Դեկտեմբեր 04, 2024
exclusive
10990 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական. Արթուր Ալեքսանյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր Ալեքսանյանը Mediamax Sport«Փարիզ-2024» շարքի համար ցանկացավ նկարվել Գյումրիում իր ամենասիրելի վայրերից մեկում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից տարածքում, նրա հետ եղանք նաեւ Սեւ բերդում:

Ծնվել է. 21.10.1991 թ. Գյումրիում:

Մարզաձեւը. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ (97 կգ):

Անձնական մարզիչը. Գեւորգ Ալեքսանյան:

Ընտանեկան կարգավիճակը. Ամուսնացած չէ:

Կրթությունը. Ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի մագիստրատուրայի բաժինը:

Հոբբին. Սիրում եմ քաղաքում լինել ու ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, իսկ եթե հավաքների չեմ՝ ֆուտբոլ եմ խաղում:

Ըմբշամարտի յուրահատկությունը. Ըմբշամարտով զբաղվելն ապրելակերպ է դառնում: Այն դաստիարակում է, կարգապահություն սովորեցնում ու լավ մարդ դարձնում, սպորտն առհասարակ միայն օգուտ է տալիս ու կտրում փողոցից: Ըմբշամարտում յուրահատուկ միասնականություն կա, մեր սերնդից դեռ շատ առաջ են դրվել այդ հիմքերը: Յուրաքանչյուրի խնդիրը բոլորինս է:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը. Շատ նվաճումներ եմ ունեցել, բայց կնշեմ Ռիոյի Օլիմպիական ոսկին, որից արդեն 8 տարի է անցել: Մեդալին հասնելու ճանապարհը բոլոր մրցումների դեպքում էլ նույնն է, հավասարաչափ քրտինք ես թափում ու տանջվում: Հիմա ցանկանում եմ 2-րդ ոսկին ունենալ, միայն դրա հետ են կապված նպատակներս: Դեռ չեմ մտածել, թե այն ում կնվիրեմ, առաջնայինը նվաճելն է:

Ամենածանր ու անսպասելի պարտությունը. Նախորդ տարվա Աշխարհի առաջնության եզրափակչում էր, ավարտին մի քանի վայրկյան էր մնացել, թուլացա ու մտածեցի, որ արդեն հաղթել եմ: Չնայած վերջին հնարքը կուբացի մրցակիցս ոտքով արեց, հետո ենք տեսագրությամբ նկատել, բայց ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ մարզիչները չհասցրին բողոքարկել: Այդ պարտության համար շատ եմ ափսոսում, նա եւս գալու է Օլիմպիական խաղեր, իհարկե, սպասում եմ մեր հանդիպմանը, բոլորն են սպասում: Նաեւ շատ ցավալի էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակչում կրած պարտությունը, այնտեղ ինձ հաղթել խանգարեցին մրցավարներն ու վնասվածքս:  Ծանրագույն պարտություն էր… Թեեւ պարտություններս այնքան էլ շատ չեն, բայց ամեն անգամ դրանց հետ համակերպվել չեմ կարողանում:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ելույթից առաջ արարողակարգ. Հիմնականում նախավարժանք եմ անում, մարզիչների հետ մշակում ենք գոտեմարտի մարտավարությունն ու պատրաստվում եմ պայքարին:  

4-րդ Օլիմպիական խաղերը. Ամեն մեդալ էլ ունեմ, ավելի հասուն եմ եւ հանգիստ եմ մոտենում խաղերին, ինչը փորձի շնորհիվ է: Արդեն տոնի զգացողություն չունեմ, երբ առաջին անգամ ես մասնակցում՝անգամ Օլիմպիական ավանում բնակվելուն ես անհամբերությամբ սպասում:

Իմ առաջին խաղերում 19 տարեկան էի ու բրոնզե մեդալակիր դարձա, ինչը եւս մեծ արդյունք է, բայց լիարժեք ուրախ չէի, այն ժամանակ հաղթանակի հետեւից էի գնացել: Ոսկի նվաճեցի դրանից 4 տարի անց Ռիոյում, երբ արդեն նաեւ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում էի հաղթել եւ բոլորն ինձնից միայն չեմպիոնություն էին ակնկալում: Դրանից մեծ լարվածություն էի զգում ու ամեն չնչին սխալը կարող էր ճակատագրական լինել:

Օլիմպիական եզրափակիչներից առաջ. Ռիոյում բոլոր գոտեմարտերը նույն օրն էին լինում ու եզրափակչից առաջ մտածելու շատ ժամանակ չկար: Կիսաեզրափակչից հետո մի քիչ հանգստացա ու նորից վերադարձա գորգ: Հիմա մեկ օր ժամանակ ունենք եւ անընդհատ նույն մտքերն ու հարցերն են քեզ հետապնդում՝ ինչպե՞ս եմ գոտեմարտելու, ո՞վ է հաղթելու, ի՞նչ ավարտ է լինելու… Որքան էլ ցանկանում ես դրանց վրա չկենտրոնանալ, չի ստացվում:

Տոկիոյում վնասվածք ունեի, դրա համար էլ մտքերս մի փոքր այլ էին ու ամեն ինչ ուրիշ կերպ էի պլանավորում: Վնասվածք ստանալուց հետո դեռ շատ ցավեր չունեի, սաստկացան հաջորդ օրը, թեեւ ներարկում արեցին, բայց ոտքս չէի զգում: Պլանավորել էի առաջին մրցափուլում պասիվություն ստանալ ու միավոր չզիջել մրցակցիս, իսկ երկրորդում ակտիվ լինել ու պահել հաղթական հաշիվը: Ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում էր, իսկապես լավ պաշտպանվեցի պարտերում, բայց հետո ռուսները բողոքարկեցին, չգիտեմ էլ որտեղից մրցավարները միավոր գտան ու ամեն ինչ խառնվեց իրար…

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայերն ու մեծ սպորտը. Ճիշտ չէ ասել, որ մեր ու այլ երկրների մեդալակիր մարզիկները նույն ճանապարհն են անցնում: Մենք այդ մեծ խաղերի մեջ շատ փոքր երկիր ենք եւ հավասար արդյունքի կամ չնչին տարբերության դեպքում, միշտ մրցակցին են նախապատվությունը տալիս: Առաջին հայացքից այս ամենը կարող է աննշան թվալ, բայց սպորտում բոլոր մանրուքներն էլ կարեւոր են: Դրա համար յուրաքանչյուր հայ մարզիկ իր ու մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքում է հասնում հաջողության: Ի տարբերություն մյուսների՝ հույսներս մեզ վրա ավելի շատ պիտի դնենք:  

Երկրի խնդիրները. Իհարկե, Հայաստանում կատարվող ամեն բան ինչպես յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ մեզ վրա ազդում է: Մտածում ենք մեր երկրի ու զինվորների մասին, բոլորիս ցանկությունն է ապրել խաղաղ երկրում: Բայց որքան էլ խոչընդոտող հանգամանքներ են լինում, փորձում ենք մրցումների վրա կենտրոնանալ ու մեր գործն անել: Ծախսած նյարդերը կարող են վատ անդրադառնալ, պայքարի մեջ երկար մնալու համար անհրաժեշտ է հոգեբանորեն շատ ամուր լինել:

- Արթուր, որո՞նք են քո ուժեղ եւ թույլ կողմերը:

- Նպատակասլացությունն ու աշխատասիրությունն ուժեղն են, իսկ թույլերը չեմ ասի, որ հանկարծ մրցակիցներս չիմանան:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունը:

- Եվրոպայի 7-րդ չեմպիոնությունը:

- Ամենամեծ վախդ:

- Չունեմ վախեր:

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:

- Ճշտախոսությունը եւ համեստությունը:

- Ի՞նչ է երջանկությունը քեզ համար:

- Ընտանիքս ու հարազատներս են:

- Ի՞նչն է քեզ վստահ դարձնում:

- Իմ հաղթանակները:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Գյումրիում ամենասիրելի ու հարազատ վայրերը:

- Ամբողջ քաղաքն եմ շատ սիրում ու հատկապես կենտրոնը, այն շատ սիրուն է: Առաջին անգամ քաղաք այցելողները հաճախ են ասել, որ այն Իտալիային են նմանեցնում: Շատ ուրախ եմ, որ հին քաղաքը պահպանվել է ու այդքան յուրահատուկ է: Իր հանգստության համար շատ եմ սիրում «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից տարածքը, այստեղ հաճախ եմ մարզվում: Բազմաթիվ քաղաքներում եմ եղել, բայց ամեն տեղից միշտ կարոտած եմ վերադառնում իմ ծննդավայր: Արմատներիս հետ կապված եմ եւ ուզում եմ այստեղ ապրել ու մեծանալ: Կարիերաս ավարտելուց հետո հանգիստ կվայելեմ Գյումրին:

- Ինքդ քեզ 3 բառով ինչպե՞ս բնորոշես:

- Աշխատասեր, նպատակասլաց, բարի:

- Ամենակարեւոր ձեքբերումը կյանքում:

- Ընկերներս են:

- Ամենաշատն ինչի՞ համար ես շնորհակալ:

- Աստծուց շնորհակալ եմ այն ամեն ինչի համար, ինչն ինձ որպես մարզիկ ու մարդ տվել է:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ովքե՞ր են քո կյանքի կարեւոր մարդիկ:

- Ծնողներս են: Հայրս միշտ կողքիս է:

- Քեզ բնորոշ ամենադիպուկ արտահայտությունը:

- Մարդիկ շատ են ասում. «Մեր Չեմպիոնը» կամ « Չեմպիոնը», ինչպես նաեւ «Սպիտակ արջ են» դիմում:

- Ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:

- Կասեմ, թե որն է ամենակարեւորը՝ ճիշտ հոգեբանական պատրաստվածությունը, քանի որ պայքարը նախ եւ առաջ քո ներսում է տեղի ունենում: Բազմաթիվ մարզիկներ կան, որոնք մի քանի անգամ Աշխարհի չեմպիոններ են դարձել, բայց Օլիմպիական խաղերում իրենց դրսեւորել այդպես էլ չեն կարողացել: Ես հոգեբանորեն միշտ էլ պատրաստ եմ եղել, նման վստահություն առաջին հերթին մարզումներից եմ ստացել, քանի որ ինձ երբեք չեմ խնայել մարզադահլիճում: Նպատակիս հասնելու համար կարող եմ ամեն ինչ ներդնել: Ամեն անգամ այնպես եմ մարզում, ասես վերջինն է: Միշտ կարողանում եմ ինձ տրամադրել ու այնպես անել, որ մարզման ավարտին ինքս ինձնից գոհ լինեմ:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչպե՞ս չմեծամտանալ հաղթանակներից ու դրա արդյունքում ամեն ինչ չկորցնել:  

- Ամեն մրցաշարից ու հաղթանակից հետո պիտի գիտակցես, որ դրանք արդեն անցյալում են: Պարտավոր ես հնարավորինս արագ մոռանալ ու պատրաստվել հաջորդին: Ամեն անգամ զրոյից ես սկսում ու նույն ճանապարհն անցնում՝ նոր մրցակիցներ են գալիս ու ամեն անգամ ապացուցելու բան ունես: Կարիերադ ավարտելուց հետո կհասցնես հպարտանալ հաղթանակներովդ ու վայելել դրանք, իսկ գործող մարզիկը դրանց ժամանակը չունի: Եթե նվաճումներովդ ապրես, հաջորդ օրն իսկ վերջդ կլինի:  

- Ինչպե՞ս չկորցնել մոտիվացիան ու պահել հաղթանակների ծարավը:

- Հաղթել եմ բոլոր հնարավոր մրցաշարերում, բայց դրանցով չեմ հագենում, միշտ ավելիին հասնելու պահանջ ունեմ: Քիչ չեն մարզիկները, որոնք հստակ նպատակ են ունենում դառնալ Օլիմպիական չեմպիոն ու դրանից հետո բավարարվում են ունեցածով: Չեմ մեղադրում, որովհետեւ նրանց մոտիվացիան այդքանի համար է եւ այդ կետին հասնելուց հետո նույն ճանապարհն այլեւս կրկնել չեն ուզում: Ինձ համար նման սահման գոյություն չունի:  

- Արթուր, ինչո՞ւ են քո կարծիքով խաղերը 4 տարին մեկ անցկացվում:

- Օլիմպիական խաղերը ամենախոշոր մրցաշարն են ու ամեն պահ չես կարող դրանց պատրաստվել ու մասնակցել: 4 տարին երկար ժամանակահատված է, ինչը խաղերին կարեւորություն է հաղորդում, չգիտես, թե հետո ինչ տեղի կունենա ու պարտավոր ես կենտրոնանալ քեզ ընձեռնված միակ հնարավորության վրա:  

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ո՞րն է քեզ համար եղել ամենայուրահատուկ ՕԽ-ն:

- Ռիոյինը:

- Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու ֆրանսիացիները:

- Ֆրանսիան բարեկամ երկիրն է, մեզ լավ են վերաբերվում, բայց, լինելով տարբեր երկրներում, զգացել եմ, որ իտալացիները հայերին ավելի շատ են նման:

- 4 բան, որ գալիս է մտքիդ Փարիզ ասելիս:

- Ոսկե մեդալ, Էյֆելյան աշտարակ, Շառլ Ազնավուր եւ Ելիսեյան դաշտեր:

- Ֆրանսիական սիրելի երգ ու ֆիլմ:

- Միշտ Ժերար Դեպարդիեին եմ սիրել ու նրա ֆիլմերը նայել, կառանձնացնեմ «Գողություն ֆրանսիական ձեւով»-ը: Իսկ երգերը միանշանակ Ազնավուրինն են:

- Ի՞նչ գիտես ֆրանսերեն:

- Մերսի:

- Քո սիրելի ֆրանսիական ուտելիքը:

- Կրուասան:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ անմոռանալի հուշեր ունես Ֆրանսիայի հետ կապված:

- Հիշում եմ 2017 թվականի Աշխարհի առաջնությունը, երբ Փարիզում եռակի չեմպիոն դարձա: Այնքան հայեր էին եկել ինձ երկրպագելու, կարծես Հայաստանում էի ելույթ ունենում: Թեեւ դահլիճը շատ մեծ էր, բայց մեր հայրենակիցներն անթիվ էին: Տեղի հայկական համայնքը շատ ակտիվ մասնակցություն ունի երկրի կյանքում:

- Հիշո՞ւմ ես քո առաջին Օլիմպիական խաղերը, որ դիտել ես հեռուստացույցով:

- Առաջինը, որ դիտել եմ ու տպավորվել են 2000 թվականի Սիդնեյի խաղերն էին: Նաեւ գիտեի, որ 1996-ին Արմեն Նազարյանը Հայաստանի կազմում չեմպիոն է դարձել, իսկ Սիդնեյում ոսկի նվաճեց Բուլղարիայի համար:

- Քո սիրելի Օլիմպիական մեդալակիր կամ չեմպիոն հայ մարզիկները:

- Իհարկե, Նազարյանն է, որը թեեւ ինձնից մեծ է, բայց լավ ու ընկերական հարաբերություններ ունենք:  

Լուսանկարը` Մեդիամաքս


- Իսկ համաշխարհային սպորտի՞ց:

- Ռաֆայել Նադալն է իր կռվող, պայքարող եւ չհանձնվող բնավորությամբ իսկական օրինակ է ինձ համար: Ես էլ Ռիոյից հետո վերջին մի քանի տարիներին անընդհատ վնասվածքներով եմ ելույթ ունենում ու լավ եմ հասկանում Նադալին: Այնքան շատ է ծնկների հետ կապված խնդիրներ ունեցել եւ վիրահատությունների ենթարկվել, ինքս էլ թենիս խաղացել եմ ու գիտեմ, թե ծունկը որքան կարեւոր է այդ մարզաձեւում: Բայց Նադալը միշտ ներքին ուժ է գտել ու շարունակել պայքարել՝ հաղթելով Մեծ Սաղավարտի մրցումներում: Նրա խաղից էլ երեւում է իր բնավորությունը: Ֆեդերերն էլ լեգենդ է, բայց ես որպես մարզիկ եմ նրանց խաղին հետեւել ու նկատել եմ, որ շվեյցարացին գնդակին չհասնելու կասկածի դեպքում, չէր պայքարում, իսկ Նադալն անգամ 1 տոկոսանոց հավանականության դեպքում մինչեւ վերջ ուժերը տալիս է: Իր այդ տեսակը շատ եմ սիրում:

- Քանի՞ անգամ է Փարիզն ընդունել Օլիմպիական խաղեր:

- Սա երրորդն անգամն է:

- Եթե հնարավորություն ունենայիր, ո՞ր Օլիմպիական խաղերին կմասնակցեիր:

- Արդեն 4-րդ խաղերիս կմասնակցեմ, ինչով լիովին բավարարված եմ, բայց դեմ չէի լինի ելույթ ունենալ ժամանակակից առաջին խաղերում: Ըմբշամարտի կադրերից տեսել եմ, թե պայքարը որքան հեշտ է եղել, արդեն մի քանի ոսկի կունենայի: Սպորտը շատ արագ է զարգանում ու փոխվում:

- Քո որակներից որո՞նք կուզեիր ավելի ուժեղացնել:

- Եթե հնարավորություն լիներ՝ բոլորը:

- Ինչի՞ց է կազմված հաղթանակը:

- Չհանձնվելուց, պայքարից, կամքի ուժից եւ ոգուց:

Լուսանկարը` Մեդիամաքս


- Որո՞նք են պարտությունների տված դասերը:

- Շատ-շատ մեծ դաս են տվել ու ավելի կարեւոր եղել, քան հաղթանակները, քանի որ դրանց շնորհիվ եմ աճ գրանցել: Տեսել եմ թերություններս ու բացթողումներս եւ աշխատել դրանց վրա, ինչի արդյունքում ավելի եմ ուժեղացել:

- Արթուր, ինչպիսի՞ն է Հայաստանի այս անգամվա Օլիմպիական հավաքականը:

- Թեեւ քանակով այդքան էլ շատ չենք, բայց իմ կարծիքով՝ սպասելիքներն են շատ մեծ:  Լուրջ մարզիկներ են ընդգրկված ըմբշամարտի երկու ձեւում էլ՝ Արսենն ու Վազգենը պատրաստ են լավ մասնակցել, նույնը նաեւ հունահռոմեականների, ծանրորդների ու մարմնամարզիկների դեպքում է: Շատ մարտական եւ ուժեղ հավաքական ունենք, հույս ունեմ՝ շատ լավ մեդալներով կվերադառնանք:

- Որպես ամենափորձառու ու տիտղոսակիր մարզիկ ի՞նչ խորհուրդ կտաս:

- Ամենակարեւորը խաղերի մասին շատ չմտածեն, վստահ լինեն իրենց ուժերին, կարողանան պայքարի օրն առավելագույնն անել ու ցույց տալ, թե ինչի են ընդունակ: Այդ դեպքում ամեն ինչի էլ կհասնեն:

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի 7-ակի չեմպիոն է, կրկնակի արծաթե ու բրոնզե մեդալակիր
Աշխարհի 4-ակի չեմպիոն ու 3-ակի արծաթե մրցանակակիր է
Եվրոպական խաղերի հաղթող
Օլիմպիական խաղերի չեմպիոն, արծաթե ու բրոնզե մեդալակիր։

Արթուր Ալեքսանյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին