Ամռանը երկարատեւ ընդմիջումից հետո Սեւանում կրկին կայացել է Հովհաննես Իսակովին նվիրված առագաստանավային սպորտի միջազգային մրցաշար: Մարզաձեւն աստիճանաբար զարգանում է Հայաստանում ու փորձում մրցունակ դառնալ:
Mediamax Sport-ը զրուցել է Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Սմբատ Հակոբյան ի ու Ղազախստանի Բալխաշ քաղաքի ֆեդերացիայի նախագահ Արամ Խաչատրյանի հետ:
Հակոբյան. Շատ ենք ցանկանում, որ Սեւանը կրկին զարդարվի նավերով
Մինչ այս տարին մենք Վրաստանի թիմի հետ երկու տարի մրցաշար ենք անցկացրել, բայց միշտ էլ ցանկացել ենք, որ շատ երկրներ մասնակցեն: Ֆեդերացիայի նախագահ Բագրատ Սողոմոնյանն ու Գրիշա Հակոբյանը, որոնք նախկին առագաստանավորդներ են ու հիմա բնակվում են Մոսկվայում, միշտ օգնում են կազմակերպել այն:

Վերջապես այս տարի Սեւանում կազմակերպեցինք մրցաշար, որտեղ մասնակցեցին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մոտ 25 առագաստանավորդ: Հայաստանը հանդես եկավ 15 մարզիկով:
Ղազախստանից եկել էին Բալխաշ քաղաքի առագաստանավորդները, այդ քաղաքի ֆեդերացիայի նախագահը հայաստանցի Արամ Խաչատրյանն է: Շատ հաճելի էր, որ նա մեծ ցանկություն հայտնեց մասնակցելու եւ թիմով եկավ Սեւան:
Ցավոք, ավելի շատ մասնակցիներ Հայաստանը չի կարողանում ունենալ, քանի որ մարզագույքի պակաս ունենք: Երկիրը մոռացել է, որ նման մարզաձեւ ունենք, չի հետաքրքրվում նաեւ նման միջոցառում անցկացնելուց հետո: Ողջ մրցաշարն անցել է հովանավորների ֆինանսավորմամբ:
Մրցաշարը կոչվում էր Հովհաննես Իսակովի անվան, ինչպես սրանից երկար տարիներ առաջ, երբ Սեւանն ընդունում էր Սովետական Միության 15 հանրապետությունների առագաստանավորդներին ու թեժ պայքար էր ծավալվում:

Մեր նպատակն է, որ այս տարի կազմակերպած մրցաշարը պարբերական բնույթ կրի, ավելի շատ թվով երկրներ ժամանեն Հայաստան: Շատ ենք ցանկանում, որ Սեւանը կրկին զարդարվի նավերով ու դառնա սպորտային կարեւոր տեղերից մեկը:
Մեր սպորտաձեւում փորձն անչափ կարեւոր է, բայց քանի որ գումարային խնդիրների պատճառներով մենք չենք կարողանում այլ երկրներ գնալ, այս մրցաշարը լրացնում է բացը: Իսկ այն մարզիկները, ովքեր ավելի փորձառու են, ցույց են տալիս իրենց վարպետությունը:
Խաչատրյան.Կփորձենք ամրապնդել 2 երկրների կապերը

Մի քանի տարի առաջ սկսել ենք զարգացնել առագաստանավային սպորտը: Ժամանակին Բալխաշում այս մարզաձեւը շատ տարածված էր, մոտ 150 առագաստանավեր են եղել ու բարձրագույն վարպետության սպորտային դպրոց է գործել: Բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ոչինչ չի պահպանվել:
Բալխաշը մեծ լիճ է, որը շատ հարմար է առագաստանավային սպորտով զբաղվելու համար: Որոշեցի վերականգնել ժամանակին եղած լավ ավանդույթներն ու այդպես ամեն ինչ սկսվեց: 3-րդ տարին է, որ զբաղվում ենք այդ աշխատանքներով: Ես էլ սիրողական մակարդակով պարապում եմ ու շատ եմ սիրում այս մարզաձեւը:
Շատ էի ցանկանում Հայաստանի հետ համագործակցել, այդ նպատակով ժամանեցի հայրենիք, գնացի Սեւան ու մարզաձեւով զբաղվողների հետ հանդիպեցի: Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ խոսեցի ու խոստացա նրանց մյուս տարի մեզ մոտ մրցումների հրավիրել:
Քանի որ Հայաստանի ֆեդերացիայի բյուջեն շատ փոքր է, ինքս խոստացա հոգալ բոլոր ծախսերը: Ինձ հաճելի է, որ Ղազախստանում բարձրանա Հայաստանի դրոշն ու ամրապնդվեն 2 երկրների բարեկամական կապերը: Բացի այդ էլ, շատ էի ցանկանում, որ Հայաստանում եւս նման մրցաշար կայանար:

Դրա համար ամռանը Սեւանում մասնակցեցինք ռեգատայի, մեր մարզիկները 1-ին ու 3-րդ տեղերը գրավեցին մեծահասակների պայքարում, ապա Հայաստանի թիմին հրավիրեցինք` 2 մարզիկի ու 1 մարզչի: Մրցաշարը բավական ուժեղ կազմ էր հավաքել, ներկայացուցիչներ կային նաեւ Ղազախստանից ու Ուզբեկստանից:
Հետագայում մեր համագործակցությունը կշարունակվի, պետք է մրցաշարերի մասնակից երկրների քանակն ավելացնել, որպեսզի այն կարողանա միջազգային կարգը պահպանել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: