Օլիմպիական խաղերի մեկնարկին ընդամենը 10 օր է մնացել, Հայաստանի հավաքականից մարմնամարզիկներն ու հրաձիգն արդեն Փարիզում են, իսկ ազատ ոճայինները հավաք են անցկացնում Ռուսաստանում:
Մյուս մարզիկները դեռ Հայաստանում են ու այսօր հանդիպում են ունեցել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Նախ ելույթ է ունեցել ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, նա տեղեկացրել է, որ քառամյա ցիկլի ընթացքում ԿԳՄՍ-ի հետ համատեղ են գործել ու իրականացրել բոլոր աշխատանքները:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Միմյանց օգնելով ու փոխլրացնելով ենք համագործակցել, ամեն ինչ հասցրել ենք ամբողջ ծավալով եւ ըստ ժամանակացույցի: Այս պահի դրությամբ մեր թիմերը որեւէ խնդիր չունեն»,- ընդգծել է նա:
Ծառուկյանն էլ շեշտել, որ մարզիկները դժվարին ճանապարհ են անցել ու հաշված օրեր անց Փարիզում փորձելու են իրականություն դարձնել այդքան բաղձալի նպատակները:
«Ամբողջ երկիրն անհամբերությամբ ձեր ելույթներին է սպասում: Դուք մեր երկրի դեսպաններն ենք Օլիմպիական խաղերում ու ողջ ազգը մեծ ակնկալիքներ ունի: Մեծ պատասխանատվություն է դրված ձեզ վրա, որպեսզի կարողանաք բոլորիս հպարտություն պարգեւել: Մեր բարեկամ երկիր Ֆրանսիայում են խաղերը, որտեղ մեծ հայկական համայնք կա, նրանք էլ են աջակցելու ձեզ»,- ընդգծել է Ծառուկյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Նա ավելացրել է, որ խաղերին նախորդած տարիների ընթացքում հայ մարզիկները բազմաթիվ խոշոր միջազգային մրցաշարերի են մասնակցել ու այդ ընթացքում տարատեսակ մեդալներ նվաճել: Հիմա ժամանակն է, որ իրենց դրսեւորեն նաեւ Օլիմպիական խաղերում:
«Ցույց տվեք ձեր ուժը, ջանք եւ եռանդ մի խնայեք ու ազգին հաղթանակի բերկրանք պարգեւեք: Մեր երկիրը նման նվաճումների կարիք ունի, պետք է ցույց տանք, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Օգտագործեք ձեր փորձն ու հմտությունները եւ մեդալներով վերադարձեք, իմացեք, որ բոլորս ձեր կողքին ենք: Եկել է արժանապատիվ ելույթ ունենալու եւ ազգի հզորությունը ցույց տալու ժամանակը»,- ավելացրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: