Գոայում ավարտված շախմատի Աշխարհի գավաթում հաղթող դարձավ Ուզբեկստանը ներկայացնող Ջավոխիր Սինդարովը։
Նա առաջին շախմատիստն է, որ նման հաջողության հասնում է 19 տարեկան, 11 ամսական ու 18 օրական հասակում։ Աշխարհի գավաթում նա հաղթանակներ է տոնել մի շարք ուժեղ շախմատիստների նկատմամբ՝ եզրափակչում մրցելով Չինաստանի 1-ին համար Վեի Յիի դեմ։ Նրանց միջեւ կայացած դասական պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքիներով, իսկ թայ-բրեյքում ավելի ուժեղ գտնվեց ուզբեկ շախմատիստը։
Լուսանկարը` FIDE
«Մրցաշարում կամաց-կամաց ավելի վստահ ու հարմարավետ էի զգում։ Կուզենայի ընդգծել բախտի դերը, որը նման մրցաշարերում մեծ կարեւորություն է ունենում։
Յին շատ ուժեղ շախմատիստ է, միշտ պատրաստ էր իմ առաջարկած խնդիրներին։ Քանի որ արդեն որակավորվել էի հավակնորդների մրցաշարի համար, եզրափակիչն ամբողջությամբ անցկացրի առանց ճնշման։ Սա իմ կյանքի կարեւոր օրերից է, հույս ունեմ, որ լավ մեկնարկ կլինի ու աստիճանաբար ավելի բարձրակարգ կդառնամ։
Իհարկե, երջանիկ եմ, որ գավաթը տանում եմ Ուզբեկստան։ Սա մեր երկրի երեխաներին մոտիվացիա կտա ու տարիներ անց կունենանք էլ ավելի լավ սերունդ»։
Հնդկաստանը դարձել է հատուկ երկիր երիտասարդ շախմատիստի համար։ 2022-ին նա Ուզբեկստանի հավաքականի հետ այնտեղ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող, իսկ հիմա նվաճել է Աշխարհի գավաթը։ Հետաքրքիր է, որ եզրափակիչ անցնելու համար մրցել է իր համերկրացի Նոդիրբեկ Կաուբոեւի հետ։ Հաղթելուց հետո մի քանի անգամ ներողություն է խնդրել, իսկ վերջինս պարզապես գրկել է նրան ու շնորհավորել։
Լուսանկարը` FIDE
«Նոդիրբեկն իմ լավ ընկերներից մեկն է։ Ես չեմ կարող շատ ուրախ լինել, որովհետեւ հաղթեցի թիմակցիս ու ընկերոջս, բայց նաեւ կարծում եմ, որ շատ լավ խաղացի եւ գուցե արժանի եմ եզրափակիչ դուրս գալ»։
Նրանք միասին էին, երբ հաղթել են Համաշխարհային Օլիմպիադան։ Դա ամենաերիտասարդ թիմի հաղթանակներից էր, ինքը՝ Սինդարովը, 2022-ին ընդամենը 16 տարեկան էր։
«2002-2006 թվականներին ծնվածներն Ուզբեկստանի շախմատի լավագույն սերունդն են։ Որակի բարձրացմանն օգնել է այն, որ երեխա տարիքից անչափ շատ մրցաշարերի ենք մասնակցել, մեզ հետ աշխատել են բարձրակարգ շախմատիստներ։ Մեր ողջ թիմը երիտասարդ է, միմյանց լավ ենք ճանաչում ու հասկանում, իրար հետ խաղում ենք եւ ուժեղացնում միմյանց»։
Լուսանկարը` FIDE
Գոայում Սինդարովին աջակցելու են գնացել եղբայրը, տատիկն ու պապիկը։ Հենց վերջինիս է առանձնացրել շախմատիստն իր հաջողությունների հարցում։
«4 տարեկանից պապիկս աշխատում է ինձ հետ ու բացահայտել է շախմատի աշխարհը։ Նա է սկիզբը դրել, այնուհետեւ տարել պրոֆեսիոնալ մարզումների։ Պապիկս միշտ ասում էր, որ կարող եմ հասնել մեծ հաջողությունների, պարզապես պետք է շատ աշխատեմ, ինձ նվիրեմ շախմատին, իսկ ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար ժամանակ հետո կհատկացնեմ։ Իմ մեծ նպատակն էր դառնալ ամենաերիտասարդ գրոսմայստերներից մեկը, ինչին հասա։ Հետո հասկացա, որ մեծ նվաճումների համար պետք է շատ-շատ աշխատեմ, հակառակ դեպքում հետ կմնամ իմ հասակակիցներից»։
Սինդարովը բազմակողմանի շախմատիստ է: Այս տարի Grand Slam Tour-ին մասնակցելուց հետո նա տպավորիչ ելույթներ է ունեցել Ֆիշերի ձեւաչափով մրցաշարի ժամանակ, Last Chance Qualifier-ում՝ ապացուցելով իր բացառիկ հմտությունը շախմատի բոլոր ձեւաչափերում:
Լուսանկարը` FIDE
«Ուզբեկստանում կմնամ մի քանի օր, նշելու շատ ժամանակ չունեմ, որովհետեւ դեկտեմբերին կարեւոր մրցաշարեր կան, ձգտելու եմ կրկին հաջող ելույթներ ունենալ»։
Ջավոխիր Սինդարովը ծնվել է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին Տաշքենդում։ Նա գրոսմայստերի նորման լրացրել է ընդամենը 12 տարեկանում։
2021-ի Աշխարհի գավաթում վարկանիշով 121-րդն էր, սակայն զարմացրել է բոլորին՝ հաղթելով 8-րդ համար Ալիռեզա Ֆիրուջային։ Դրանից երկու տարի անց նա առավելության է հասել 10-րդ համար Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ։
Այդ նույն տարի նա Ասիայի խաղերում Ուզբեկստանի ընտրանու կազմում 8 հնարավորից վաստակել է 6 միավոր ու իր թիմի հետ նվաճել բրոնզե մեդալներ։ Սինդարովը Grand Swiss-ում եւս հաջող է հանդես եկել ու պայքարել հաղթողի կոչման համար, մինչեւ կրել է առաջին պարտությունը՝ զիջելով ապագա հաղթող Վիդիթ Սանթոշին։ Այդ մրցաշարում նա տոնել է կարեւոր հաղթանակներ, որոնցից մեկն Աշխարհի նախկին 2-րդ համար Լեւոն Արոնյանի նկատմամբ։
Լուսանկարը` FIDE
Այդ մրցաշարից հետո նա անձնական ցուցանիշն առաջին անգամ հասցրել է 2700-ի՝ իր վրա սեւեռելով շախմատային աշխարհի ուշադրությունը։ Այսօր նա արդեն լավագույն 20-յակում է, տիրացել է Աշխարհի գավաթին ու ավելի մեծ մարտահրավեր նետել ուժեղագույն գրոսմայստերներին։
Գոհար Նալբանդյան




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: