Լողորդ Արթուր Բարսեղյանն այսօր մասնակցեց Փարիզի Օլիմպիական խաղերի 100 մ ազատ ոճի մրցումներին ու 56-րդ տեղը գրավեց։
Երեկ Ինստագրամի իր էջում լողորդը հայտարարել էր, որ հրաժեշտ տալու ժամանակն է։ Ելույթից հետո նա լրագրողներին բացատրեց, թե ինչ է նկատի ունեցել հրապարակման մեջ եւ ամփոփեց իր երկրորդ Օլիմպիական խաղերը։
«Չէի կողմնորոշվում, երբ ամբողջ հայությանը հայտարարել, որ ցանկանում եմ ընդհատել սպորտային կարիերաս, որովհետեւ առողջական խնդիրներ ունեմ, ինչպես նաեւ հոգեբականական ոչ կայուն վիճակում եմ գտնվում։ Ուզում եմ նախ ինքս ինձ հասկանալ ու այս աշխարհում իմ տեղը գտնել։
Դրա համար էլ որոշակի ժամանակով կամ մեկընդմիշտ կթողնեմ սպորտը, դեռ ինքս էլ չգիտեմ, թե որքանով է որոշումս վերջնական։ Մեկ տարվա դադար հաստատ կվերցնեմ։
Փարիզում մասնակցեցի ինչպես կարողացա, որովհետեւ արդեն երեք շաբաթ է հայմորիտի պատճառով ցավեր ունեմ ու չէի հասցրել բուժվել։
Ցավում եմ միայն, որ պատանի տարիքում բավական լավ արդյունքներ էի գրանցում եւ տաղանդ ունեի, սակայն այդ ամենը տարբեր պատճառներով ու հանգամանքների բերումով չկարողացա օգտագործել։ Այդ օրվանից սկսած մինչեւ հիմա հիասթափությունն անդադար ինձ հետապնդել է։
Իսկ ահա կարիերայիս լուսավոր կետը 2018 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերն էին, որտեղ 7-րդ տեղը զբաղեցրի։ Ծնողներիս ուրախության արցունքները տեսնելն ամենատպավորիչն էին ինձ համար, ունեցել եմ նաեւ հաջողություններ, որոնք անձամբ ինձ համար են հիշվող եղել։
Այս Օլիմպիական խաղերը շատ լավն են ու հետաքրքիր կազմակերպված, եւս երկու օր ու ես կլքեմ Փարիզը։ Լավ ժամանակ անցկացրինք Վարսենիկ Մանուչարյանի, Երվանդ Մկրտչյանի եւ Դավիթ Չալոյանի հետ ու մտերիմ ընկերներ դարձանք»։
Հասմիկ Բաբայան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: