Դեկտեմբեր 23, 2024
495 դիտում

Ծառուկյան. Շնորհակալություն մարզիկներին՝ հպարտություն պարգեւելու համար


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ երեկոյան Փարիզում տեղի ունեցավ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը, որի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը Արթուր Ալեքսանյանն էր։

Հայաստանի ընտրանին խաղերում 3 արծաթե (Արթուր Դավթյան, Ալեքսանյան, Վարազդատ Լալայան) ու 1 բրոնզե (Մալխաս Ամոյան) մեդալ նվաճեց։

 

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ամփոփել է Փարիզում հայ մարզիկների ելույթները, որոնք մեդալային հաշվարկում 66-րդ տեղն են զբաղեցրել։

 

 

«Աշխարհը մոտ երկու շաբաթ ապրում էր Փարիզով։ Մեր փոքր Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն ու հավասարի պես մրցեց աշխարհի ուժեղագույնների հետ։

 

Փարիզ-2024-ը տեղի ունեցավ աշխարհում լարվածության, մարդկային ողբերգությունների, չդադարող պատերազմների, Բաքվի բանտերում անարդարացիորեն պահվող մեր հայրենակիցների պայմաններում: Այս փաստի շուրջ ես բոլոր առիթներով փորձել եմ ուշադրություն հրավիրել։

 

Ցավոք, տեղ գտան նաեւ նկատելի մրցավարական անարդարություններ, որոնցից տուժեցին շատ մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող։ Այսքանով հանդերձ, Փարիզ-2024-ը լավ կազմակերպված, փայլուն միջոցառում էր։

 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին, մեր պատվիրակության բոլոր անդամներին։ Կատարված էր շատ մեծ ծավալի աշխատանք, որը սովորաբար աննկատ է մնում մարզասերների եւ հասարակության համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Շնորհակալություն մեր մարզիկներին՝ այս դժվար օրերին մեր ժողովրդին ուրախության եւ հպարտության րոպեներ պարգեւելու համար։ Մեր ժողովուրդն իսկապես ունի դրա կարիքը, եւ դուք դա արեցիք պատվով։

 

Շնորհակալություն եմ հայտնում մեր անկեղծ, արժանապատիվ ու թանկ մարզասերներին։ Ամբողջ աշխարհի հայության շունչը զգացվում էր Փարիզում եւ ուժ տալիս մարզիկներին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի եւ Փարիզի հայ համայնքներին։ Ամբողջ Օլիմպիադայի ընթացքում նրանք մեզ հետ էին մարզադահլիճներում՝ ոգեւորելով իրենց ներկայությամբ ու ամեն հարցում օգտակար լինելու պատրաստակամությամբ։

 

Բոլորս սպասում եւ ցանկանում էինք առավելագույնը։ Մի դեպքում մարզական բախտը չժպտաց, այլ դեպքում՝ մրցավարական որոշումները։ Մեր մարզիկներից ոմանք դեռ շատ երիտասարդ են եւ դեռ մեզ ցույց են տալու իրենց լավագույն արդյունքները։

 

Առջեւում նոր մրցաշարեր են՝ Աշխարհի, Եվրոպայի առաջնություններ։ Շատերի համար Փարիզը միայն սկիզբն էր։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հատուկ ուզում եմ անդրադառնալ Վարազդատ Լալայանի ելույթին, նա չափազանց մոտ էր հաղթելու համաշխարհային ծանրամարտի իրական լեգենդ Լաշա Տալախաձեին։ Հանձինս Վարազդատի՝ շուտով կարող ենք ծանրամարտի նոր լեգենդ ունենալ։ 

 

Որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, իմ աջակցությունն եմ հայտնում մեր բոլոր մարզիկներին, իսկ մարզասերներին վստահեցնում, որ Փարիզի խաղերի ընթացքը եւ արդյունքները մեր թիմերը կօգտագործեն որպես կարեւորագույն փորձ՝ շարունակության համար։ 

 

Վաղվանից սկսվում են Լոս Անջելես-2028-ի նախապատրաստական աշխատանքները։ Պետք է անել ամեն ինչ, որ այդ ժամանակ ունենանք ավելի հզոր պետություն, ավելի հաշտ հասարակություն, ավելի մեծաթիվ ու ուժեղ Օլիմպիական հավաքական»։

 

 Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին