Դեկտեմբեր 22, 2024
exclusive
5724 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Վարազդատ Լալայան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport«Փարիզ-2024» շարքում այս անգամ ծանրորդ Վարազդատ Լալայանն է, որը մեզ հետ շրջել է Գյումրիի կենտրոնում ու հայկական ֆիլմերից հայտնի հատվածներում:

Ծնվել է. 01.05.1999 թ. Գյումրիում:

Ընտանեկան դրությունը.
Ամուսնացած չէ:

Մարզաձեւը.
Ծանրամարտ (+109 կգ):

Անձնական մարզիչը.
Կարեն Կարապետյան:

Հոբբին.
Սիրում է ազատ ժամանակն անցկացնել ընկերների հետ:

Կրթությունը.
Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:

Ծանրամարտի յուրահատկությունը.
Ծանրամարտն իմն է ամեն առումով, դրա համար տանջանքն ու չարչարանքն էլ հոգեհարազատ են:

Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը.
Երիտասարդների Աշխարհի առաջնությունում հաղթանակն է, քանի որ առաջին անգամ էի միջազգային մրցաշարում նման մեծ արդյունքի հասնում: Կնշեմ նաեւ այս տարի Բուլղարիայում նվաճած Եվրոպայի առաջնության ոսկին: Մինչ այդ ինձ չէր հաջողվել մեծահասակների պայքարում չեմպիոն հռչակվել: Զգացողություններս աննկարագրելի էին, դրանց մասին պատմել չի լինի: Ինձ հիասքանչ էի զգում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենածանր ու անսպասելի պարտությունը. Այդպիսի անհաջողություններ չեմ ունեցել, բոլոր մրցումներում էլ հիմնականում ուժերիս սահմաններում եմ ելույթ ունեցել: Իհարկե, պատահել է, որ ավելի լավ եմ պատրաստ եղել ու ինձ ուժեղ զգացել, բայց չի ստացվել: Սովորաբար նման ելույթների վրա չեմ կենտրոնանում, միշտ առաջ եմ նայում ու աշխատում սխալներս չկրկնել:

Ելույթից առաջ արարողակարգ.
Աշխատում եմ կենտրոնանալ եւ ոչ մի բանի մասին չմտածել: Կարողանում եմ տրամադրվել իմ գործին եւ առավելագույնս ճիշտ մոտենալ աշխատանքիս:

1-ին Օլիմպիական խաղերը.
Փարիզի խաղերում հրաշքի չեմ սպասում: Ինչպես իմ մյուս մրցումներին եմ պատրաստվել, նույնն էլ հիմա է, պարզապես պատասխանատվությունն է ուրիշ: Բոլոր մրցումներում էլ այն մեծ է, բայց Օլիմպիական խաղերը մարզիկի համար բոլորովին այլ մակարդակի մրցում են համարվում: Շատ լավ եմ մարզվել, իսկ մնացածը կերեւա պայքարի ժամանակ: Խաղեր մեկնելն արդեն իսկ մեծ նվաճում է, շատերն են երազում մասնակցել, իսկ ինձ արդեն իսկ նման հնարավորություն է ընձեռվել: Ուզում եմ լավ ելույթ ունենալ ու ինձ դրսեւորել որպես մեծ մարզիկ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոտիվացիան. Մարդկանց ակնկալիքներն ու սպասումներն ինձ չեն մոտիվացնում կամ էլ խանգարում: Նման բաների վրա ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում ու ինձ ծանրաբեռնում, միշտ կենտրոնանում եմ աշխատանքիս վրա: Սովորաբար ինձ մոտիվացնում է տանջանքը, պատկերացնում եմ, թե որքան դժվարությունների ու չարչարանքների միջով եմ անցել, որպեսզի հայտնվեմ այստեղ: Ամիսների թափած քրտինքի արդյունքը ցույց տալու համար մեզ ընդամենը 2 ժամ է տրվում: Հասկանում եմ, որ այդքանից հետո վատ լինել չի կարող, որովհետեւ դժվարն արդեն անցել եմ ու հնարավորություններս դրսեւորելու պահն է: Հենց դա է ինձ վստահություն տալիս ու օգնում մտնել պայքարի մեջ:

Կարգախոսը.
Որպես այդպիսին կարգախոս չունեմ, բայց բոլոր մարզիկներն էլ միշտ մտքում կրկնում են, որ չեն կարող հանձնվել, պայքարել ու առաջ գնալ է պետք, կապ չունի, թե ելույթդ ինչպես կստացվի: Մարզիկները պետք է չհանձնվելու հոգեբանություն ունենան, որ կարողանան իրենց աշխատանքին լուրջ մոտենալ, եղածով չբավարարվել ու միշտ ավելին անել:

- Վարազդատ, որո՞նք են քո ուժեղ եւ թույլ կողմերը:


- Բարդ հարց է, բայց կփորձեմ պատասխանել: Կամային եմ, կարող եմ նպատակիս հասնելու համար ինձ ամեն ինչից զրկել ու ոչնչով չգայթակղվել: Իսկ թույլ կողմեր չունեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունդ ո՞րն է եղել:

- Մի քանի շաբաթ առաջ մկրտվել եմ Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ու օրինական քրիստոնյա դարձել:

- Ո՞րն է ամենամեծ վախդ:


- Հարազատ կորցնել, դրանից սարսափելի բան չկա:

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:


- Նվիրվածությունը:

- Ի՞նչ է երջանկությունը քեզ համար:


- Հիմա երջանիկ եմ, բայց զգացածս լիարժեք բացատրել չեմ կարող:

- Ի՞նչն է քեզ վստահ դարձնում:


- Ինձ շրջապատող մարդիկ:

- Գյումրիում ամենասիրելի ու հարազատ վայրերը:


- Գյումրիի ամեն մի եկեղեցին հարազատ է ինձ: Մեր քաղաքում շատ քիչ վայրեր եմ հաճախում, բայց համարյա բոլոր եկեղեցիներում լինում եմ: Եկեղեցիներում կարողանում եմ հոգեկան հանգստությունս գտնել ու էներգիա ստանալ:  

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինքդ քեզ 3 բառով ինչպե՞ս բնորոշես:

- Բարի, նվիրվող, կամեցող:

- Ամենակարեւոր ձեքբերումը կյանքում:


- Սպորտն է:

- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ:


- Այս կյանքում ամենաշատը ծնողներիցս եմ շնորհակալ՝ ինձ կյանք տալու համար:

- Ովքե՞ր են քո կյանքի կարեւոր մարդիկ:


- Ինձ շրջապատողները, ամեն մեկը յուրովի կարեւոր է ինձ համար:

- Երգ, որը լսում ես քեզ համար յուրահատուկ պահերին:


- Շատ մոտիվացնող երգեր կան, բայց սրտիս դիպչում են Արթուր Մեսչյանի բոլոր կատարումները:

- Տարբերվող իրադարձություն, որ քո կյանքում վերջերս է տեղի ունեցել:


- Ռաֆիկ Հարությունյանի հարսանիքն էր, նա ընկերս լինելուց բացի նաեւ կնքահայրս է: Շատ սպասված հարսանիք էր ու լիարժեք ուրախացել եմ, առհասարակ բոլոր ընկերներիս ուրախություններն էլ լիաթոք վայելում եմ: Նման առիթներին սիրում եմ պարել ու անգամ երգել, մթնոլորտից է կախված, թե ինձ ինչպես կդրսեւորեմ:

- Ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:


- Կամքի ուժ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչո՞ւ են քո կարծիքով խաղերը 4 տարին մեկ անցկացվում:

- Որպեսզի հասցնենք այդ ժամանակահատվածում մեր մարզավիճակի գագաթնակետին հասնել: Դա մեզ տրված ժամանակն է, որ հղկենք բոլոր թերություններն ու լավագույնս ներկայանանք: 4 տարվա ընթացքում արածը պետք է այդ մեկ օրն արժանիորեն ցույց տանք:  

- Ո՞րն է քեզ համար եղել ամենայուրահատուկ ՕԽ-ն:


- Ռիոյինը, քանի որ մեր մարզիկներն այնտեղ առանձնացել են՝ Օլիմպիական չեմպիոն ու մեդալակիրներ ենք ունեցել: Այդ ժամանակ պատանի էի ու մեր հավաքականի հետ պատրաստվում էի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի բոլոր անդամների համար էլ այդ ամենին ականատես լինելը մեծ ուրախություն եւ ոգեւորություն էր: Մեր օլիմպիականների նվաճումներով ոգեշնչված մեկնեցինք Եվրոպայի առաջնություն ու լավ արդյունքներ գրանցեցինք: 2016-ին չէի էլ մտածում, որ մի օր ինքս կմեկնեմ Օլիմպիական խաղեր: Հետագայում, երբ նվաճումների հասա, հասկացա, որ խաղերին մասնակցելու իմ ժամանակն էլ կգա:   

- Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու ֆրանսիացիները:


- Հայերի ու ֆրանսիացիների միջեւ նմանություն չեմ տեսնում:

- 3 բան, որ հատուկ է Փարիզին:


- Փարիզում դեռ չեմ եղել, բայց շատ եմ ցանկանում մեկնել: Միայն այն, որ խաղերն անցկացվելու են Փարիզում, ինձ համար առանձնահատուկ են։ Մյուսը Էյֆելյան աշտարակն է, երրորդը կնշեմ, երբ լինեմ այնտեղ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո սիրելի ֆրանսիական ուտելիքը:

- Ռոքֆոր պանիր եմ շատ սիրում:

- Իսկ ֆի՞լմը:


- Թեեւ ֆիլմեր քիչ եմ նայում, բայց կառանձնացնեմ «Տաքսի»-ն:

- Ինչո՞վ են պատմության մեջ հայտնի Հայաստանն ու Ֆրանսիան:


- Հայաստանի պատմության մեջ ինձ համար առանձնանում է Տիգրան Մեծի ժամանակաշրջանը։ Կնշեմ նաեւ իմ անվանակից, Օլիմպիական չեմպիոն Վարազդատին: Իսկ Ֆրանսիայի պատմությանն այնքան էլ լավ ծանոթ չեմ:  

- Քո սիրելի Օլիմպիական մեդալակիր կամ չեմպիոն հայ մարզիկները:


- Առանձնացող մարզիկներ կամ կուռքեր չունեմ, քանի որ բոլորին էլ յուրովի եմ հարգում: Ինքս էլ մարզիկ եմ ու գիտեմ, թե որքան ջանք են թափել նման նվաճման հասնելու համար: Բոլոր Օլիմպիական չեմպիոնների արածն էլ սխրանքի է արժանի՝ կապ չունի քանի անգամ են հաղթել: Կամքի ուժ եւ համառություն են ցույց տվել, որ նվաճեն այդ գագաթը: Անգամ խաղերին մասնակցելն արդեն իսկ մեծ ձեռքբերում է:

- Քանի՞ անգամ է Ֆրանսիան ընդունել Օլիմպիական խաղեր:


- Երկու (Ֆրանսիան Օլիմպիական խաղեր է ընդունել 1900 եւ 1924 թթ., խմբ.):

Լուսանկարը` Մեդիամաքս


- Եթե հնարավորություն ունենայիր, ո՞ր Օլիմպիական խաղերին կմասնակցեիր:

- Երեւի անտիկ խաղերին, քանի որ այն ժամանակ ամեն ինչ ավելի հետաքրքիր է եղել, հետաքրքիր կլիներ տեսնել, թե մրցումների ակունքները որտեղից են գալիս: Ինչու չէ, կուզեի նաեւ Վարազդատ թագավորի հետ նույն Օլիմպիական խաղերում հանդես գալ:

- Քո որակներից որո՞նք կուզեիր էլ ավելի ուժեղացնել:


- Սովորաբար մարզիկներն ինչ էլ անում են, նրանց քիչ է թվում: Բայց ներկա պահին ինչ ունեմ, ինձ բավականացնում է:

- Ինչի՞ց է կազմված հաղթանակը:


- Աշխատասիրությունից եւ ձգտումից:

- Որո՞նք են պարտությունների տված դասերը:


- Սովորաբար անհաջողությունները շատ ավելի դասեր են տալիս, քան հենց բուն հաղթանակները: Քեզ ավելի պայքարող ու ձգտող են դարձնում:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչպիսի՞ն է Հայաստանի Օլիմպիական հավաքականն ու ի՞նչ կմաղթես բոլորիդ:

- Իմ պատկերացմամբ շատ լավ հավաքական ունենք, որը պատրաստ է մեծ նվաճումների: Չնայած նախորդ խաղերի համեմատ քանակապես քիչ ենք, բայց որակապես չենք զիջում: Բոլորիս հաջողություն եմ ցանկանում, թող ամեն մեկը կարողանա ելույթ ունենալ իր հնարավորությունների սահմաններում, առավելագույնս դրսեւորի իրեն ու արժանի պայքար ծավալի, որից առաջին հերթին ինքը գոհ կմնա:

Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է, կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր
Աշխարհի առաջնությունում նվաճել է 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալներ

Վարազդատ Լալայանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին