Հունիս 22, 2024
170805 դիտում

Կարեն Խաչանով. Հայաստանն ինձ գրավում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Կարեն Խաչանովը խոստովանել է, որ Հայաստանն իրեն գրավում է եւ հույս է հայտնել, որ կկարողանա ավելի հաճախ այցելել պատմական հայրենիքը։

«Արդեն երրորդ անգամ եմ Հայաստանում. Այս անգամ մեզ հաջողվեց շրջել երկրով մեկ՝ զբոսնեցինք Երեւանով, այցելեցինք Էջմիածին, Զվարթնոց, Սեւան, Դիլիջան, Գյումրի, Հաղպատ։ Ի՞նչն է ամենաշատը տպավորել: Դժվար է միանշանակ ասել, քանի որ Հայաստանը եզակի պատմություն ունեցող երկիր է, ամենուր յուրահատուկ էներգետիկա կա»,- ասել է մարզիկը «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթին տված հարցազրույցում։

Խոսելով Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարների մասին՝ Կարեն Խաչանովն ասել է.

«Հուսով եմ, որ մոտ ապագայում Հայաստանում ավելի շատ թենիսիստներ կլինեն, ովքեր կխաղան այնպես, ինչպես ժամանակին խաղում էր Սարգիս Սարգսյանը։ Ես տեսա հեռանկարային տղաների։ Նրանցից ոմանք, ովքեր մասնակցել էին ինձ հետ խաղին, լավ արագություն ունեն։ Ամեն ինչ կախված է խաղացողի տարիքից ու տաղանդից։ Ցավոք, ժամանակը բավարար չէր յուրաքանչյուրի հետ առանձին խաղալու եւ ավելի ամբողջական տպավորություն ստանալու համար, քանի որ շատ երեխաներ էին եկել։ Գլխավորն այն է, որ նրանք անեն այն, ինչ սիրում են, թենիս խաղան՝ որքան թույլ են տալիս ժամանակը եւ ուսումը։ Այդ դեպքում կհասնեն հաջողության»։

Խոսելով ավարտվող մրցաշրջանի մասին՝ Խաչանովը նշել է. «Ընդհանուր առմամբ, մրցաշրջանն անհավասար ստացվեց։ Սկզբում ազդեցություն թողեցին որոշ ոչ սպորտային հանգամանքներ։ Ուիմբլդոնից հետո շատ բան փոխվեց ՝ վերադարձավ վստահությունը, սեփական հնարավորությունների նկատմամբ հավատը։ Շուտով կսկսեմ նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին եւ կտրամադրվեմ ավելի լավ արդյունքներ ցույց տալուն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին