Հոկտեմբեր 18, 2024
525 դիտում

Համաշխարհային աստղեր, ովքեր Փարիզում ձգտելու են ոսկե մեդալի


Լուսանկարը` USA Basketball

Լուսանկարը` USA Basketball

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Փարիզում Օլիմպիական խաղերը կամաց-կամաց մոտենում են մեկնարկին։ Ֆրանսիայում հավաքվելու են ավելի քան 10 հազար մարզիկներ, որոնց թվում են նաեւ համաշխարհային մեծության աստղեր։

Փարիզ-2024-ի պաշտոնական կայքն առանձնացրել է նրանցից մի քանիսին, ովքեր կլինեն ոսկե մեդալների ամենամեծ հավակնորդները։

Սիմոնա Բայլզ

Լուսանկարը` Reuters


Օլիմպիական քառակի չեմպիոն Սիմոնա Բայլզն այս կարեւորագույն մրցաշարում կիսատ թողած գործեր ունի։ Մարմնամարզության սիրահարները հիշում են, թե ինչպես նա անհաջողության մատնվեց Տոկիո-2020-ում եւ այժմ Փարիզ է գնում վճռականությամբ։ Ամերիկուհին եւս մեկ անգամ ձգտելու է աշխարհին ցույց տալ, որ կանանց պայքարում անգերազանցելի է։

Աշխարհի առաջնության 30 մեդալ ունեցող, մարմնամարզությունում իր անունն ստացած 5 տարրի ու համաշխարհային ճանաչման շնորհիվ Սիմոնան Փարիզի ամենասպասված աստղերից է։ Կազմակերպիչները գիտեն, որ նրա ելույթներին հետեւելու համար բազմաթիվ երկրպագուներ են ներկա լինելու։

Լեբրոն Ջեյմս

Լուսանկարը` USA Basketball


Բասկետբոլի աստղ Լեբրոն Ջեյմսն Օլիմպիական խաղերում հանդես կգա չորրորդ անգամ ու կփորձի տիրանալ իր երրորդ ոսկե մեդալին։

NBA-ի քառակի չեմպիոնն ԱՄՆ-ի թիմի կազմում հանդես կգա ոչ պակաս աստղերի հետ՝  Սթեֆ Քարի, Քեւին Դյուրանտ։ ՕԽ-ի գործող չեմպիոն ԱՄՆ-ի ընտրանին փորձելու է պաշտպանել տիտղոսը՝ այս կարեւորագույն մրցաշարում 17-րդ մեդալին տիրանալու համար։

Ինչպես ողջ ԱՄՆ-ի թիմի, այնպես էլ Ջեյմսի համար Փարիզի բասկետբոլային դահլիճը լեփ-լեցուն է լինելու։

Շա’Քարի Ռիչարդսոն

Լուսանկարը` Reuters


24-ամյա արագավազորդի համար այս Օլիմպիական խաղերն առաջինն են լինելու։ Սակայն նրա գլխում հաստատ միայն ոսկե մեդալն է։

Դառնալով Աշխարհի չեմպիոն՝ նա ստիպեց ատլետիկայի աշխարհին խոսել իր մասին ու կանխատեսել ավելի բարձր տիտղոսներ։ Ռիչարդսոնին ԱՄՆ հավաքականում ընդգրկելը պատահական չէ, նա կարողանում է ճիշտ կառավարել ուժերն ու նորանոր մեդալներ նվաճել։

Փարիզում եւս մարզուհու ելույթներին սպասող շատ երկրպագուներ կան, իսկ ինքը կձգտի ուրախացնել նրանց ոսկե մեդալով։

Լեոն Մարշան

Լուսանկարը` Reuters


Աշխարհի հնգակի չեմպիոն Լեոն Մարշանը, անշուշտ, հարազատ երկրում աջակցության պակաս չի ունենալու։

Փարիզի Լա Դիֆենս Արենան ընդունելու է լողի մրցումները, իսկ 22-ամյա թուլուզցին միանշանակ փայլելու է այնտեղ։ Նա նախորդ տարի 400 մ համալիր լողում դարձավ Աշխարհի ռեկորդակիր՝ գերազանցելով Մայքլ Ֆելփսի ցուցանիշը։ Պատահական չէ, որ այս ձեւում նա նաեւ Օլիմպիական խաղերում է համարվում ֆավորիտ։

Մարշանը ձգտելու է շլացնել լողավազանում ներկաներին ու վերջ տալ լողում Ֆրանսիայի ոսկե մեդալի 12-ամյա բացակայությանը։

Էլիուդ Կիպչոգե

Լուսանկարը` Reuters


Օլիմպիական կրկնակի չեմպիոն Էլիուդ Կիպչոգեն արդեն իսկ բոլոր ժամանակների ամենամեծ մարաթոնյան վազորդներից մեկն է։ Սակայն Փարիզում 39-ամյա ատլետը հնարավորություն կունենա հասնել եզակի ձեռքբերման՝ երեք անգամ անընդմեջ հաղթելով Օլիմպիական մարաթոնում: Քենիացի գերաստղը սրանով կդառնա բոլոր ժամանակների լավագույնը։

Արման Դյուպլանտիս

Լուսանկարը` Reuters


Շվեդ Արման Դյուպլանտիսը 24 տարեկան է, բայց արդեն իսկ ամենահայտնի ատլետներից մեկն է ամբողջ աշխարհում։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում նա ձողացատկի մրցումներում դարձավ չեմպիոն ու դրանից հետո սկսեց անգերազանցելի լինել։

Նա դարձել է նաեւ Աշխարհի կրկնակի չեմպիոն փակ ու բաց տարածքներում։ Ձողացատկում նրան է պատկանում Աշխարհի ռեկրոդը՝ 6,24 մ։ Դյուպլանտիսն արդեն իսկ մոտեցել է 6,25 մ-ի ու չի բացառվում, որ իր իսկ ռեկորդը կգերազանցի հենց Փարիզում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին