Մայիս 20, 2024
57991 դիտում

ԿԳՄՍ-ն միջազգային հանրությանը կոչ է անում բողոքարկել Բաքվի «Ֆորմուլա 1»-ի Գրան Պրին


Լուսանկարը` bakucitycircuit.com


Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ապրիլի 28-30-ը Բաքվում կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան Պրիի կազմակերպիչ կառույցին ու միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Արցախում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։

Նախարարությունը բոլորի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն ու երկիրը կանգնեցրել հումանիտար աղետի առաջ։

«ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը 2023-ի փետրվարի 22-ին բավարարել է Հայաստանի հայցը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Մինչ օրս Ադրբեջանը ոչ միայն չի կատարել դատարանի որոշումը, այլեւ կտրել է գազամատակարարումը եւ էլեկտրականությունը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանություններն ապօրինի անցակետ են տեղադրել Արցախը Հայաստանին կապող հումանիտար միջանցքում՝ պատանդ վերցնելով 120 հազ. հայ բնակիչներին։ Ադրբեջանի իշխանություններն այս քաղաքականությամբ ձգտում են էթնիկ զտման ենթարկել Արցախի բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց հայրենի բնակավայրերը։

Բաքվում «Ֆորմուլա 1»-ի Գրան Պրիի կազմակերպումն իրականում նպատակ ունի քողարկելու Արցախի հայերի բնաջնջման քաղաքականությունը: Մրցաշարի կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում մաս չդառնալ էթնիկ զտման քաղաքականության քողարկմանը»,- նշված է ԿԳՄՍ-ի տարածած հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին