Ապրիլ 27, 2024
3142 դիտում

Ամերիկացի բասկետբոլային լեգենդների հայաստանյան այցը


Լուսանկարը` ԱՄՆ-ի դեսպանատուն

Լուսանկարը` ԱՄՆ-ի դեսպանատուն


Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կազմակերպել էր բասկետբոլի 2 լեգենդների՝ Ռուտի Բոլտոնին ու Շարի Սեմիի այցը:

Նրանք Հայաստանում վարել են մի շարք պարապմունքներ եւ ուսումնական ճամբարներ, օգնել բասկետբոլով զբաղվող հայ երիտասարդներին ու մարզիչներին կատարելագործել իրենց խաղային հմտությունները, հայտնում է ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայությունը:

Բոլտոնին ու Սեմին բասկետբոլի կանանց ազգային ասոցիացիայի՝ WNBA-ի խաղացողներ են:

Ռուտի Բոլտոնն ամենաշատ պարգեւների արժանացած կին մարզիկներից մեկն է ՝ նա Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր է ու 1997-2004 թթ. եղել է Սակրամենտո Մոնարքս  թիմի առաջատար խաղացողը: Ծառայել է ԱՄՆ-ի ցամաքային ուժերի պահեստազորում, ունի լեյտենանտի կոչում: Նաեւ հեղինակել է մի շարք գրքեր, որտեղ իր օրինակով փորձում է ոգեշնչել ընթերցողներին:

Շարի Սեմը խաղացել է կանանց լիգայի մի շարք թիմերում ու ԱՄՆ-ի առաջնության  հաղթող դարձել: Նա համարվում է WNBA-ի բոլոր ժամանակների աստղ եւ լավագույն խաղացողների հիսունյակում է մի շարք անվանակարգերում:

Հայաստանում գտնվելու ընթացքում նրանք մարզային մի քանի համայնքներում պարապմունքներ են անցկացրել հայ պատանիների ու աղջիկների հետ՝ օգնելով կատարելագործել խաղային հմտությունները: Բասկետբոլիստուհիները նաեւ սովորեցրել են, թե ինչպես կարող են մարզիկները ավելի մոտիվացված լինել, բարձր ինքնագնահատական ունենալ ու առաջնորդ լինել ամենուր:

Բասկետբոլի լեգենդները նաեւ վարպետության դասեր են անցկացրել հայ մարզիչների համար ու ներկայացրել իրենց փորձը, թե ինչպես է կարելի սպորտն օգտագործել ի բարօրություն համայնքի:

Ռուտի Բոլտոնի ու Շարի Սեմի այցը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության կողմից ԱՄՆ պետքարտուղարության Սպորտի դեսպանների ծրագրի շրջանակում, որը հնարավորություն է տալիս ամերիկացի մարզիկներին մեկնել տարբեր երկրներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին