ու մյուս մեծագույն խաղացողները: Բայց միեւնույն է գլխավոր նպատակը չեմպիոնությունն է, մնալ վերջին թիմը, որը խաղում է հունիսին, հենց դա է ինձ ստիպում աշխատել: Աշխարհում ոչինչ դրա հետ համեմատվել չի կարող, չեմպիոն դառնալ նշանակում է լավագույնը լինել կամ բարձրանալ այն սարի գագաթը, որը քեզ կանչում է: Հիմա ես հաղթանակի ավելի մեծ քաղց ունեմ, քան առաջ: Երբ համտեսում ես տորթի մի կտորը, ավելին ես ցանկանում:

Լուսանկարը` Getty Images


ԱՄՆ-ում, ի տարբերություն շատ երկրների, ազգային օրհներգը հնչում է ոչ միայն հավաքականների հանդիպումների, այլ նաեւ առաջնությունների ժամանակ: Բրայանտը «Լեյքերսի» տնային հերթական խաղից առաջ օրհներգն է լսում:

Եթե տեսնում եք ինձ արջի հետ մենամարտի բռնվելիս, աղոթեք արջի համար: Մենք չենք թաքնվում կամ փախչում: Մենք դիմանում ենք ու հաղթում:

Լուսանկարը` Getty Images


2001 թվականին չեմպիոններ հռչակվելուց հետո «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստները Սպիտակ Տանը հյուրընկալվել են նախագահ Ջորջ Բուշին, որը պահում է Բրայանտի նվիրած չեմպիոնական շապիկը:

Նախանձողներ ունենալն իրականում լավ պրոբլեմ է: Ոչ ոք չի սիրում հաջողակներին: Ատում են հզորներին:

Լուսանկարը` AP


Կոբին չափազանց պահանջված էր ու մեծ հետաքրքրություն էր վայելում լրատվամիջոցների կողմից: Լուսանկարելու առաջարկներ շատ էր ունենում, նրանից մեկն է: 2008-ին տեսախցիկը ֆիքսել է նրա ու ավագ դստեր՝ Նատալիայի գեղեցիկ համբույրը Կալիֆորնիայում Բրայանտների տանն արված նկարահանումների ժամանակ:

Լուսանկարը` Getty Images


Այստեղ էլ Սեւ Մամբան 2009 թվականին տոնում է NBA-ի եզրափակչում «Օռլանդո Մեյջիքի» նկատմամբ տարած հաղթանակը: Նրա թիմը հաղթել է 99:86 հաշվով ու 15-րդ տիտղոսը նվաճել: Բրայանտը վաստակել է 30 միավոր:

Լուսանկարը` Getty Images


2 տարի անց բասկետբոլիստը նորից տոնում է հաջողությունը, այս անգամ «Բոստոն Սելթիքսի» հետ խաղում են առավելության հասել: Լուսանկարը շատ էմոցիոնալ ու տպավորիչ է ստացվել:

Առաջատար դառնալու համար պետք է միայնակ լինել: Մարդիկ կարծում են, որ հաղթում են կամ հաջողության հասնում նրանք, ում գրկում են ու նրանց պատվին երգեր կատարում, սակայն իրականում ամեն ինչ այլ է: Եթե ուզում եք իսկական առաջատար դառնալ, չեք փորձելու ոչ մեկին գոհացնել: Ձեր պարտականությունն է անել այնպես, որ մարդիկ սովորեն պատասխանատվություն կրել:

Լուսանկարը` Getty Images


Բասկետբոլիստի կարիերայում քիչ չեն եղել նաեւ հաջողություններն ԱՄՆ-ի հավաքականի կազմում: 2008 թվականին նա դարձել է Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն:

Ոսկե մեդալս չեմ հանել Պեկինից Չիկագո թռչելու ողջ 13 ժամվա ընթացքում: Օլիմպիական խաղերում հաղթանակն անհամեմատելի կարեւոր է NBA-ում գրանցածից:

Մինչ այդ նվաճմանը հասնելն ԱՄՆ-ի թիմը շատ երկար ու ծանր ճանապարհ էր անցել 1-ինը լինելու համար: Պատմում է Բրայանտի թիմակից Դուեյն Ուեյդը, որի հետ լուսանկարում «համտեսում» են իրենց Օլիմպիական ոսկին:

ԱՄՆ-ի ընտրանին առաջին հավաքն էր անցկացնում խաղերից առաջ, Լաս Վեգասում էինք ու ամբողջ թիմով հորանջելով նախաճաշում էինք, երբ ամբողջովին հոգնած ու քրտինքի մեջ կորած Կոբին ներս մտավ: Նրա ծնկներին սառույցով լի պարկեր էին ամրացված: Չդիմացա ու հարցրի. «Գրողը տանի, եղբայրս, ժամը 8-ն է, այդ որտեղի՞ց ես գալիս»: Պարզվեց՝ նա 3 ժամ մարզվելիս է եղել: Մնացածս նստել էինք այնտեղ ու մտածում էինք՝ չէ, պետք է վերափոխել ամբողջ կյանքն ու սպորտի նկատմամբ վերաբերմունքը: Այդ տեսարանը հավաքին նոր ռիթմ հաղորդեց: Հենց այդպիսին էր իրական Կոբին:

Լուսանկարը` the sun


4 տարի անց էլ Բրայանտն Օլիմպիական կրկնակի չեմպիոն դարձավ, փայլեց Կեւին Դյուրանտի ու Լեբրոն Ջեյսմի հետ նույն թիմում:

Հաղթանակն ամեն ինչից վեր է: Այն պահը, երբ հանձնվում եք, թույլ եք տալիս մեկ ուրիշը հաղթող դառնա: Երբ ասում ենք, որ որեւէ բան չենք կարող, ինքներս մեզ թալանում ենք: Իմ ուղեղը չի կարող վերարտադրել անհաջողությունը կամ ընդունել այն: Երբեք չեմ կարող հայելու առաջ նայել դեմքիս ու ասել, որ անհաջողակ եմ: Դա մահից էլ սարսափելի կլինի:

Լուսանկարը` Reuters


2017-ին եկավ բասկետբոլից հեռանալու ժամանակը: Մինչ այդ Բրայանտն արդեն հուզիչ նամակով ցտեսություն էր ասել բասկետբոլին, հիմա երկրպագուներին հրաժեշտ տալու հերթն էր: Նա չէր վախենում ավարտել կարիերան, նույնիսկ այդ ամենը հետաքրքիր էր համարում:

Դրանում է կյանքի գեղեցկությունը, երբ որեւէ ցիկլ ավարտվում է: Իմ կարիերան աճելու ու կայանալու երկար ճանապարհ էր: Տխրելու ոչ մի պատճառ չկա: Գեղեցկություն եմ տեսնում այն ամենում, որ պաշտպաններին այլեւս չեմ շրջանցելու: Գնահատում եմ այն ամենն, ինչ ունեցել եմ:

Լուսանկարը` Getty Images


Բրայանտը լեգենդար բասկետբոլիստ էր, որը գիտեր ոչ միայն իրեն, այլ նաեւ հազարավոր մարդկանց մոտիվացնել:

Հնարավոր է՝ որեւէ մեկին զարմացնեմ կամ հիասթափեցնեմ, բայց ես բասկետբոլ փառքի համար չեմ խաղում, ուշադրության կամ էլ երկրպագուների սիրո: Այդ ամենը չէ, որ ինձ ոգեշնչում է, ստիպում գնալ մարզադահլիճ ու անվերջ պարապել: Ես խաղում եմ, որ հաղթեմ:

Լուսանկարը` Getty Images

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին