Դեկտեմբեր 23, 2024
exclusive
1752 դիտում

Գերծանր ու լարված պայքարը. Լալայանն ՕԽ-ի արծաթե մեդալակիր է, Մինասյանը՝ բրոնզե



Փարիզում վաղն ավարտվող Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչը Վարազդատ Լալայանն էր։

Նա մասնակցեց գերծանր քաշայինների լարված ու անչափ հետաքրքիր պայքարին, որում ինչպես միշտ մեդալներին հավակնում էին նա, Լաշա Տալախաձեն ու Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը։

 

210 կգ-ից պոկումը սկսեց Տալախաձեն, ապա նույն քաշը գլխավերեւում պահեց Լալայանը, իսկ վերջում՝ Մինասյանը։ 

Նույն հերթականությամբ էլ Տալախաձեն ու Լալայանը մոտեցան 215-ին ու բարձրացրին ծանրաձողը։ Մինասյանը 1 կգ ավել գրանցեց, իսկ ահա վերջին փորձը բոլորն էլ ձախողեցին։ 

 

Դահլիճը նրանց մրցակցությանը սրտատրոփ հետեւեց նաեւ հրման ժամանակ։ Մինասյանը հրեց 245 կգ, Տալախաձեն ու Լալայանը՝ 247։ Լարվածությունը դահլիճում ու հարթակին հասել էր գագաթնակետին, ամեն մոտեցումը կարող էր ճակատագրական լինել։

Լալայանը նաեւ երկրորդ մոտեցումը՝ 252 կգ առանց դժվարության արձանագրեց, իսկ ահա Տալախաձեն մոտեցավ 255-ին ու շատ ծանրությամբ եւ պայքարելով այն պահեց գլխավերեւում։ Մինասյանը երկու անգամից 255-ը ձախողեց, իսկ Լալայանը՝ 256-ը։

 

Հայ ծանրորդը երկամարտի 467 կգ-ով առաջին անգամ դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Մինասյանը 461-ով բրոնզ նվաճեց, իսկ երրորդ անգամ անընդմեջ ոսկին Լաշա Տալախաձեինն է, նա բարձրացրեց 470 կգ։

Այսպիսով, Հայաստանն Օլիմպիական խաղերում նվաճեց 4 մեդալ։ Ավելի վաղ արծաթե մեդալակիրներ էին դարձել Արթուր Դավթյանն ու Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե՝ Մալխաս Ամոյանը։

 

Հասմիկ Բաբայան

Լուսանկարները՝ Գոհար Նալբանդյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին