Փետրվար 24, 2024
5258 դիտում

Մեկ կադրում. Մարոկկացի ֆուտբոլիստների անչափ մարդկային քայլը


Լուսանկարը` besoccer.com


Մարոկկոյի հավաքականի ավագ Մեհդի Բենատիան շատերի սրտերն է գերել, սակայն ոչ բնավ ֆուտբոլային խաղով կամ էլ գեղեցիկ գոլերով:

Պատճառը ֆուտբոլիստի շատ մարդկային ու բարի քայլն էր հանդիպումից առաջ, որը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ ու բազմաթիվ գովասանքի խոսքերի արժանացավ:

Հենց այդ պահի մասին էլ Mediamax Sport-ը պատմելու է «Մեկ կադր» շարքում:

2018 թվականի հունիսի 4-ին՝ Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, Մարոկկոյի ընտրանին Ժնեւում ընկերական հանդիպում էր անցկացնում Սլովակիայի հավաքականի հետ:

Խաղի մեկնարկը բավական անձրեւոտ ստացվեց ու այն պահին, երբ թիմերը կանգնել էին ազգային օրհներգները կատարելու, Բենատիան հնարամտորեն պատսպարեց իրեն խաղադաշտ ուղեկցած աղջնակին:

Սակայն այդ երեկո ավագի կարեւոր հաղթանակը ոչ թե Սլովակիայի նկատմամբ էր, նրա թիմն առավելության հասավ 2:1 հաշվով: Բենատիան սոցկայքերի իսկական հերոսը դարձավ՝ իր վրա սեւեռելով հազարավոր մարդկանց ուշադրությունը:

Իր այդ արարքով նա բնավ էլ մտադրություն չուներ հերոս դառնալ, պարզապես վարվեց այնպես, ինչպես կաներ ցանկացած հայր իր դստեր համար:

«Մեծագույն հարգանքներս», «Շատ հուզիչ է», «Մեծ ավագ», «Ինչպիսի հիանալի օրինակ, ֆուտբոլն ավելին է, քան սպորտ» ու նման հիացական մեկնաբանություններ գրեցին երկրպագուները:

Մարոկկոյի դարպասապահ Յասին Բոունուն էլ ձեռնոցներով էր իր դիմացի երեխայի գլուխը պահել: Իրենց խաղացողների այդ քայլով անչափ հպարտ էին նաեւ մարոկկացի երկրպագուները:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին