Հուլիս 17, 2024
exclusive
1299 դիտում

Հայաստանի Օլիմպիական հավաքական․ Վահագն Դավթյան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Քանի որ մարմնամարզիկ Վահագն Դավթյանն աշխատում է նաեւ Երեւանի քաղաքապետարանում, նրա հետ որոշել ենք բացահայտել քաղաքի հենց այդ տարածքը։

«Փարիզ-2024»-ի մեր շարքի շրջանակներում ծանոթանանք ինչպես Դավթյանի, այնպես էլ Երեւանի գեղեցիկ ու պատմական վայրերի հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծնվել է․ 1988 թվականի օգոստոս 19-ին Երեւանում։

Մարզաձեւը․ Մարմնամարզություն (օղակներ)։

Ընտանեկան դրությունը․ Ամուսնացած է, ունի մեկ որդի։

Անձնական մարզիչը․ Մենք աշխատում ենք թիմով։ Իհարկե, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, երիտասարդների մարզիչ Հայկ Նազարյանը, Հարություն Մերդինյանը։

Կրթությունն ու աշխատանքը․ Սովորել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ Այժմ աշխատում եմ որպես Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ։

Աշխատանքի եւ սպորտի համատեղումը․ Շատ-շատ դժվար է, փորձում եմ հասցնել։ Օրվա մեջ ժամանակը չի հերիքում, բայց եթե մի բան անելու ցանկություն կա, ուրեմն կստացվի։  

Օղակների վարժության ընտրությունը․ Ոչ մի մարզիկ իր ընտրությունը կամովին չի կատարում։ Մարմնամարզությունը 6 գործիքից է բաղկացած, չես կարող մի օր արթնանալ ու ասել, որ որոշել ես ուժեղանալ դրանցից մեկում։ Փոքր տարիքում բոլոր գործիքների վրա մարզվում ենք, ուղղակի մի պահ է գալիս, երբ ֆիզիկական առանձնահատկություններդ թելադրում են, թե որն է ավելի շատ առանձնանում քեզ համար։ Ընտրությունը մեծ հաշվով այդպես է կայանում՝ կենտրոնանում ես մեկ գործիքի վրա ու սկսում հնարավորինս լավ արդյունք ցույց տալ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարիերայի ամենատպավորիչ ձեռքբերումը․ Բոլոր այն մրցաշարերը, որտեղ կանգնել եմ պատվոհարթակին, անկրկնելի տպավորություն եմ ունեցել։

Ամենածանր պարտությունը․ Ցանկացած պարտություն ծանր եմ տանում, որովհետեւ ամիսներ շարունակ պատրաստվում ես, անցնում վնասվածքների միջով եւ ունեցած մեկ հնարավորությունը հանկարծ չես կարողանում օգտագործել։ Բնական է, որ հեշտ չէ։

Վերջին պահին նվաճած վարկանիշը․ Մարմնամարզությունում վարկանիշեր կարող էինք ձեռք բերել Աշխարհի գավաթի փուլերում, որոնք չորսն են։ Մենք երեքին մասնակցեցինք, որովհետեւ մեկը Բաքվում էր։ Որոշիչ էր լինելու վերջին մրցումը, եւ միավորներն այնպես էին դասավորվել, որ ես ուղեգիր կարող էի նվաճել միայն ոսկե մեդալակիր դառնալու դեպքում։

Առաջին հերթին բարդ էր հոգեբանական առումով, բայց մեր թիմի ու մարզիչների շնորհիվ կարողացանք ուղեգիր նվաճել։ Այն միայն իմը չէ, ամբողջ թիմի ձեռքբերումն է, նրանք են ինձ ուժ տվել։

1-ին Օլիմպիական խաղերը․ Նախկինում էլի եմ փորձել ուղեգիր նվաճել, բայց չի ստացվել։ Հիմա շատ ուրախ եմ, առանձնահատուկ բան չեմ զգում, որովհետեւ բոլոր մրցումներին էլ պատրաստվում եմ լրջությամբ ու անում հնարավորինը լավ մասնակցելու համար։ Նույնն էլ լինելու է Օլիմպիական խաղերում, իսկ թե ինչ կստացվի, կերեւա Փարիզում։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Վահագն, որո՞նք են քո ուժեղ եւ թույլ կողմերը:

- Թույլը չեմ ասի, որ չիմանան։ Ուժեղը՝ չհարմարվող ու չհանձնվող մարդ եմ։

- Վերջերս ունեցած ամենամեծ ուրախությունդ:

- Օլիմպիական ուղեգիր նվաճելն է։

- Ամենամեծ վախը:

- Որ հանկարծ իմ մտերիմ մարդկանց վատ բան չպատահի։ Աստծուն միշտ խնդրում եմ պահապան լինի ինձ հարազատ մարդկանց։

- Ի՞նչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:

- Անկեղծությունը եւ հավատարմությունը։

- Ի՞նչ է երջանկությունը քեզ համար:

- Մեկ բառով չեմ կարող ասել։ Երեւի պատվով ապրելը, սիրելի մարդկանցով շրջապատված լինելը։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչն է քեզ վստահ դարձնում:

- Վստահ ես, երբ գիտակցում ես, թե ինչ ես անում ու քո քայլերի համար հստակ բացատրություն ունես։

- Երեւանում քո ամենասիրելի վայրերը որո՞նք են:

- Շատ սիրելի վայրեր ունեմ, բայց հիմնականում կնշեմ զբոսայգիներն ու առհասարակ այն վայրերը, որոնք կանաչապատ են։ Ես բնություն եմ սիրում, իսկ զուտ շենք-շինությունները՝ ոչ այդքան։

- Երեք բառով բնորոշիր ինքդ քեզ:

- Նպատակասլաց, բարի, շփվող։

- Քո ամենակարեւոր ձեռքբերումը կյանքում:

- Սպորտային արդյունքներս։ Եթե մի ոլորտում կայացել ես ու նպատակներիդ հասնելու համար ողջ կյանքդ ես դրել, ցանկացած ձեռքբերում էլ կարեւոր է քեզ համար։  

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ամենաշատն ումի՞ց ես շնորհակալ:

- Աստծուց եմ շնորհակալ ամեն լուսացրածս առավոտվա համար։

- Քո կյանքի կարեւոր մարդիկ:

- Ընտանիքիս անդամները։

- Վահագն, ի՞նչ է պետք Օլիմպիական խաղեր մեկնելու համար:

- Կատակով պատասխանե՞մ՝ վարկանիշ։ Իսկ եթե լուրջ, ապա առաջին հերթին վնասվածքի բացակայություն։ Վճռականություն, հոգեբանական պատրաստվածություն, լավ մարզավիճակ, սրանք բոլոր մրցաշարերից առաջ էլ կարեւոր են։ Այնպես չէ, որ Եվրոպայի առաջնությանն այլ հատկանիշ է պետք, իսկ Օլիմպիական խաղերին՝ մեկ այլ։

- Քո կարծիքով ինչո՞ւ են խաղերը 4 տարին մեկ անգամ անցկացվում:

- Նախապատմությունը չգիտեմ, բայց կարծում եմ այդ փաստն է նպաստում, որ խաղերն ավելի բարձր կարգի մրցաշար համարվեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


-Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու ֆրանսիացիները:

- Ֆրանսիացի մարզիկների հետ շփվում եմ, լավ մարդիկ են։ Առհասարակ հայ սիրող ժողովուրդ են, շատ հայ ընկերներ ունեն ու միշտ ասում են դրա մասին։

-3 բան, որոնք հատուկ են Փարիզին:

- Եղել եմ Փարիզում, շատ հետաքրքիր քաղաք է։ Աշխարհահռչակ վայրերից կառանձնացնեմ Էյֆելյան աշտարակը, Լուվրի թանգարանը եւ Ելիսեյան դաշտերը։

- Քո սիրելի ֆրանսիական ուտելիքը:

- Ֆրանսիական պանիրները կնշեմ։

- Ունե՞ս ֆրանսիական սիրելի ֆիլմ։

- Ժերար Դեպարդիեի ֆիլմերը։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ի՞նչ գիտես ֆրանսերենով։

- Բարեւը հաստատ գիտեմ, դե «մերսի»-ն էլ հայ-ֆրանսիական բառ է դարձել։

- Քանի՞ անգամ է Փարիզն ընդունել ամառային Օլիմպիական խաղերը։

- Ինչքան գիտեմ մեկ անգամ (Խաղերը Փարիզում կայացել են նաեւ 1900 եւ 1924 թվականներին, խմբ․)։

- Վահագն, ֆրանսիացի մարզիկ կա՞, որի ելույթներին հետեւում ես։

- Ֆուտբոլիստների եւ, իհարկե, մարմնամարզիկների։

- Հիշո՞ւմ ես քո առաջին Օլիմպիական խաղերը, որ դիտել ես հեռուստացույցով:

- 2000 թվականի Սիդնեյի խաղերն էին։ Փոքր էի ու նոր-նոր էի զբաղվում մարմնամարզությամբ։ Լեգենդար մարմնամարզիկներ էինք տեսնում, երկրպագում ու պաստառները սենյակի ու հանդերձարանների պատերին փակցնում։ Տղաներով իմանում էինք, թե որ հեռուստաալիքով են ցույց տալու մրցումները, ով ունի արբանյակային հեռարձակման հնարավորություն, հավաքվում էինք իրենց տանն ու նայում։ Շատ ջերմ ու հետաքրքիր հուշեր են։ Այն ժամանակ ես շատ-շատ հեռու էի պրոֆեսիոնալ սպորտից ու մի այլ կերպ էի նայում։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Քո սիրելի Օլիմպիական չեմպիոն հայ մարզիկը:

- Ժամանակակից խաղերի առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանն ու եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ Չնայած մենք շատ չեմպիոններ չունենք ու պետք է բոլորին էլ հիշենք ու գնահատենք։

- Իսկ համաշխարհային սպորտից ո՞ւմ կնշես:

- Լողորդ Մայքլ Ֆելփս, մարմնամարզիկներ Սիմոնա Բայլզ եւ Կոհեյ Ուչիմուրա, ատլետ Ուսեյն Բոլտ։

- Ո՞ր որակներդ կցանկանայիր ավելի լավացնել։

- Բոլորն էլ, որովհետեւ այդ պարագայում արդյունքներս էլ ավելի բարձր կլինեին։

- Ինչի՞ց է կազմված հաղթանակը:

- Նպատակասլացությունից եւ աշխատանքի ճիշտ կազմակերպումից։

Լուսանկարը` Մեդիամաքս


- Ինչպիսի՞ն է Հայաստանի Օլիմպիական հավաքականը։

- Ես տպավորություն ունեմ, որ այս Օլիմպիական թիմում մեդալի ու չեմպիոնության հավակնորդ մարզիկներն ավելի շատ են եւ որակապես ավելի լավը։ Սպասում եմ, որ նախորդ տարիների համեմատ մեդալները շատ կլինեն։

- Քո մաղթանքները հայ մարզիկներին։

- Մաղթում եմ, որ բոլորը մեդալով վերադառնան տուն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Վահագն Դավթյանը 2016 եւ 2023 թվականների ԵԱ-ի արծաթե, 2019-ի բրոնզե մեդալակիր է
2019-ի Եվրոպական խաղերի 3-րդ մրցանակակիր
3 անգամ դարձել է Աշխարհի գավաթի հաղթող
2 անգամ Աշխարհի բացարձակ գավաթակիր
Օլիմպիական խաղերին մասնակցելու է առաջին անգամ։

Վահագն Դավթյանի հետ զրուցել է Գոհար Նալբանդյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին