Սեպտեմբեր 19, 2024
254 դիտում

Էլինա Ավանեսյան. Նպատակիս հասնելու մեծ շանսեր ունեմ, քանի որ շատ աշխատասեր եմ ու լավատես


Լուսանկարը` Մեդիամաքս


WTA-ի դասակարգման աղյուսակի 49-րդ համար Էլինա Ավանեսյանն օգոստոսից ներկայացնում է Հայաստանը։ Այսօր նա առաջին անգան հանդիպել է հայ լրագրողների հետ ու պատասխանել նրանց հարցերին։

«Ուրախ եմ, որ այստեղ եմ ու Հայաստանը ներկայացնելու որոշումն իրականություն դարձավ։ Շնորհակալություն բոլորին, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել այս գործընթացում, ինչպես նաեւ թիմիս, որ ամեն ինչն այսքան արագ կյանքի կոչեց։ 

 

Նպատակս է նպաստել Հայաստանում թենիսի զարգացմանն ու մոտիվացնել երեխաներին զբաղվել սպորտով։ 

Դեռ ապրիլին նպատակ չունեի փոխել քաղաքացիությունս, դրա համար էլ զրույցի ժամանակ բացասական էի պատասխանել, բայց չէի կարող բաց թողնել հնարավորությունն ու ներկայացնել իմ հայրենիքը։ Կանեմ առավելագույնը, որպեսզի հաջող հանդես գամ Հայաստանի դրոշի տակ։ 

 

Ինքս էլ փոքր քաղաքից եմ, որտեղ թենիսով զբաղվելու համար մեծ հնարավորություններ չկային։ Կարծում եմ՝ ամեն երկրում էլ հնարավոր է հասնել մեծ նվաճումների, Հայաստանն էլ այդ առումով բացառություն չէ։

Առաջին անգամ Հայաստանը Ցինցինատիի մրցաշարում եմ ներկայացրել, շատ լարված էի ու փորձեցի ամեն ինչ անել, որ հնարավորինս լավ հանդես գամ։ Հայ երկրպագուներ էին եկել ինձ աջակցելու ու նրանք ինձ մեծապես օգնեցին։ 

 

Ընտանիքս Արցախից է, ու տանը մենք հիմնականում այնտեղի բարբառով ենք խոսում, ինչպես նաեւ ռուսերենով։ Հայերեն ամեն ինչ հասկանում եմ, բայց ամաչում եմ խոսել, հուսամ՝ հաջորդ հանդիպմանն ավելի լավ կստացվի արտահայտվել։  

Ինձ համար շատ հատուկ է հանդիպել ու վարպետության դաս անցկացնել արցախցի երեխաների հետ, մտահաղացումը «Կերոն» հիմնադրամինն է, որը մեծապես օգնել է քաղաքացիությունս փոխելու հարցում։

 

Հույս ունեմ, որ արդեն հաջորդ տարի լավագույն տասնյակում կլինեմ, շատ աշխատասեր եմ ու լավատես, ինչը նշանակում, որ նպատակիս հասնելու մեծ շանսեր ունեմ»։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին