Դեկտեմբեր 23, 2024
exclusive
1274 դիտում

Իմ ապրած Փարիզ-2024-ը. Քեզ համար, մայրիկ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Փարիզի Օլիմպիական խաղերը 3-րդն ու թերեւս ամենաէմոցիոնալն էին ինձ համար։ Պատճառն ամենեւին էլ Փարիզը չէր, պարզապես այս խաղերը շատ անձնական ու ցանկալի էին։

Ինչպես մարզիկները, լրագրողները եւս Օլիմպիական խաղեր մեկնելու պայքարը սկսում են մեկնարկից տարիներ առաջ։ Ռիոյի ու Տոկիոյի խաղերին մասնակցելուց հետո կրկին դիմել էինք հավատարմագրում ստանալու համար։ Փարիզ մեկնելն ավելի շատ մայրիկիս, հետո նոր իմ ցանկությունն էր։ Նրա մեծագույն երազանքն էր, որ ինձ ճանապարհի իմ 3-րդ խաղերին ու ցանկացած մրցում (նույնիսկ եթե հայերը չեն մասնակցում) ուշադիր հետեւի հեռուստացույցով։ Նրա համար կարծես ես լինեի Օլիմպիական խաղերի մասնակից կամ մեդալակիր։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցավոք, երբ վերջնականապես հաստատվեց իմ՝ Փարիզ մեկնելը, մայրիկս արդեն վատառողջ էր, բայց ամեն օր սպասում էր այդ նորությանը։ Փարիզ-2024-ից ստացած հաստատման լուրին արձագանքեց մեծագույն ուրախությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փարիզի կազմկոմիտեն շատ մեծ ծավալի աշխատանք էր տարել խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Ֆրանսիան աշխարհին ներկայացավ ոչ միայն սպորտով, այլ նաեւ հարուստ պատմությամբ, մշակույթով, արվեստով, երաժշտությամբ ու նորաձեւությամբ։ Մրցումային վայրեր ընտրել Վերսալը, Ալեքսանդր 3-րդի կամուրջը, Էյֆելյան աշտարակը կամ էլ Հաշմանդամների պալատը, պարզապես հիացմունքի են արժանի։ Խոստովանենք, որ տարիներ անց մրցման լուսանկար դիտելուց մարդիկ տեսնելու են նաեւ այդ հայտնի վայրերը, որոնք հերթական անգամ հիացնելու են բոլորին։

Քանի որ արդեն ներկայացրել ենք զուտ մարզական լուսանկարները, այս նյութում կցանկանայի անդրադառնալ Փարիզին։ Մենք փորձեցինք ամեն մի ազատ վայրկյանն օգտագործել քաղաքը բացահայտելով։ Ֆրանսիայի մայրաքաղաքում եղած տարբեր մարդկանցից միշտ լսել եմ հակասական կարծիքներ՝ Փարիզը կամ սիրում են, կամ՝ ոչ։ Ես դասվեցի սիրողների թվին։ Ինչո՞ւ։ Միգուցե, որովհետեւ, չնայած միլիոն բնակչությանն ու զբոսաշրջիկներին, այն անաղմուկ էր, հանգիստ, գրավիչ, խորհրդավոր, լուսավոր։

Լուսանկարը` Մեդիամաքս


Միգուցե պարզապես նրա համար, որ այս կամ այն փողոցով քայլել են Հյուգոն, Ռոդենը, Վան Գոգը, Քրիստիան Դիորը, Կոկո Շանելը, Էդիթ Պիաֆը, Շառլ Ազնավուրը եւ այլ հանրահայտ ու տաղանդավոր մարդիկ։ Ինքս էլ հստակ չգիտեմ, բայց Փարիզն, իսկապես, սիրո քաղաք է ու կարողանում է այնպես անել, որ սիրահարվես հենց իրեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փարիզում քայլեք, շատ քայլեք, հաստատ չեք հոգնի։ Ամեն մի անկյուն տպավորիչ է ու պատմական։ Միայն քայլելով կարող եք բացահայտել քաղաքի չերեւացող կողմը։ Քայլեք Կոնկորդի հրապարակում, Տուլիրեյան, Լյուքսեմբուրգյան այգիներում, Տրոկադերոյում, Մոնմարտրում, իհարկե, Ելիսեյան դաշտերում։ Չմոռանաք Հաղթական կամարը, որի տակով անցել են Ֆրանսիայի տարբեր ժամանակների բանակները։

Լուսանկարը` Մեդիամաքս


Չնայած արեւն ահավոր այրում է, բայց դեպի Սեն ընկած վայրերում գետից եկող քամին կհովացնի։ Չզարմանաք, եթե անամպ երկնքից րոպեներ անց անձրեւ տեղա ու նույնիսկ չհասցնեք մտնել ծածկի տակ։ Ամեն դեպքում, անձրեւային Փարիզը եւս գեղեցիկ է, որովհետեւ ընկնող լույսերն այնպիսի արտացոլանք են ստեղծում, որ դիմակայելն անհնար է։

 

Անպայման նավ նստեք, ավելի քան 1 ժամ շրջեք ու ծանոթացեք քաղաքի պատմական վայրերին։ Մի զլացեք ու ձեզ ձեռքով անող բոլոր մարդկանց պատասխանեք, նրանք մեծ ոգեւորությամբ բարեւում են Սենի վրայով անցնող տասնյակ կամուրջներից, ափից ու կողքով անցնող այլ նավերից։

Լուսանկարը` Մեդիամաքս


Քաղաքում միշտ ձեզ կուղեկցի Էյֆելյան աշտարակը։ Ուր էլ լինեք, այն փարոսի նման երեւում է ու անհասկանալի ուժով ձգում դեպի իրեն։ Փարիզում անհնար է չհիանալ բոլոր կառույցներով, բայց Էյֆելն իր բարձր տեսքի, խորհրդավորության ու գիշերները նաեւ լուսավորության շնորհիվ ամենապահանջված վայրն է։ Փարիզում ոչ միայն գեղեցիկ տեսարան բացվում է դեպի Էյֆելյան աշտարակը, այլ բացվում է հենց աշտարակի վրայից։

Եթե որոշել եք բարձրանալ, ապա նախապես տոմս ամրագրեք, այլապես կամ մեծ հերթի մեջ կհայտնվեք, կամ էլ չեք կարողանա ընդհանրապես տոմս ձեռք բերել։ Խորհուրդ կտամ տոմս գնել մինչեւ կտուր, որովհետեւ 2-րդ հարկից գրեթե ոչինչ չի երեւում ու պարզապես անիմաստ ծախսած կլինեք ձեր փողերը։ Իսկ ահա աշտարակի ամենավերեւում կվայելեք իրական գեղեցկությունը՝ ձեր ոտքերի տակ է շողշողացող Փարիզը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փարիզում տարբեր նախասիրությունների տեր մարդիկ կգտնեն զբաղմունք։ Իմ ազատ ժամանակի զբաղմունքը թանգարաններ այցելելն էր։ Բախտավորություն է լրագրող լինելն ու անցագիր ունենալը, որովհետեւ բոլոր դռներն անվճար բացվում են քեզ համար՝ Լուվրից մինչեւ Պանթեոն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Անսահման հիացած ու տպավորված եմ Ռոդենի, Օրսեի, Օրանժերի, Հյուգոյի, Հաշմանդամների տանը տեղակայված ռազմական թանգարաններով, Պանթեոնով, Նապոլեոնի դամբարանով։ Անկարելի է բառերով փոխանցել այս տեղերում պահվող իսկական գանձերը։ Փարիզի թանգարաններով անկարելի է չհիանալ, ամեն բան արված է գեղեցիկը ընկալելու, փոխվելու ու կրթվելու, զարգանալու ու մտորելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս


Միգուցե տարօրինակ է, բայց այս ցուցակում չեմ առանձնացնում աշխարհահռչակ Լուվրը։ Այստեղ պահվող հարստությունն անգնահատելի է, բայց հիասթափություն մոտս առաջացավ հենց սկզբից, երբ տեսա, թե ինչպես է նրա շրջակայքը վերածվել կոմերցիոն տարածքի։ Բուն թանգարանում եւս ես չկարողացա զգալ արվեստի շունչը․ բոլորը վազում էին դեպի Մոնա Լիզա, իսկ Մոնա Լիզայով հիանալու ժամանակ յուրաքանչյուրին տրվում էր մեկ վայրկյան։ Իմ նպատակն այստեղ Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատություն»-ն էր, բայց այն եւս վայելել չստացվեց մարդկանց մեծ հոսքի պատճառով։

Այս ամենը բացակայում էր, օրինակ, հիանալի Օրսե թանգարանում, որը եւս բազմամարդ էր, բայց միեւնույն ժամանակ հանգիստ ու տրամադրող։  

Լուսանկարը` Մեդիամաքս


Չմոռանաք Վերսալի մասին, բայց այստեղ անցկացրեք ամբողջական օր։ Այս հսկայական պալատին ծանոթանալու  համար պետք չէ շտապել։ Շրջեք ու տեսեք եվրոպական մշակույթի, նկարչության, բարձրաշխարհիկ կյանքի ամեն մի մանրուք։ Ապշեք, զարմացեք ինչքան կուզեք, Վերսալը դա ձեզ հաստատ կպարգեւի։

Լուսանկարը` Մեդիամաքս


Պալատից դուրս գալուց հետո անցեք Վերսալի այգիներ, վայելեք երգող շատրվանները, որոնք շոգ օրը նաեւ կզովացնեն ձեզ։ Պարզապես զբոսնեք՝ անցնելով այն վայրերով, որոնցով ժամանակին քայլել են թագավորները եւ զմայլվեք անկրկնելի քանդակներով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Էլ ինչ Փարիզ առանց նորաձեւության։ Եթե սիրում եք այս ոլորտը, ապա Դիորի տունը հենց ձեզ համար է։ 1940-ականների վերջին հիմնադրված նորաձեւության տունը լրիվ այլ աշխարհ է, որը ներկայացնում է աշխարհահռչակ Քրիստիան Դիորի ու նրա ստեղծած բրենդի պատմությունը։ Իհարկե, գնացեք Վենդոմ հրապարակ, որտեղ գտնվում են բոլոր հայտնի բրենդները։ Կոկո Շանելի տանը չմոռանաք խնդրել ձեզ ուղեկցեն հայտնի աստիճանների մոտ, որտեղից մադումազել Շանելը գաղտնի հետեւում էր իր ցուցադրություններին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենահայտնի խանութներից մեկն էլ Ֆրենսիս Քյուրքչյանի տունն է, որը հայտնի է իր հիանալի օծանելիքով։ Ի դեպ, օծանելիքի թանգարանում եւս շրջայց ունեցեք ու նաեւ պատրաստեք ձեր օծանելիքը՝ հետո կնվիրեք ամենասիրելի մարդուն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քիչ ցրվելու ու զվարճանալու համար լավագույն թանգարանը Գրեվինի մոմե արձանների թանգարանն է։ Սա միակն տեղն է, որտեղ ոչ ոք ձեզ չի արգելի ձեռք տալ հայտնի մարդկանց։ Գրեվինի թանգարանը շատ ինտերակտիվ է, լավ ժամանակ անցկացնելու համար կան բոլոր պայմանները՝ նկարվիր Շառլ Ազնավուրի հետ, գրկիր Էմանուել Մակրոնին, եղիր Շառլ դը Գոլի վարորդը կամ համբուրիր Զինեդին Զիդանին, երգիր քո սիրելի երգը կամ էլ պարիր 80-ականների դիսկո երաժշտության տակ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գնացեք Մուլեն Ռուժ եւ ականատեսը եղեք աննկարագրելի կաբարեի։ Երաժշտությունը, արտիստների ճկունությունը, գեղեցիկ զարդերը, պարերը, բեմի ձեւավորումը․ ամեն բան մտածված ու ճաշակով է։ Ի դեպ, Մուլեն Ռուժն այն վայրերից է, որտեղ պետք է գնալ երեկոյան հագուստով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե չեք ցանկանում կտրվել հայկականից, այցելեք Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով կառուցված եկեղեցին կենտրոնում է, Դիորի նորաձեւության տան մոտ։ Այն փոքր է, բայց մեծ արժեք է ներկայացնում։ Մեծագույն հաճույք էր կիրակի օրը ներկա լինել Պատարագին այն եկեղեցում, որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել զորավար Անդրանիկի պսակադրությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ի դեպ, Պեր Լաշեզ գերեզմանատանը ժամանակին ամփոփված էր Անդրանիկի աճյունը։ Հայաստան տեղափոխվելուց հետո արձանը չի ապամոնտաժվել ու իր պատվավոր տեղն ունի ոչ միայն Ֆրանսիայի, այլ ամբողջ աշխարհի ամենահայտնի գերեզմանատանը։ Հսկայական այդ վայրում հեշտ գտանք այն, քանի որ մուտքի մոտ հանդիպած աշխատող Կարենը հայ էր եւ իր մեքենայով հասցրեց մեծ զորավարի արձանի մոտ։ Պանթեոնում էլ այցելեք Միսաք եւ Մելինե Մանուշյանիններին նվիրված բաժին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկոյան Փարիզը եւս տպավորիչ է։ Նստեք մի տիպիկ ֆրանսիական սրճարանում ու դիտեք անցորդներին։ Վայելեք թեթեւ կրուասանը եւ դաջեք ամեն մի վայրկյանը ձեր հիշողությունում։

Փարիզի մասին կարելի է գրել անվերջ։ Ամեն դեպքում, իմ տպավորություններն են այդպիսին։ Կարճ, հագեցած, լարված, դահլիճից դահլիճ վազքի ընթացքում ժամանակ գտնելն այդքան էլ հեշտ չէր, բայց մեզ դա հաջողվեց անել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսպիսինն էր Փարիզը, այն Փարիզը, որը ես ապրեցի ոչ միայն ինձ, այլ նաեւ մայրիկիս համար։ Օլիմպիական խաղերում ես մեդալներ չնվաճեցի, բայց այնտեղ ունեցած մասնագիտական հաջողությունն ու պարզապես թանգարան այցելելս նվիրեցի մայրիկիս։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ու երբ բացման արարողության ժամանակ հորդառատ անձրեւից ամբողջովին թրջված ու մրսած անհամբեր սպասում էի ավարտին, լսվեց Սելին Դիոնի ձայնը, որը կատարեց Էդիթ Պիաֆի հայտնի Hymne à l'amour (Սիրո օրհներգ) երգը։ Ամեն բան այնքան հուզիչ էր, այնքան սրտաճմլիկ, որ ես մոռացա ամեն բան, փաթաթեցի ու պահեցի լուսանկարչական ապարատը եւ հորդառատ անձրեւի ու ոչ պակաս հորդառատ արցունքների միջով անթարթ նայեցի Էյֆելյան աշտարակին ու շշնջացի․ «Քեզ համար, մայրի՛կ»։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին