Ապրիլ 29, 2024
exclusive
6864 դիտում

Հայաստանը վերջապես կունենա միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կտեղադրվի:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն ասել է, որ աշխատանքները կսկսվեն բոլոր պայմանագրերը ստորագրելուց հետո: 

Դրանից ընդամենը մեկ ամիս անց հայ աթլետներն արդեն հնարավորություն կունենան մարզվել  ժամանակակից վազքուղու վրա:

«Իտալական մասնագետներն են զբաղվելու այդ աշխատանքով, նրանք իրենց գործի իսկական գիտակ են, ու կարճ ժամանակ անց ամեն ինչ արված կլինի: «Հրազդան»  ստադիոնը համապատասխանում է աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի բոլոր պահանջներին, այնտեղ կան անհրաժեշտ ցատկափոսերն ու վազքուղիները»,- ասել է Էմմիյանը:

Հայաստանում վազքուղին տեղադրելու է Եվրոպայի, Աշխարհի առաջնությունների ու Օլիմպիական խաղերի ժամանակ աթլետիկայի վազքուղիներ կառուցող «Mondo Sport & Flooring Division» ընկերությունը, որի մասնագետները երկու անգամ արդեն եղել են Երեւանում, ուսումնասիրել են տեղանքն ու կատարել բոլոր չափագրումները:

«Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան տրամադրելու է 160 հազար դոլար, ես  4 տարի պայքարում եմ, որ այդ գումարն այլ երկիր չփոխանցվի: Իսկ ահա մեր կառավարության կողմից էլ ներդրվելու է գրեթե 220 հազար դոլար: Իրականում այդ աշխատանքներն արժեն ավելի քան 1 մլն եվրո, բայց քանի որ ես լավ կապեր ունեմ, մենք անհամեմատ քիչ ենք վճարելու»,- ավելացրել է Էմմիայնը:

Նա համոզված է, որ եթե Հայաստանում գոնե մեկ ստադիոն անհրաժեշտ չափանիշներով լինի, աթլետիկան մեծ վերելք կապրի ու նմանատիպ վազքուղիներ կտեղադրվեն նաեւ տարբեր մարզերում:

Բացի այդ էլ, վազքուղին հնարավորություն կընձեռնի Հայաստանում անցկացնել միջազգային խոշոր մրցաշարեր եւ առաջնություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին