Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին խաղի հաշիվը, թերեւս, լավագույնն է բնութագրում, թե ինչ իրավիճակում է գտնվում Հայաստանի ընտրանին։
Այո՛, Պորտուգալիան աշխարհի ուժեղագույն հավաքականներից է եւ պարտություններն օբյեկտիվորեն անխուսափելի էին, բայց 9:1 հաշիվն ուղղակի ջախջախիչ էր: Այս ամենը եւս մեկ անգամ փաստում է, որ հայկական ֆուտբոլում առկա են արմատական խնդիրներ, որոնք համակարգային լուծում են պահանջում։ Ժամանակավոր լուծումներն ապարդյուն են եւ չեն կարող թաքցնել տիրող իրավիճակը։
Մի ծաղկով գարուն չի գա, բայց շատ բան կփոխվի
Լուսանկարը` ՀՖՖ
Որակավորման փուլից առաջ Եղիշե Մելիքյանի նշանակումը դրական, բայց արդեն ուշացած քայլ էր։ Նա «Փյունիկ»-ում կատարած փայլուն աշխատանքով ապացուցել էր, որ կարող է հավակնել նման լուրջ պաշտոնի։ Մելիքյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ նրա երազանքներից մեկն է գլխավորել Հայաստանի ընտրանին։ Ջոն Վան’տ Սխիպի կարճաժամկետ պաշտոնավարումից հետո ՀՖՖ-ն վերջապես որոշեց հնարավորություն տալ հայ մասնագետին։ Վերջինս հավաքական է գալիս շատ ծանր ժամանակահատվածում՝ ցավալի պարտություններ Վրաստանի ընտրանուց, հոգեբանական ծանր իրավիճակ, բազմակողմանի քննադատություն, ֆուտբոլիստների մոտ միասնության եւ մոտիվացիայի բացակայություն։
Հայաստանի հավաքականի ներկայիս կազմում չկան աստղային ֆուտբոլիստներ, ուստի շեշտը պետք է դնել հենց թիմային խաղի վրա։ Որակավորման փուլի մեկնարկից սկսած երեւում էր գլխավոր մարզչի հանդերձարանում կատարած աշխատանքը։ Ֆուտբոլիստները տրամադրված էին պայքարելու եւ չէին խնայում ուժերը։ Իհարկե, Մելիքյանը չէր կարող կարճ ժամանակահատվածում ստանալ մարտունակ թիմ, բայց կատարված աշխատանքը երեւում էր թե՛ Իռլանդիայի հետ երկու խաղերում, թե՛ Հունգարիայի ընտրանու հետ տնային խաղում՝ հատկապես 2-րդ խաղակեսում։
5 պաշտպանով խաղը ենթադրում է ավելի շատ պաշտպանվող եւ հակագրոհող մարտավարություն։ Հենց սա է փորձում ստանալ Մելիքյանը՝ առաջին հերթին ամուր պաշտպանվող թիմ, որը հակագրոհելիս կարող է պատժել մրցակցին։ Միեւնույն ժամանակ, կախված մրցակցի թույլ եւ ուժեղ կողմերից, հավքականը կարողանում է նաեւ իր ձեռքը վերցնել գնդակի վերահսկողությունը՝ անցնելով 4 պաշտպանով մարտավարության։ Սա թույլ է տալիս ավելի մեծ ուժեր ներգրավել գրոհելիս։
Ժամանակ առ ժամանակ մեր ընտրանու ֆուտբոլիստները դիմում են նաեւ բարձր պրեսինգի, ինչը հստակ երեւում էր Հունգարիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ կայացած տնային խաղերում։ Բայց Մելիքյանի ոչ բոլոր մտահղացումներն են իրագործվում իր տղաների կողմից։ Ֆուտբոլիստները թերանում են մրցակցի բարձր պրեսինգի պարագայում՝ չկարողանալով գրոհներ սկսել ցածրից կարճ խաղարկումներով։ Հենց այս փուլում է մեր ընտրանին թույլ տալիս գնդակի ոչ պարտադիր կորուստներ։ Հավաքականի պաշտպանությունը դեռ շատ երերուն է ստանդարտ խաղարկումների ժամանակ։ Բարձրից փոխանցումները տուգանային հրապարակ հաճախ անլուծելի գլուխկոտրուկի են վերածվում մեր ընտրանու պաշտպանության համար։ Խոցելի կողմերն ու թերությունները շատ են, բայց Մելիքյանն արժանի է վստահության եւ հնարավորության։
Ժամանակավոր լուծումներն անօգուտ են խորքային խնդիրների պարագայում
Լուսանկարը` ՀՖՖ
Ցավալի պարտություններն արտացոլում են ֆուտբոլի վիճակը մեր հայրենիքում։ Ազգային հավաքական հրավիրելով ուժեղ մարզչի կամ համոզելով արտասահմանում խաղացող հայազգի ֆուտբոլիստի միանալ թիմին՝ տիրող բարդագույն իրավիճակը չի շտկվի։ Սրանք տեղային ու ժամանակավոր լուծումներ են, որոնք իրենց հետ կարող են բերել ուղղակի փոքր դրական տեղաշարժ։ Հավաքականն ունի լուրջ հոգեբանական խնդիրներ։ Հեշտությամբ ու իրար հետեւից բաց թողած գոլերը խոսում են այն մասին, որ թիմն ուղղակի քանդվում է։ Ինչ-որ պահից սկսած հուսահատությունն այն աստիճանի է հասնում, որ մեր ընտրանու տղաները դադարում են պայքարելուց։ Սա միայն խաղամակարդակի կամ հմտությունների խնդիր չէ, այլ հենց հոգեբանական եւ ինքնավստահության, որտեղ մեծ աշխատանք պետք է կատարի գլխավոր մարզիչը։
Երկրորդ մեծագույն խնդիրը կադրերի բացակայությունն է։ Հունգարիայի հետ կայացած տնային խաղից առաջ Մելիքյանը մի քանի անգամ նշեց, որ շատ սահմանափակ միջոցներ ունի։ Սրա մասին են խոսել նաեւ նրանից առաջ աշխատած մասնագետները։ Ֆուտբոլիստների ընտրությունը քիչ է, ինչը նշանակում է, որ բավարար զարգացած չէ մանկապատանեկան ֆուտբոլը։ Այստեղ է այն խորքային խնդիրը, որը պետք է լուծի ՀՖՖ-ն։ Ազգային հավաքականում լավ արդյունքներ ապահովելու համար պետք է ունենալ որակյալ մանկապատանեկան ֆուտբոլ։ Այդ նպատակի համար կարեւոր է զարգացնել Հայաստանի առաջնությունը՝ գործող ակումբներին շահագրգռել կադրեր աճեցնելու գործընթացում։
Առանց ՀՖՖ-ակումբներ համագործակցության անհնար է ունենալ ուժեղ հավաքական եւ պետք այդ խնդիրը վեր լինի անձերի մակարդակից։
Հայաստանի հավաքականը սերնդափոխության փուլում է
Լուսանկարը` FC Urartu
Այս որակավորման փուլի ընթացքում թիմից հեռացան կարեւորագույն ֆուտբոլիստներ՝ Վարազդատ Հարոյան, Լուկաս Սելարայան, հավանաբար նաեւ Տիգրան Բարսեղյան։ Նրանք շատ կարեւոր դերակատարություն են ունեցել մեր ընտրանու երբեմնի գրանցած հաջողություններում։ Վերջիններիս եկել են փոխարինելու ավելի երիտասարդներ, ովքեր ունեն մեծ ցանկություն, բայց զգացվում է փորձի պակասը։
Որակավորման այս փուլի ընթացքում փայլեց հատկապես Էրիկ Փիլոյանը։ Վերջինս կարողանում է խաղալ եւ՛ որպես կենտրոնական պաշտպան, եւ՛ փակել այդքան խնդրահարույց աջ պաշտպանի դիրքը, որտեղ որպես առաջին ընտրություն շարունակում է մնալ բազմափորձ Կամո Հովհաննիսյանը։ Մարզիչը շատ լավ կարողանում է իր ունեցած կադրերով ստանալ մարտունակ թիմ։ Եղած կազմի հետ բավարար ժամանակ աշխատելուց հետո նա կկարողանա ստանալ առնվազն ավելի արժանապատիվ արդյունքներ գրանցող հավաքական եւ դուրս հանել հավաքականն այս անդունդից։
Դավիթ Սարգսյան




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: