Հունվար 10, 2026
294 դիտում

Սարգսյան. Տպավորություն է, որ ձմեռային մարզաձեւերը Հայաստանում որբի կարգավիճակում են


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Դահուկասպորտի ֆեդերացիա

Լուսանկարը` Դահուկասպորտի ֆեդերացիա

Լուսանկարը` անձնական արխիվից


Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը պատմել է 2026 թվականին Միլանում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերին առանց պետական աջակցության նախապատրաստվելու ու մարզաձեւի բազմաթիվ այլ խնդիրների մասին:


Անհավասար պայմանները

«Ի սկզբանե ամառային ու ձմեռային մարզաձեւերի միջեւ անհավասար պայմաններ են դրվում ու նշվում, որ ֆինանսավորումը կավելանա, եթե արդյունքներ ցույց տանք: Բայց ինչպե՞ս է հնարավոր անհավասար պայմանների դեպքում հավասար մոտեցմամբ ավելացնել ֆինանսավորումը: Փաստացի չեն ավելացնելու, քանի որ մեր դեպքում հնարավոր չէ արդյուք գրանցել: 

Եթե ամառային ձեւերը Հայաստանում հարյուրավոր մարզադպրոցներ ունեն, ձմեռայինի դեպքում ընդամենը երկուսն են՝ Գյումրիում ու Ծաղկաձորում: Այդ դեպքում դահուկային ձեւերը զարգացնելու մասին խոսելը ֆանտաստիկայի ժանրից է: 

Ասեմ ավելին, Աշոցքում տաղանդավոր երեխաներ ու մարզիչներ ունենք, ովքեր չեղած պայմաններում աշխարհի ուժեղագույն մարզիկների հետ են մրցում ու հաճախ փայլուն արդյունքներ ցույց տալիս: Հենց Աշոցքից են Միքայելն ու նրա եղբայրը՝ Սերգեյը, որոնք  հպարտանալու բազմաթիվ առիթներ են տվել մեր ժողովրդին: Այնտեղ մարզադպրոց ունենալու անհրաժեշտության մասին բազմիցս բարձրաձայնվել է:

Լուսանկարը` Դահուկասպորտի ֆեդերացիա


Ձմեռային խաղերը

2026 թվականի փետրվարին հերթական ձմեռային Օլիմպիական խաղերն են տեղի ունենալու, որոնց մասնակցության ուղեգրերի մասին կհրապարակվի հունվարի 19-ին:

Դահուկավազքի միջազգային ֆեդերացիան մի հետաքրքրիր քաղաքականություն է սկսել՝ կանայք ու տղամարդիկ խաղերին կմասնակցեն հավասար քանակությամբ: Ներկայացված կլինեն 296 դահուկորդներ, մենք կունենանք նվազագույնը մեկ կին ու տղամարդ: Լեռնադահուկային սպորտում ելույթ կունենան 153-ական կին ու տղամարդ, նրանիցի նվազագույնը մեկը հայ կլինի:    

Դահուկավազքում ազգային վարկանշավորում կա, ինչի հիման վրա էլ պետությունները մասնակցության իրավունք են ստանում: Խաղերում հանդես են գալիս այն մարզիկները, ովքեր երկիրը ներկայացնում են Աշխարհի գավաթի փուլերում: Ցավոք, լուրջ ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարողացել բոլոր փուլերին մասնակցել ու ավելի լավ արդյունք գրանցել: 

Բայց փառք ու պատիվ մեր մարզիչներին (Արթուր եւ Ալլա Միքայելյաններ) ու մարզիկներին (Կատյա Գալստյան, Միքայել Միքայելյան, Սպարտակ Ոսկանյան), որոնց շնորհիվ շուրջ 70 երկրների պայքարում ազգային վարկանշավորման աղյուսակում 33-րդն ենք: Այս պահի դրությամբ նվազագույնը 2 ուղեգիր կարող ենք ստանալ:

Ցավոք, Կատյա Գալստյանին չթույլատրվեց մասնակցել վերջին մեկնարկներին, քանի որ ոչ բոլոր վարկանշային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն էր ունեցել ու մինչ օրս միավորներ է կորցնում: Փորձում ենք իրավիճակը փրկել՝ նրան մի քանի օրից Լեհաստանում կայանալիք վարկանշային մրցաշարին ուղարկելով: Այն ներառված է  պետության կողմից ֆեդերացիային հատկացվող ծրագրերի ցանկում, բայց մինչ օրս ֆինանսավորում չենք ստացել: Հուսանք հարցը կլուծվի, կկարողանանք բարձրացնել Գալստյանի վարկանշային միավորներն ու ուղեգրի հարցը լուծել: 

Լուսանկարը` Դահուկասպորտի ֆեդերացիա


Լեռնադահուկային սպորտում 2 մարզիկ ունենք՝ Գլեբ Մոսեսովն ու Հարություն Հարությունյանը: Մոսեսովն արդեն իսկ ապահովել է մասնակցությունը խաղերին, նա բավական բարձր վարկանիշ ունի, իսկ Հարությունյանը մրցաշարերի է մասնակցում: 

Նախապատրաստությունը

Վերջին ձմեռային խաղերից մեկ տարի էր անցել, երբ ԿԳՄՍ-ից ծախսային ծրագրերի նախագիծ ստացանք ու փորձեցինք հասկանալ, թե արդյոք ամառային Օլիմպիական խաղերի պես, ձմեռայինին եւս նախապատրաստվելու համար գումար կհատկացվի՞ (2024-ի Փարիզի խաղերից առաջ կառավարությունը մարզիկներին նախապատրաստվելու համար հավելյալ գումար էր տրամադրել, խմբ.):

Պարզաբանում ստանալու համար դիմեցինք նախարարություն ու խնդրեցինք հստակեցնել, թե արդյո՞ք նախատեսվում է այն ունենալ: Ընդամենը վերջերս տեղեկացանք, որ կառավարությունը որոշել է 2028-ի ամառային խաղերի մեկնարկից 3 տարի առաջ նախապատրաստվելու համար գումար հատկացնել ոչ միայն մարզիկներին, այլ նաեւ սպասարկող անձնակազմին: Այդպես էլ հիմնավորում չստացանք, թե ինչու ձմեռային մարզաձեւերը ներառված չեն այդ ծրագրում:

Շատ ուրախ եմ, որ ամառային մարզաձեւերի համար նման գումարներ են ծախսվում, բայց տարիներ շարունակ դիմելով ԿԳՄՍ՝ մենք այդպես էլ ոչնչի չհասանք: 
Ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընկերներից, մարզիկներից ու այն անձանցից, ովքեր տարիներ շարունակ աշխատում են ամենացուրտ ու անմարդկային պայմաններում, բայց տպավորություն է, որ ձմեռային մարզաձեւերը Հայաստանում որբի կարգավիճակում են:  

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեր մարզիկները եւս Հայաստանի քաղաքացիներ են, մարզիչներն աշխատում են ու ամառային ձեւերից ոչ պակաս արդյունքներ գրանցում, սակայն երբ հերթը հասնում է հավասար ֆինանսավորմանը, ոչինչ են ստանում: 

2026 թվականի խաղերի նախապատրաստվելու համար այդպես էլ ոչ մի ֆինանսավորում չտրվեց, արդյունքում չկարողացանք իրականացնել մեր ծրագիրն ու չհասանք մեր ակնկալած ուղեգրերի քանակին: 

Միակ դրամական օգնությունը ստացել ենք ՀԱՕԿ-ից՝ Միջազգային Օլիմպիական կոմիտեի համերաշխության ծրագրի շրջանակում: Այն մեր ֆինանսավորման հետ շատ խնայողաբար օգտագործել ենք, որպեսզի Օլիմպիական խաղերում ներկայացուցիչներ ունենանք:

Որպես ամփոփում

Կատյան Գալստյանն իր 4-րդ խաղերին է պատրաստվում, ինչը Հայաստանի համար աննախադեպ է՝ նախկինում ոչ մի մարզաձեւի կին ներկայացուցիչ նման ցուցանիշ չի գրանցել: Միքայել Միքայելյանի համար 3-րդ խաղերը կլինեն:

Ի վերջո այդ մարդկանց աշխատանքը կարելի է հարգել, նրանք նվիրվել են այս մարզաձեւին ու բազմաթիվ անգամներ Հայաստանի պատիվը բարձր պահել: Նրանք իրենց մարզիչների գլխավորությամբ Հայաստանը տեսանելի են դարձրել աշխարհի դահուկային քարտեզի վրա ու իրենց նվիրվածության արդյունքում են Հայաստանը ներկայացնելու 2026-ի Օլիմպիական խաղերում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին