Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է նախկին թիմակից Ֆյոդոր Սմոլովի «Սմոլ թոք» փոդքասթին:
Ֆուտբոլիստը պատմել է ակումբի ու իր նպատակների, չկայացած տրանսֆերների, «Բարսելոնա»-ի հետաքրքրության եւ Հայաստանի հավաքականի մասին:
«Իհարկե, առաջին տեղում թիմային հաջողությունն է, բայց նաեւ անձնական նպատակներ եմ դնում իմ առաջ: Հետեւում եմ վիճակագրությանը եւ ցանկանում ակումբի ռեկորդները գերազանցել:
Ամեն տարի ավելի ուժեղ ենք դառնում: Հիմա «Կրասնոդար»-ին ոչինչ չի մնում, քան նորից կրկնել հաջողությունն ու չեմպիոն դառնալ:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց 1,5 օր առաջ ինձ զանգահարեցին ու ասացին. «Լսի՛ր, «Լիդս»-ը պատրաստ է քեզ առաջարկ ուղարկել: Ցանկանում են վարձակալել՝ տրանսֆերը գնելու հնարավորությամբ»։ Պատասխանեցի. «Ինչո՞ւ եք ինձ զանգահարում։ Ի վերջո, Դուք ո՞վ եք»։ Առաջարկեցի կապվել ակումբի հետ: Այդ ամենը լուրջ չդիտարկեցի: Միշտ էլ ամեն ինչ նման մակարդակով էր լինում: Ամռանը «Լիդս»-ից էլի էին դիմել, ամեն կես տարին մեկ անգամ տարբեր մարդիկ են զանգահարում:
Լուսանկարը` FC Krasnodar
Այնպես չէ, որ «Կրասնոդար»-ում չեմ ուզում խաղալ, բայց նաեւ նպատակ ունեմ ուժերս արտերկրում փորձել, բոլորն են այդ մասին տեղյակ: Տեղափոխվելու համար ամեն ինչ պետք է համընկնի: Նորմալ չէ, երբ քեզ հետ կապ են հաստատում 1 օր առաջ, ասես չես խաղում ու նստած սպասում ես այդ առաջարկին:
Ներքուստ ցանկանում եմ տեղափոխվել, սկսել եմ մտածել այդ մասին, արդեն տարիքս էլ մեծ է՝ շուտով 26 կլինեմ: Բայց 3 տարի է նույն պատկերն է՝ մոտ 50 հոգի զանգահարում է, հավաստիացնում, որ շուտով ամեն ինչ կստացվի, սկսում ես հարմարվել, ու էլի ոչինչ: Դրա համար հաջորդ զանգերին լուրջ չես վերաբերվում:
Շատ ակումբներ կան, որ քաղաքական պատճառներով են վախենում ինձ ձեռք բերել, մտածում են հավելյալ գումարներ պետք է վճարեն:
«Այաքս»-ի հետ ամեն ինչ կարծես թե որոշված էր։ Հոլանդացի ֆուտբոլիստների միության ղեկավար, ուկրաինացի Եվգենի Լեւչենկոն խոսեց De Telegraaf-ում, եւ վերջ… (2023 թվականի ամռանը Լեւչենկոն հայտարարել է, որ Էդուարդ Սպերցյանի՝ «Այաքս» տեղափոխությունը կհովանավորի հատուկ ռազմական գործողություններն ու Ռուսաստանի զինված ուժերը):
Լուսանկարը` FC Krasnodar
«Այաքս»-ի մարզական տնօրեն Սվեն Միսլինտատը շատ էր սիրում ինձ։ Պարզվեց, որ նա Դորտմունդում աշխատել է Հենրիխ Մխիթարյանի հետ։ Ամեն ինչ լավ էր ընթանում, 23 տարեկան էի ու դա ամենալավ տարբերակը կլիներ: Կարծում եմ՝ «Կրասնոդար»-ն ինձ բաց կթողներ:
Մի հետաքրքիր պատմություն կա նաեւ «Բարսելոնա»-ի հետ։ Ինձ հետ կապվեց լեգենդար Պատրիկ Կլյուվերտը, ով այդ ժամանակ «Բարսելոնա»-ի մարզաբազայում էր, եւ FaceTime-ով շփվեցինք։ Նա հարցրեց. «Ինչպիսի՞ իրավիճակ է քեզ մոտ: Ի՞նչ ես անում հիմա»։
Ապա զանգահարեց «Բարսելոնա»-ի սպորտային տնօրեն Դեկուին: Ակումբը չէր կարողանում գնել Նիկո Ուիլյամսին, իսկ թիմին շտապ ձախ եզրային հարձակվող էր պետք:
Կլյուվերտը նորից զանգեց. «Կարո՞ղ ես խաղալ ձախ եզրային հարձակվողի դիրքում»: Պատասխանեցի. ««Բարսելոնա՞»-ում, կապ չունի, թե որ դիրքում կխաղամ»։ Խոստացավ վերադառնալ, բայց հետո խնդիրներ առաջացան: Կարծում եմ, եթե «Բարսելոնա»-ն 6-8 մլն եվրո առաջարկեր, Սերգեյ Գալիցկինն ինձ բաց կթողներ:
Իսկ Ռուսաստանում միայն «Կրասնոդար»-ում եմ հանդես եմ գալու: Գործակալ չունեմ, քանի որ ակումբն էլ դա չի ողջունում: Մեզ դեռ ակադեմիայից են սկսել ասել. «Ոչ մի գործակալ»:
Լուսանկարը` Photolure
Հայաստանի հավաքականում խաղալը մեծ պատիվ է ինձ համար: Ամեն անգամ մեծ ցանկությամբ եմ միանում թիմին: Երբ մրցում ես Գերմանիայի, Պորտուգալիայի, Խորվաթիայի պես հավաքականների դեմ, մեծ փորձ ես ձեռք բերում: Խաղից հետո Պորտուգալիայի մարզչը մոտեցավ ինձ, գրկեց եւ ասաց, որ լավ ֆուտբոլիստ եմ:
Ուժեղ ֆուտբոլիստների դեմ խաղալը մեծ հաճույք է, միաժամանակ հասկանում ես, որ դա անելն այնքան էլ բարդ չէ: Պարզապես պետք է շատ մտածել ու ամեն մանրուքի՝ փոխանցման ուժգնության եւ մաքրության վրա ուշադրություն դարձնել: Դեռ ակադեմիայում են այդ ամենը սովորեցնում, իսկ արտասահմանցի ֆուտբոլիստները նման հրահանգները հստակ են կատարում: Նրանք առանց խոսքերի են շփվում խաղադաշտում, դրան Պորտուգալիայի դեմ խաղում ականատես եղա: Կարողանում են մեզ պես թիմերին 5-6 գոլ խփել ու դրա հետ մեկտեղ կարգապահությունը պահել:
Երկրորդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեցի, դա կարեւոր ու հաճելի է, բայց միեւնույն է մտածում եմ, քանի դեռ Հենրիխի պես խաղացող կա, նա պետք է առաջինը լինի: Մխիթարյանը լրիվ այլ մակարդակի ֆուտբոլիստ է:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Կրասնոդար»-ի ակադեմիայում միշտ հանգիստ եմ եղել ու հետեւել եմ կարգապահությանը: Տղաները երկու հեռախոս էին պահում, մեկը հանձնում էին, մյուսը գիշերն իրենց մոտ պահում: Ձեռքերս դողում էին, երբ այդ ամենը տեսնում էի, ինքս նման բան անել չէի կարող: Ծնողներս վստահում էին ինձ:
Իմ անձնական կյանքում էլ ամեն ինչ լավ է: Տանը սպասում են, ամեն ինչ մաքուր է, հարմարավետ: Իհարկե, պատասխանատվությունն էլ ունեմ, ավելի արագ եմ հասունացել, բայց դա միայն առավելություն է ինձ համար»:






















