Դեկտեմբեր 04, 2024
exclusive
3577 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական․ Անդրանիկ Կարապետյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Անդրանիկ Կարապետյանին հանդիպեցինք Էջմիածնում տեղադրված Կոմիտասի արձանի մոտ, որտեղից էլ սկսեցինք բացահայտել նրա սիրելի քաղաքը։

«Փարիզ-2024»
-ում մեր ծանրորդի հետ շրջել ու զրուցել են Մայր Աթոռի տարածքում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է․ 15.12.1995 թ. Էջմիածնում։     

Մարզաձեւը․
Ծանրամարտ (89 կգ):

Ընտանեկան դրությունը․
Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Սիրած զբաղմունքը․ 
Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը։

Անձնական մարզիչը․
Եղբայրն է՝ Արթուր Կարապետյանը։

Կրթությունը․
Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։

Ծանրամարտի յուրահատկությունը․
Բառն արդեն իսկ իրեն բնորոշում է՝ ծանր մարտ, պայքար։ Սիրում եմ այդ պայքարը։ Փոքր տարիքում թեկուզ մեկ կիլոգրամ բարձրացնելն այնքան մեծ նշանակություն ուներ, որ կարծես տոն լիներ ինձ համար։ Դա օգնում էր ձգտել ավելիին։

Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը․
Մեծահասակների Եվրոպայի չեմպիոն դառնալն ու պատանեկան ԵԱ-ի ու ԱԱ-ի ոսկե մեդալներ նվաճելը։ Չնայած բոլոր մրցումներն էլ թանկ են ինձ համար, բոլորի պատրաստության համար էլ շատ քրտինք եմ թափել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամենածանր պահը կարիերայում․ Ռիոյի Օլիմպիական խաղերի ձեռքից բաց թողած մեդալը, այնտեղ ստացած վնասվածքի պատճառով հետագա մրցումներին չմասնակցելը։ Եթե այդ կոտրվածքը չլիներ, իմ կարիերան այլ ընթացք կունենար։ Շատ դժվար եմ հաղթահարել հիասթափությունը, չէի էլ մտածում կրկին մարզվելու մասին։ Այդ ժամանակ ինձ անընդհատ գրում էին նույնիսկ անծանոթները, ասում, որ աղոթում են ինձ համար, ցանկանում շուտափույթ ապաքինում։ Այդ մարդիկ ինձ ուժ տվեցին, ես հասկացա, որ պետք է կրկին պարապեմ ու իմ մեդալներով օգտակար լինեմ երկրիս։

Վերադարձը․
Օլիմպիական խաղերից ուղիղ մեկ տարի հետո մասնակցեցի Ուսանողական խաղերին ու բարձրացրի մեկ կիլոգրամ պակաս այն կիլոգրամից, որի պատճառով ՕԽ-ում ձեռքս կոտրեցի։ Չեմ կարող նկարագրել զգացմունքներս։ Երբ հարթակից իջա, մարզման դահլիճում ընկեր Փաշիկը (հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, խմբ․) աչքերը լցրել էր։ Ամեն ինչ անցել է, ես չեմ սիրում հետ նայել, հիմա առջեւում այլ ելույթներ կան, պետք է պատրաստվել դրանց։

Ելույթից առաջ արարողակարգ․
Հատուկ բան չեմ անում, պարզապես տրամադրվում եմ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրորդ Օլիմպիական խաղերը․ Ես 2016-ին մոտ էի մեդալի, հուսանք, որ Փարիզում ամեն բան ավելի լավ կստացվի։ Ճիշտ է, պայքարը շատ ծանր է լինելու, բայց Աստված մեզ հետ է։ Պարտվածի հոգեբանությամբ չեմ մեկնելու, ելույթ կունենամ հնարավորության սահմաններում՝ ձգտելով մեդալի։

- Անդրանիկ, քո ուժեղ եւ թույլ կողմերը:


- Շատ կամային եմ, բայց նաեւ չափից շատ վստահում ու նվիրվում եմ մարդկանց, որոնց մի մասն արժանի չէր։

- Վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունդ:


- Տղայիս ծնունդը եւ Հայաստանում ծանրամարտի Եվրոպայի առաջնություն անցկացնելը։ Ես լավ հանդես եկա, մեդալակիր դարձա ու պոկում վարժությունում ԵԱ-ի ռեկորդ սահմանեցի։ Որ հարթակ էի ելնում, կարծես ողջ աշխարհն իմը լիներ։

- Ամենամեծ վախը:


- Վախ չունեմ, եղածներն էլ հաղթահարում եմ, հավատում Աստծուն եւ առաջ գնում։

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:


- Փոխադարձ հարգանքը։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ է երջանկությունը:

- Ընտանիքիդ հետ խաղաղ երկնքի տակ ապրելը։

- Իսկ ի՞նչ է քեզ համար ընտանիքը։


- Մեծագույն սեր, որն աշխարհում ոչնչի հետ չեմ փոխի։

- Ի՞նչն է քեզ վստահ դարձնում:


- Իմ ընտանիքի, ժողովրդի ուժը։

- Էջմիածնում քո ամենասիրելի ու հարազատ վայրերը:


- Հիմնականը սիրում եմ լինել Մայր Տաճարում։ Այնտեղ շատ հանգիստ է, կարողանում եմ լիարժեք լիցքաթափվել, էներգիա հավաքել։

- Բնորոշիր ինքդ քեզ։


- Հանգիստ ու չբորբոքվող մարդ եմ։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո ամենակարեւոր ձեռքբերումը ո՞րն ես համարում։

- Կապ չունի ինչքան հաջողությունների եմ հասել, իմ անցած ճանապարհն ինձ բերել է փառք ու պատիվ, ինչը ժողովուրդը գնահատում է։ Բացի դա ձեռքբերում է նաեւ ընտանիքս, երեխաս։

- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ։


- Շնորհակալ եմ Աստծուց, որ ես հայ եմ ծնվել եւ ընտրել եմ սպորտի ճանապարհը։ Դրա շնորհիվ ինչ-որ մի բանով օգտակար եմ եղել երկրիս։

- Քո կյանքի կարեւոր մարդիկ:


- Ընտանիքիս անդամները։

- Անդրանիկ, ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:


- Ամեն ինչ դնել մի կողմ ու պատրաստվել։ Եթե ուղեգիր ես նվաճել, ապա պարտավոր ես պատշաճ ներկայացնել երկիրդ։

- Ո՞րն է քեզ համար եղել ամենայուրահատուկ ՕԽ-ն:


- Բրազիլիայի խաղերը։ Հուսամ Փարիզինը յուրահատուկ կլինի նվաճած մեդալով։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ ես կարծում, հայերն ու ֆրանսիացիները նմա՞ն են իրար:

- Ոչ։ Ուղղակի Ֆրանսիան մեզ բարեկամ երկիր է։ Այնտեղ սիրում են հայերին, որովհետեւ շատ արժանի մարդիկ ենք տվել Ֆրանսիային, իսկ այդ պետությունն էլ դա գնահատում է։

- Երեք բան, որ հատուկ են Փարիզին։


- Առաջին այցս է լինելու այդ քաղաք։ Կգնամ ու կտեսնեմ, թե ինչով է առանձնահատուկ։

- Իսկ առհասարակ Փարիզ ասելով ի՞նչ է առաջինը միտքդ գալիս։


- Էյֆելյան աշտարակը։

- Ունե՞ս ֆրանսիական սիրելի ֆիլմ։

- Երեւի «Տաքսի»-ն կնշեմ։

- Ի՞նչ գիտես ֆրանսերենով։


- Դպրոցում ֆրանսերեն եմ անցել ու որոշ չափով տիրապետում եմ լեզվին։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Մինչ այս քանի՞ անգամ է Փարիզն ընդունել ամառային Օլիմպիական խաղեր։

- Չգիտեմ, երեւի մե՞կ (երկու՝ 1900-ին եւ 1924-ին, խմբ․)։

- Հիշո՞ւմ ես քո առաջին Օլիմպիական խաղերը, որ դիտել ես հեռուստացույցով:


- 2008-ի Պեկինի խաղերն են։ Դանից հետո ավելի ոգեւորված էլ սկսել եմ պարապել, ուզում էի հաջորդ խաղերին ես էլ մասնակցեմ։ Առհասարակ այդ թվականները շատ ուրիշ էին։ Լավ հիշում եմ Վիկ Դարչինյանի եւ Արթուր Աբրահամի ելույթները, նրանք միշտ գիշերն ուշ էին մենամարտում։ Ծնողներիս ասում էի, որ անպայման արթնացնեն, չնայած այնքան անհամբեր էի, որ չէի էլ կարողանում քնել։ Երբ նրանք հաղթում էին ու մեր դրոշը բարձրացնում, մեծ ոգեւորություն էի ապրում։ Երեւի այդպես էլ սերմանվել է իմ մեջ ձգտումը, ես էլ էի երազում հաղթանակի մասին։

- Օլիմպիական չեմպիոն դարձած հայ մարզիկներից ո՞ւմ կառանձնացնես։


- Բոլորն էլ արժանի են առանձնահատուկ վերաբերմունքի։ Ոչ բոլոր մարզիկներին է տրված անցնել այդպիսի ճանապարհ ու դառնալ Օլիմպիական չեմպիոն։ Ինչ ուզում ես արա, ինչքան ուզում ես պարապի, եթե արժանի չես հաղթանակի ու եթե Աստված չտա, չեմպիոն չես դառնա։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Եթե հնարավորություն ունենայիր, ո՞ր Օլիմպիական խաղերին կմասնակցեիր։

- Չեմ սիրում հետ գնալ, պետք է առաջ նայել։ Ինձ համար հիմա կարեւորը Փարիզի խաղերն են։

- Անդրանիկ, քո որակներից ո՞ր մեկը կցանկանայիր ավելի ուժեղացնել:


- Շատ բաներ կան, որոնց ուղղելու վրա պետք է աշխատեմ, բայց չեմ ասի։

- Ինչի՞ց է կազմված հաղթանակը:


- Քրտնաջան աշխատանքից, լավ պարապմունքից։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Պարտության տված դասերը:

- Վայ, շատ դաժան են։ Երբ հաղթանակներ ես տոնում, հետո հանկարծ պարտվում ես, չգիտես ինչու մարդկանց վերաբերմունքը փոխվում է, սկսում են քեզ ուրիշ ձեւ նայել։ Սա, իսկապես, մեծ հարված է լինում։ Ոչ ոքի չի հետաքրքրում, որ ծանր վնասվածքներ, խնդիրներ ես ունենում, նրանք սովոր են մեդալի ու պահանջում են միայն դա։

- Այդ դեպքում հաղթանակն ի՞նչ ազդեցություն է ունենում։


- Իհարկե, ամենակարեւորը մարդկանց սերն է, բայց այդ սերը պետք է մնա, ոչ թե որոշ ժամանակ անց զրոյանա։ Կարծում եմ, որ ժողովրդի մեջ այն մնում է, բայց կան մարդիկ, օրինակ՝ ղեկավարության մեջ, որ միանգամից մոռանում են քո անցած ճանապարհը։ Մեդալ կա՝ իրենց համար տեղ ունես, ոչ՝ բան չկա, մեկ ուրիշը կնվաճի։ Այդպես չի կարելի։

- Ինչպիսի՞ն է Հայաստանի Օլիմպիական հավաքականը։


- Վարկանիշ նվաճելը դժվար բան է։ Եթե իմ թիմակիցները դա արել են, ուրեմն ցանկացածն էլ կարող է հավակնել մեդալի։ Բոլորին անփորձանք մրցելույթներ եմ մաղթում, գիտեմ, որ նրանց գերագույն նպատակն Օլիմպիական խաղերն են։ Աստված տա, Փարիզում հասնեն իրենց սրտի ուզածին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Անդրանիկ Կարապետյանը 2015-ի Աշխարհի բրոնզե մեդալակիր է
2016-ի Եվրոպայի չեմպիոն
2017-ի Ուսանողական խաղերի փոխչեմպիոն
2015, 2021 եւ 2023-ի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Մասնակցել է 2016-ի Օլիմպիական խաղերին։

Անդրանիկ Կարապետյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին