Դեկտեմբեր 26, 2024
exclusive
4350 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական․ Սլավիկ Գալստյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանի համար Երեւանի շատ վայրեր են սիրելի։ Mediamax SportՕլիմպիական շարքի լուսանկարների համար նա հանդիպման վայր ընտրեց Մատենադարանը։ Բացահայտեք մեր օլիմպիականին՝ ծանոթանալով նաեւ Մատենադարանի գեղեցկության հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է․ 21․12․1996 թ-ին Երեւանում:

Մարզաձեւը․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտ (67 կգ):

Անձնական մարզիչը․ Մարտին Ալիխանյան:

Կրթությունը․ Սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մագիստրատուրայում։

Ընտանեկան դրությունը․ Ամուսնացած չէ։

Սիրած զբաղմունքը․ Ֆուտբոլ խաղալ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի յուրահատկությունը․ Այն ինձ գրավում է ամեն ինչով՝ գեղեցկությամբ, ճարպկությամբ։ Ըմբշամարտը դարձել է իմ կյանքի մի մասը, առանց որի ինձ չեմ պատկերացնում։ Աննկարագրելի են հաղթելուց հետո ունեցած ապրումները։

Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը․ Մեծահասակների Աշխարհի առաջնությունում առաջին մեդալի նվաճումը։ Այդ զգացողություններս ուրիշ էին, անբացատրելի։ Մյուսը կնշեմ Օլիմպիական խաղերի ուղեգրի ձեռքբերումը։

Ամենածանր եւ անսպասելի պարտությունը․ 2023 թվականի Աշխարհի առաջնությունում է եղել։ Ես մրցավայր էի մեկնել մեդալի հետեւից ու պատրաստ էի դրան։ Չհասկացա, թե ինչպես հաջողությունը ձեռքիցս բաց թողեցի։ Շատ ցավալի էր։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գոտեմարտից առաջ արարողակարգ․ Միշտ աղոթում եմ։

Առաջին Օլիմպիական խաղերը․ Երազանքի կատարում է։ Շատ եմ ցանկանում չեմպիոն դառնալ։ Ճանաչում եմ մրցակիցներիս, որոնց մեծ մասին հանդիպել եմ եւ ուժերս գնահատում եմ հավասար։ Կարծում եմ, որ լավ պատրաստվելու դեպքում բոլորին էլ հնարավոր կլինի հաղթել։

Կարգախոսը․ Երբեք չհանձնվել։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Սլավիկ, քո ուժեղ եւ թույլ կողմերը։

- Ուժեղ՝ պայքարող եմ, թույլ՝ պարտություններից հետո դժվար եմ վերականգնվում։

- Վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունը։

- Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելը։

- Ինչի՞ց ես ամենաշատը վախենում։

- Հայրենիք կորցնելուց։

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ։

-Բարությունը, անշահախնդրությունն ու մեկը մյուսին օգնելու ցանկությունը։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչն է քեզ վստահություն հաղորդում։

- Հավատն առ Աստված։

- Անվերապահորեն հավատո՞ւմ ես։

- Այո, հավատում եմ, բայց լինում են պահեր, որ մեջս կասկած է մտնում։ Այդ ժամանակ փորձում եմ հաղթահարել ու մտածում եմ, որ դժվարության միջով հարկավոր է անցնել, որպեսզի լավին հասնելով՝ գնահատես այն։

- Երեւանում քո ամենասիրելի վայրերը։

- Կառանձնացնեմ Ծիծեռնակաբերդի բարձունքն ու Մատենադարանը։ Մատենադարան առաջին անգամ դպրոցական էքսկուրսիայի ժամանակ եմ եկել։ Ես սիրում եմ մեր պատմությունը, հետաքրքրասեր մարդ եմ ու ինձ դուր է գալիս այսքան հին եւ արժեքավոր ձեռագրեր մեկ վայրում տեսնելը։ Բացի այդ էլ այստեղ հանգիստ է ու կարող ես կտրվել քաղաքից, միեւնույն ժամանակ վերեւից հետեւես անցուդարձին։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Երեք բառով բնորոշիր ինքդ քեզ։

- Չհանձնվող, հավատ ունեցող, հայրենասեր։

- Ամենակարեւոր ձեքբերումը կյանքում։

- Ընտանիքս, ընկերներս, մարզիչս։ Մարդիկ, ովքեր մեծ նշանակություն ունեն իմ կյանքում, ես էլ երեւի իրենց համար եմ կարեւոր։

- Սլավիկ, ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար։

- Վճռականություն, ինքդ քեզ չթերագնահատելու ու չգերագնահատելու կարողություն, սառնասրտություն։

- Քո կարծիքով ինչո՞ւ են խաղերն անցկացվում չորս տարին մեկ։

- Երեւի, որ սպասված լինեն։ Օրինակ՝ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններն ամեն տարի կան, չես հասցնում մեկին մասնակցել, արդեն մյուսին պատրաստվելու ժամանակն է։ Իսկ երբ մի բան ուշ-ուշ է լինում, անսովոր է, գրավում է բոլորին։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ո՞րն է քեզ համար եղել ամենայուրահատուկ ՕԽ-ն:

- Տոկիոն ու երեւի Փարիզը կլինի։ Տոկիոյում ինձ տեսնում էի, բայց մի քայլ չբավարարեց։ Այդ ժամանակ ե՛ւ տխուր էի, ե՛ւ ուրախ, մտածեցի, որ հաջորդին ավելի պատրաստ կլինեմ։ Ճիշտ է, Տոկիոյի խաղերին չեմ մասնակցել, բայց ողջ գործընթացի միջով անցա, ինչն ինձ օգնեց հետագայում նվաճել Փարիզի ուղեգիր։ Հուսամ՝ Փարիզն էլ յուրահատուկ կդառնա նվաճածս մեդալի շնորհիվ։

- Սլավիկ, ի՞նչ ես կարծում, ընդհանրություններ ունե՞ն հայերն ու ֆրանսիացիները:

- Եթե կատակով պատասխանեմ, Ֆրանսիայում շատ հայեր կան, երեւի ֆրանսիացիներին փոխած կլինեն։ Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ նման չենք իրար։

- Նախկինում եղե՞լ ես Փարիզում։

- 2012-ին եմ եղել ու շատ եմ հավանել քաղաքը, տպավորություններս դրական են։ Ես ադրենալինի սիրահար եմ, իսկ այնտեղ դա կար։ Եթե հիմա ելույթս հաջող ստացվի, մրցումից հետո կրկին կզբոսնեմ հայտնի վայրերով։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչն է հատուկ Փարիզին:

- Սերը։

- Փարիզ ասելով ի՞նչ է առաջինը մտքիդ գալիս։

- Այս պահին միայն Օլիմպիական խաղերը։

- Ունե՞ս սիրած ֆրանսիական ուտելիք:

- Անունը չեմ հիշում, բայց բագետ էր նրբերշիկով ու պանրով։ Շատ համեղ էր։

- Իսկ ֆրանսիացի երգիչներից ո՞ւմ կառանձնացնես։

- Հայ ու նաեւ կիսով չափ ֆրանսիցի մեր Շառլ Ազնավուրին։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ գիտես ֆրանսերենով։

- Բարեւ եւ շնորհակալություն։

- Ինչո՞վ է Ֆրանսիան հայտնի աշխարհում:

- Պատմական դեմքերով, նրանցից կառանձնացնեմ Նապոլեոն Բոնապարտին։ Բայց կարծում եմ Էյֆելյան աշխատարկին այս հարցում ոչ ոք ու ոչինչ չի գերազանցի։

- Գիտե՞ս, թե նախկինում քանի անգամ է Ֆրանսիան ընդունել ամառային Օլիմպիական խաղեր։

- 100 տարի առաջ՝ 1924-ին։ (Խաղերը Փարիզում կայացել են նաեւ 1900 թվականին, խմբ․)։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո սիրելի Օլիմպիական մեդալակիր դարձած հայ մարզիկները:

- Արմեն Նազարյան եւ Արթուր Ալեքսանյան։

- Իսկ համաշխարհային սպորտից ո՞ւմ կառանձնացնես:

- Ըմբիշ Միխաին Լոպեսին, ատլետ Ուսեյն Բոլտին, լողորդ Մայքլ Ֆելփսին։ Նրանք իսկական դեմքեր էին, անգերազանցելի իրենց մարզաձեւերում։

- Եթե հնարավորություն ունենայիր, ո՞ր Օլիմպիական խաղերին կմասնակցեիր։

- Փարիզին եմ ուզում մասնակցել։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո ունեցած որակներից ո՞ր մեկը կցանկանայիր ուժեղացնել:

- Սառնասրտությունը։

- Ի՞նչ ես կարծում, ինչի՞ց է կազմված հաղթանակը:

- Մարզում, ճիշտ սնունդ, ճիշտ ապրել, ռեժիմ, կարգուկանոն։ Բայց մեծ նշանակություն ունի հոգեվիճակը, որը երեւի առաջնային տեղ է գրավում։ Մարզիկը պետք է հանգիստ լինի ու հավատ ունենա, հակառակ դեպքում ֆիզիկական ողջ աշխատանքը ջուրը կլցվի։

- Պարտության տված դասերը:

- Անընդհատ պարտություններ կրելը լավ բանի չի հանգեցնում։ Պետք է շատ ուժեղ լինես հաղթահարելու համար։ Բայց լինում են պարտություններ, որ ավելի են ոգեշնչում ու շատ հարցերի պատասխան տալիս։ Ինքս ունեցել եմ պարտություններ, որոնցից հետո ավելի լավն եմ դարձել։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Հայաստանի Օլիմպիական հավաքականում ինչո՞ւ է մարզիկների թիվն ավելի քիչ, քան եղել է նախկինում։

- Միգուցե շատերի սպորտային բախտը չբերեց։ Խանգարում է նաեւ երկրի այս ծանր վիճակը։ 4-5 տարի է նման անորոշ ու վատ դրության մեջ ենք, իսկ դա արդեն մի Օլիմպիական շրջափուլ է։

- Ինչպիսի՞ թիմ է մեկնելու Փարիզ։

- Մեր թիմի անդամների մեծ մասին անձամբ ճանաչում եմ։ Ուժեղ ու լավ թիմ ունենք։ Ճիշտ է, քանակը քիչ է, բայց կարծում եմ որակը բարձր է։ Ցանկանում եմ, որ մեդալները շատ լինեն։ Ուղեգիր նվաճելը հեշտ բան չի, եթե դա կարողացել են անել, ապա պետք է ձգտեն նաեւ մեդալի։

- Ի՞նչ կմաղթես քո թիմակիցներին։

- Կուզեմ ես էլ, բոլորն էլ զգան Օլիմպիական մեդալի համը։ Եթե չեմպիոն չլինեն, գոնե մեդալ նվաճեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Սլավիկ Գալստյանը 2019-ի Աշխարհի բրոնզե մեդալակիր է
2021 եւ 2022 թ-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր
2020-ի Աշխարհի անհատական գավաթի հաղթող
Միջազգային մրցաշարերի հաղթող ու մեդալակիր
Օլիմպիական խաղերին մասնակցելու է առաջին անգամ:

Սլավիկ Գալստյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին