Սեպտեմբեր 08, 2024
658 դիտում

Հորդառատ անձրեւը, Էյֆելյան աշտարակի շքեղ շոուն ու լեգենդար Զիդանը. Խաղերի մեկնարկը տրված է



Ֆրանսիացիները գիտեն ինչպես իրենց սիրելի Փարիզն ու սեփական մշակույթը ներկայացնել ամբողջ աշխարհին։

Պատահական չէ, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության թատերաբեմ էին դարձրել ամբողջ քաղաքը։ Նրանք համարձակ գտնվեցին ու խաղերի պատմության մեջ առաջին անգամ մարզիկների շքերթը եւ բացման հանդիսավոր միջոցառումն անցկացրին ստադիոնից դուրս։ Միակ խանգարող հանգամանքը հորդառատ անձրեւն էր, որն ամբողջ ընթացքում չդադարեց ու դժվար էր գտնել գոնե մեկ հյուրի, ով երեկոյի ավարտին չոր կլիներ։

Երկրների ղեկավարները, բարձրաստիճան հյուրերն ու լրագրողները տեղավորվել էին Տրոկադերո հրապարակում, որտեղ Սեն գետով նավակներով անցնելուց հետո հայտնվեցին նաեւ մարզիկները։ 

Հայաստանի Օլիմպիական թիմի կազմում մարզիկներից շքերթին մասնակցեցին լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը եւ Արթուր Բարսեղյանը, ատլետ Երվանդ Մկրտչյանը, իսկ դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։ 

Կազմակերպիչները բացման արարողության ելույթները եւ կատարումներն այնպես էին բաշխել, որ երեւար Փարիզի ողջ հմայքն ու ներկայանային լավագույն ֆրանսիացի մարզիկները։ Նրանցից մեկը Զինեդին Զիդանն էր, երբ նա հայտնվեց Տրոկադերոյում ու ստացավ Օլիմպիական ջահը, բոլոր ներկայաները նրան բուռն ծափահարություններով ու «Զիզու» վանկարկումներով դիմավորեցին։ Դա երեկոյի ամենավառ ու անմոռանալի պահերից մեկն էր։

Զիդանը քայլելով անցավ ամբողջ բեմահարթակով ու ջահը փոխանցեց Ռաֆայել Նադալին, որը եւս 3 մարզիկների՝ այդ թվում Սերենա Ուիլյամսի հետ նավակով կրակը հասցրեց Լուվր։ Առաջինն այն ստացավ թենիսիստ Ամելի Մորեսմոն, նրան հաջորդեց Թոնի Պարկերը, ապա ջահակիրներ դարձան հայտնի ֆրանսիացի Օլիմպիական ու Պարալիմպիկ մարզիկներ, նրանցից երկուսն էլ վառեցին օդապարիկի տեսքով Օլիմպիական կրակը, որը բոցավառվեց ու երկինք բարձրացավ։

Տրոկադերոյում հավաքված հյուրերն ու մարզիկները մեծ էկրանների վրա էին հետեւում արարողության ընթացքին եւ միաժամանակ հիանում Էյֆելյան աշտարակով, որը երեկոյի գլխավոր զարդերից մեկն էր։ Այն հատուկ գույներ էր ստացել ու շքեղ լուսային շոուի կարեւոր մասը դարձել։ Աշտարակն անչափ գունեղ ու տարբերվող է՝ Օլիմպիական օղարկները նրան յուրահատուկ հմայք են հաղորդում։

Կազմակերպիչները ոչ միայն ջահի փոխանցումավազքին էին այլազգի մարզիկների ներգրավել, այլ նաեւ տարբեր երկրներից կատարողների հրավիրել, ամենահայտնիները Լեդի Գագան ու Սելին Դիոնն էին։ Կանադացի երգչուհին հիվանդության պատճառով վաղուց բեմ չէր բարձրացել ու շատ հուզիչ ելույթ ունեցավ։

«Փարիզ-2024» կազմկոմիտեի նախագահ, Օլիմպիական չեմպիոն Թոնի Էստանգեն նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է 100 տարի առաջ առաջին անգամ խաղերը կազմակերպելուց հետո նորից բոլորին ողջունել իրենց երկրում։ 

 

«Ֆրանսիան հաճախ սիրո երկիր են անվանում, բայց երբ մենք սիրում ենք, իսկապես ենք սիրում։ Ու խաղերի եւ Ֆրանսիայի միջեւ մեծ սիրո պատմություն կա։ Այն սկսվել է 130 տարի առաջ այստեղից ոչ հեռու, երբ Սորբոնի համալսարանում Պիեր դե Կուբերտենն առաջարկեց վերականգնել Օլիմպիական խաղերը։ Այդ ժառանգությունը շարունակելը մեծ պատասխանատվություն է, դրա համար էլ մեր հոգին ենք դրել այս ամենի մեջ։ 

Սիրելի մարզիկներ, Էյֆելյան աշտարակի մի մասնիկ կգտնեք ամեն մեդալի մեջ։ Երբ անսահման շատ եք սիրում խաղերը, զգում եք, որ ամեն ինչ էլ կարող եք անել։ Այսօր երեկոյան դուք մեզ հիշեցրիք, թե որքան հիասքանչ է մարդկությունը, երբ հավաքվում է միասին։ Ու երբ վերադառնաք Օլիմպիական ավան, ամբողջ աշխարհին հույսի ուղերձ եք հղելու, որ տարբեր կրոնի, ազգության ու հավատի մարդիկ կարող են ապրել նույն վայրում։ Առաջիկա 16 օրերի ընթացքում դուք մարդկության լավագույն տարբերակն եք լինելու։ Հիշեցնելու եք, որ որ սպորտը մեկ ընդհանուր լեզու է ձեւավորում, որով բոլորս ենք խոսում»,- ասել է Էստանգեն։

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն էլ առաջին հերթին շնորհակալություն է հայտնել ֆրանսիացիներին նման ջերմ ընդունելության համար. «Փարիզը մեր հիմնադիր Պիեր դե Կուբերտենի ծննդավայրն է։ Փարիզը նաեւ սիրո քաղաք է։ Սիրելի մարզիկներ, սա ձեր օլիմպիական ուղեւորության գագաթնակետն է։ Փարիզ եք ժամանել որպես մարզիկներ, բայց հիմա Օլիմպիականներ եք։ Դուք արդեն մի իրադարձության մասնիկն եք, որը հանուն խաղաղության միավորում է ամբողջ աշխարհը»։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին