Սեպտեմբեր 16, 2024
exclusive
465 դիտում

Գարիկ Կարապետյանն Օլիմպիական խաղերում գրավեց 4-րդ տեղը



Փարիզի Օլիմպիական խաղերի նախավերջին մրցումային օրը Հայաստանը մինչեւ 102 կգ ծանրորդների պայքարում ներկայացրեց Գարիկ Կարապետյանը։

21-ամյա Եվրոպայի չեմպիոնը հրման առաջին մոտեցմանը շատ հանգիստ գլխավերեւում պահեց 180 կգ-ոց ծանրաձողը, ապա 6 կգ-ոց քայլ կատարեց, որը բարձրացրեց երկրորդ փորձից։

 

Վարժությունը նա ավարտեց 2-րդ տեղում, նույնքան կիլոգրամներով առաջին տեղում չինացի Լյու Հուանհուան էր։  

 

Հրման ընթացքում ծանրորդների ելույթներին հետեւելու համար կարճ ժամանակով դահլիճ եկավ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։ Աստիճանաբար մեդալային պայքարն ավելի թեժացավ, ու Կարապետյանը չկարողացավ ընդգրկվել լավագույն եռյակում։ 

Նա 212 կգ-ը մեծաթիվ հայ երկրպագուների «Գարիկ» վանկարկումների ու աջակցությամբ իրեն ենթարկեց։ Կարապետյանի հաջորդ քաշը 218-ն էր, թեեւ նա երկու անգամ կռիվ տվեց ծանրաձողի հետ, սակայն փորձերն անհաջող էին։

 

Ծանրորդը երկամարտում 398 կգ արդյունք գրանցեց ու ելույթն ավարտեց 4-րդ տեղում։ Բրոնզե մեդալից նրան ընդամենը 4 կգ բաժանեց, պատվոհարթակի 3-րդ աստիճանին կանգնեց Եվգենի Տիխանցովը։

 

Օլիմպիական չեմպիոնի կոչումը 406 կգ արդյունքով նվաճեց Հուանհուան։

 

Ավելի վաղ ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թեւանյանը (65 կգ) քառորդ եզրափակչում պարտություն է կրել։

 

Երեւանի ժամանակով 22:30-ին իրենց ելույթները կսկսեն գերծանր քաշային ծանրորդները։ Հարթակ դուրս կգա Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի կրկնակի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը։ Իսկ Քաթարը կներկայացնի Աշխարհի, Եվրոպայի եւ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը։ 

 

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին