Դեկտեմբեր 22, 2024
exclusive
3738 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Արսեն Հարությունյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Mediamax Sport«Փարիզ-2024» շարքի համար Արսեն Հարությունյանի հետ մի քանի ժամ անցկացրել ենք Մասիսում: Քաղաքի կենտրոնում նկարելուց հետո ուղեւորվել ենք նրա ընկերոջ ծիրանի այգին՝ ճանապարհին որսալով դեպի Արարատ լեռը բացվող գեղեցիկ տեսարանը:

Ծնվել է. 22.11.1999 թ. Մասիսում:

Մարզաձեւը.
Ազատ ոճի ըմբշամարտ (57 կգ):

Անձնական մարզիչը.
Արշակ Հայրապետյան:

Ընտանեկան կարգավիճակը.
Ամուսնացած եմ, դուստրս՝ Մարիան 10 ամսական է:

Հոբբի.
Սիրում եմ քաղաքից դուրս այցելել ոչ մարդաշատ վայրեր, որտեղ կգտնեմ իմ հանգստությունը: Պետք է անպայման սարեր ու ջուր լինեն, թեեւ այդ երկուսի համադրությունը հազվադեպ է հանդիպում, բայց ես կարողանում եմ գտնել: Նման վայրերում մտածում եմ ու ճիշտ կողմնորոշվում:

Կրթությունը.
Ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մագիստրատուրան, հիմա սովորում եմ Տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի եւ բիզնեսի բաժնում: Մարդկանց մեջ կարծրատիպ կա, որ կրթությունը մարզիկին պետք չէ, այնինչ առանց գիտելիքների հնարավոր չէ աճել ու բարձրակարգ մարզիկ դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի յուրահատկությունը. Ըմբշամարտում առաջին հերթին սովորեցնում են ոչ թե հնարքներ կատարել, այլ թե ինչպես ընկերություն անել եւ փոխադարձ հարգանքով շփվել միմյանց հետ: Եթե անգամ տիտղոսակիր ըմբիշ չդառնաս, լավ ընկերներ ձեռք կբերես: Նաեւ դրա շնորհիվ է, որ ըմբիշները հաջողությունների են հասնում տարբեր բնագավառներում ու կայացած գործարարներ դառնում:  

Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը. 
2019-ի Եվրոպայի չեմպիոնությունն է: Առաջին անգամ էի մեծ սպորտում նման հաջողության հասնում, ինչից հետո սկսվեցին հաղթանակներս:

Ամենածանր պարտությունը.
Եղել է Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ծանր հարված էր, հենց այդ մասին հիշում եմ, ամեն ինչ խառնվում է իրար: Մեծ սխալներ եմ թույլ տվել, որոնք չպետք է անեի:

2-րդ խաղերը.
Տոկիոյի խաղերից շատ բան եմ սովորել, հասկացել, որ մարզիկը կարող է հաղթել միայն օր ու գիշեր տանջվելով, ուրիշ կերպ հաջողության հասնելն անհնար է: Մարզումների ժամանակ պիտի ոչ մի վայրկյան չթերանաս ու անդադար սխալներիդ վրա աշխատես: Օլիմպիական խաղերից հետո ամեն մրցաշարի թեթեւ եմ նայում ու անհաջողություններից ճիշտ հետեւություններ անում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ելույթից առաջ արարողակարգ. Համբուրում եմ խաչս, որը միշտ ինձ հետ է ու մտնում գորգ:

- Արսեն, որո՞նք են քո ուժեղ եւ թույլ կողմերը:


- Ուժեղ կողմս չհանձնվելն է, ինձ համար անհնարին ոչինչ չկա: Ի սրտե ցանկացածս մի քանի օր հետո կատարվում է: Չեմ ասի թույլ կողմս է, բայց մեկ-մեկ շատ արագ եմ որոշումներ կայացնում, որոնց պատճառով խնդիրների առաջ եմ կանգնում, բայց դրանց արդյունքում փորձ եմ ձեռք բերում:

- Վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունը:


- Աղջկաս ծնունդն է եղել, նա ինձ լրիվ փոխեց ու ամեն ինչ փոխեց: Օր օրի հասկանում եմ, որ այս աշխարհն ավելի շատ գույներ ունի: Մարիայի ամեն ժպիտի, բառի, աչքերի փայլի ու հայացքի շնորհիվ նոր բան եմ հասկանում կյանքի մասին: Երբ դեռ ընտանիք չես ունենում, կյանքի մասին պատկերացումներդ լրիվ այլ են, իսկ նրա հետ ուրիշ մարդ ես դառնում: Ուզում եմ շատ՝ 5 երեխա ունենալ ու նրանց համար լավ ապագա ապահովել:

- Ո՞րն է ամենամեծ վախդ:


- Վախեր չունեմ, քանի որ հերթով հաղթահարում եմ: Շներից էի վախենում, հիմա շուն եմ պահում:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:

- Անկեղծությունը: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ, որ միմյանց բարին են կամենում ու ցանկանում ուրիշներն էլ հաջողության հասնեն: Նման մարդիկ քիչ են, բայց պետք է այնպես անել, որ շատանան: Ուրախ եմ, որ իմ կողքին նման ընկերներ կան, նրանք իմ հաղթանակը սեփականի պես են ընդունում, նույն կերպ էլ ես եմ անում:  

- Ի՞նչ է երջանկությունը քեզ համար:


- Շատ ընդգրկուն բառ է, բայց առաջին հերթին այն ներառում է ընտանեկան ջերմ մթնոլորտ ու համերաշխություն: Երջանկություն է նաեւ այն, որ ծնողներդ, բարեկամներդ, հարազատներդ ու ընկերներդ առողջ են: Այս կյանքում ամենակարեւոր բանն առողջությունն է, որը ոչնչով չես կարող գնել:

- Ի՞նչն է քեզ վստահ դարձնում:


- Սպորտում մարզումներս, եթե լավ պատրաստ եմ, անբացատրելի վստահություն եմ ստանում: Իսկ կյանքում ազնվությունն ու անկեղծությունն են, երբ ոչ մի լարվածություն չեմ ունենում եւ հանգիստ ապրում եմ:  

- Ձեր քաղաքում ամենասիրելի ու հարազատ վայրերը:


- Մասիսում յուրաքանչյուր վայրում էլ ինձ լավ եմ զգում, բայց հատկապես տունս եմ շատ սիրում, որտեղ լիարժեք հանգստանում եմ: Ինչպես նաեւ եկեղեցի եմ հաճախ գնում, Աստծո տունն ինձ համար միշտ առանձնանում է:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինքդ քեզ 3 բառով ինչպե՞ս բնորոշես:

- Նպատակասլաց, չհանձնվող ու խիզախ:

- Ամենակարեւոր ձեքբերումը կյանքում:


- Ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ շատ խելացի աղջկա եմ հանդիպել՝ հիմա նա իմ կինն է, եւ, իհարկե, աղջիկս է թանկ ինձ համար:

- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ:


- Շատ բաների համար, բայց առաջին հերթին շնորհակալ եմ հայրիկիս, նա կտրվել է իր գործերից ու ժամանակ գտել ինձ ըմբշամարտի տանելու համար: Շնորհակալ եմ նաեւ մարզիչներիս, որոնց օգնությամբ ուրիշ մարդ եմ դարձել, ծնողներիս չափ էլ նրանց հետ եմ շփվել: Միայնակ ոչնչի չէի կարող հասնել, ամեն մեկն իր դերակատարումն ունի իմ կյանքում:

- Քեզ բնորոշ ամենադիպուկ արտահայտությունը:


- «Աստված առաջ» եմ հաճախ ասում:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:

- Նախ Օլիմպիական ուղեգիր, հետո տքնաջան մարզումներ, լավ տրամադրվածություն, ինչպիսին լինում է Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններից առաջ, մեկ էլ, իհարկե ինքնաթիռ, որը մեզ կհասցնի Փարիզ:  

- Ինչո՞ւ են քո կարծիքով խաղերը 4 տարին մեկ անցկացվում:


- Խաղերը պետք է որեւէ կերպ առանձնանային Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններից եւ հաղթողներն ուրիշ պատմություն ունենային, դրա համար էլ 4 տարին մեկ են անցկացվում:

- Որո՞նք են եղել քեզ համար ամենայուրահատուկ խաղերը:


- Անկեղծ կլինեմ, ըմբշամարտի մրցումներից բացի ոչ մի այլ մրցումներ չեմ դիտել, երբեք չեմ հետեւել նաեւ բացման կամ փակման արարողություններին: Ուշադիր նայել եմ միայն  Արթուր Ալեքսանյանի, Արսեն Ջուլֆալակյանի ու Միհրան Հարությունյանի ելույթները:

- Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու ֆրանսիացիները:


- Սովորաբար նոր տեղ մեկնելուց առաջ ուսումնասիրում եմ քաղաքն ու մարդկանց, վերջերս Ֆրանսիայի մասին էլ կարդացել եմ: Իրար բավական նման ենք մտածելակերպով, ֆրանսիացիները սառը ազգերից չեն ու մեզ պես ջերմ են: Ինչպես հայերն են այլ երկրից հյուր ունենալու դեպքում առաջին հերթին ծանոթացնում իրենց խոհանոցին ու համեղ ուտելիքներին, այդպես էլ ֆրանսիացիներն են անում:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո սիրելի ֆրանսիական ուտելիքը:

- Ոչ բոլորի անուններն եմ հիշում, բայց ժուլիեն շատ եմ սիրում:

- 3 բան, որոնք հատուկ են Փարիզին:


- Առաջինն Էյֆելյան աշխատակն է ու սերը, այդ քաղաքում երջանկություն կա: Մոտ 5 ամիս առաջ հատուկ Փարիզին ու ըմբշամարտի դահլիճին ծանոթանալու նպատակով 15 օրով մեկնել էի այնտեղ, համարյա վայր չի մնացել, որ չայցելեմ: Դահլիճը հենց աշտարակի դիմացն է ու բավական գեղեցիկ տեսարան է բացվում: Հետագայում պլանավորում եմ ընտանիքիս հետ էլ լինել Փարիզում: Շատ էի ուզում քաղաքի մթնոլորտը զգալ ու ընկղմվել դրա մեջ, բայց բուն մրցումների վրա չեմ կենտրոնանում, մինչեւ վերջ էլ փորձելու եմ հանգիստ լինել:

- Ի՞նչ ֆրանսերեն բառեր գիտես:


- Առաջին անհրաժեշտության շատ բառեր եւ արտահայտություններ գիտեմ, որոնք Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանն է սովորեցրել:

- Ինչո՞վ են պատմության մեջ հայտնի Հայաստանն ու Ֆրանսիան:


- Շատ կարեւոր հարց է, պետք է ճիշտ պատասխանել: Երկու երկրներն էլ մեծ ու տպավորիչ պատմություն ունեն, հին ազգերի թվին են դասվում, բացի այդ էլ՝ բարեկամ պետություններ են:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո սիրելի Օլիմպիական մեդալակիր կամ չեմպիոն հայ մարզիկները:

- Բոլոր մարզիկներին էլ սիրում եմ, դրա համար որեւէ մեկին չեմ առանձնացնի, բայց ամենաշատը մեզ բոլորիս ոգեշնչել են Արթուր Ալեքսանյանն ու Արմեն Նազարյանը:

- Իսկ համաշխարհային սպորտի՞ց:


- Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլին է, որը մինչ այս պահն էլ իր խոսքերով ինձ շատ է օգնում: Հատկապես նրա այս արտահայտությունն է ինձ դուր գալիս. «Ամեն ինչը կախված է մարդու մտքից ու ոչ բնավ ֆիզիկական վիճակից: Չպիտի մտածես, որ մարմինդ թույլ է կամ քեզ լավ չես զգում: Անգամ եթե 10 կգ քաշ կորցնես, բայց մտովի պատրաստ լինես ու քեզ հավատաս, ամեն ինչն էլ կստացվի»: Վերջերս Աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանի հետ է ինձ կարեւոր ուղերձ փոխանցել. «Եթե կա մեկը, ում իմ քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն եմ տեսնում, Արսենն է: Նա բոլորին էլ կարող է վստահորեն հաղթել: Թող որեւէ մեկի դեմ չտրամադրվի, այլ մրցակիցները տրամադրվեն իր դեմ: Եթե իրեն լավ զգա, անգերազանցելի մրցակից չի ունենա»: Այդ խոսքերն ինձ շատ են օգնել ու ոգեշնչել:   

- Եթե հնարավորություն ունենայիր, ո՞ր Օլիմպիական խաղերին կմասնակցեիր:


- Շատ կուզեի Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցել, որովհետեւ իմ քաշային կարգում շատ լեգենդար մարզիկներ են ելույթ ունեցել: Հիանալի կլիներ ուժս տեսնել նրանց դեմ պայքարում:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Գիտե՞ս, թե քանի անգամ է Փարիզն ընդունել Օլիմպիական խաղեր:

- Եթե չեմ սխալվում, սա 3-րդ անգամը կլինի:

- Քո որակներից ո՞րը կուզեիր էլ ավելի ուժեղացնել:


- Կա մի բան, որը նոր եմ հայտնաբերել: Յուրաքանչյուրի հետ գոտեմարտելու ձեւ կա ու դա է պետք գտնել, սկսել եմ փոխվել ըստ մրցակիցների, հենց այդ որակն էլ անհրաժեշտ է ուժեղացնել: Այդ հնարքի մասին ինձ հուշել է լեգենդար մարզիչ Վլադիմիր Մոդեսյանը, որը շատ Օլիմպիական չեմպիոն սաներ է ունեցել: Երբ անցած տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում Զելիմխան Աբակարովին հաղթեցի, ասաց, որ իր խորհուրդն արդեն յուրացրել եմ: Եվս մեկ ըմբիշի էլ, որին 10:0 հաշվով զիջել էի, կարողացա հաղթել հունիսին Բուդապեշտում կայացած վարկանշային մրցաշարում:

- Ինչի՞ց է բաղկացած հաղթանակը:


- Տանջվելուց:

- Որո՞նք են պարտությունների տված դասերը:


- Որ կարողանում ես սխալներդ ուղղել ու առաջ շարժվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


-  Ինչպիսի՞ն է Հայաստանի այս Օլիմպիական հավաքականը:

- Մեկ էլ 1992 թվականին Բարսելոնայի Օլիմպիական խաղերին է այսպիսի ուժեղ հավաքական մասնակցել: Հինգ մարզիկ ենք ունեցել ու 4-ը վերադարձել են մեդալով՝ 3 ոսկե ու 1 արծաթե: Հավատում եմ, որ հունահռոմեականները 2 ոսկե մեդալ կնվաճեն, ազատներին էլ կհաջողվի: Շատ եմ հավատում նաեւ Արթուր Դավթյանին, նրա վերջին ցուցանիշները տեսել եմ ու համոզված եմ՝ կկարողանա առաջինը լինել: Ծանրորդներն էլ ուժեղ են ու մեդալներ կնվաճեն: Վարազդատ Լալայանը Լաշա Տալախաձեին գերազանցելու բոլոր հնարավորություններն ունի: Գիտեմ, թե բոլորիս համար որքան դժվար է լինելու, բայց անհնարին ոչինչ չկա: Փարիզի խաղերում շատ մեդալներ են լինելու, նաեւ՝ ոսկե:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի քառակի չեմպիոն է,
Մեկ անգամ ԵԱ-ում բրոնզե մեդալ է նվաճել
Աշխարհի եռակի 3-րդ մրցանակակիր է
Աշխարհի Գավաթի երկրորդ մրցանակակիր
Մ-23 տ. Աշխարհի կրկնակի հաղթող

Արսեն Հարությունյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին