Հոկտեմբերի սկզբին ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը կժամանի Հայաստան: Նա կմասնակցի Երեւանում այս տարի առաջին անգամ անցկացվելիք վազքի միջազգային կիսամարաթոնին՝«Երեւան ՌԱՆԱՐՄ 2015»-ին:
Ջորկաեֆն ընդգծել է, որ դա հրաշալի առիթ է հայրենիք այցելելու եւ մարզական միջոցառմանը մասնակցելու համար:
«Ուրախ եմ, որ լեգենդար Ռոբերտ Էմմիյանն այսպիսի նախաձեռնությամբ է հանդես գալիս, ու Երեւանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոն: Ամբողջ աշխարհում նմանատիպ սպորտային միջոցառումներ մշտապես են կազմակերպվում, ցանկանում եմ, որ հայ ժողովրդի համար էլ այն դառնա ամենամյա, քանի որ վազքն առողջ ապրելակերպի առաջին նախապայմաններից մեկն է»,- ընդգծել է 1998-ին աշխարհի ու 2000 թվականի Եվրոպայի չեմպիոնը:
Ջորկաեֆը խոստովանել է, որ մեծ ոգեւորությամբ է ընդունել մասնակցելու հրավերն ու Հայաստան է ժամանելու եղբոր՝ Ֆրանսիայի Դեսին քաղաքի մշակութային, սպորտային ու միջազգային կապերի գծով փոխքաղաքապետ Դենիի հետ. «Կլինեմ կիսամարաթոնի առաջին շարքերում ու բոլորին կոչ եմ անում միանալ մեզ»:
Կիսամարաթոնի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 3-ին: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: