2002 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացումից 14 տարի առաջ Պեկինն ընդունել էր 29-րդ ամառային խաղերը:
Անկրկնելի ու հիշվող բացման արարողությամբ, գեղեցիկ պայքարով ու մրցակցությամբ այդ խաղերում Հայաստանի Օլիմպիական թիմին հաջողվեց նվաճել 5 մեդալ:
Մեդալային բացումն արեց հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը: Այդ խաղերում չափազանց լարված պայքարում պատվոհարթակի 3-րդ աստիճանին կանգնեց նաեւ ծանրորդ Գեւորգ Դավթյանը:
Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքում պատմելու եք նրա չհանձնվող բնավորության ու կամային որակների մասին:
Եվրոպայի կրկնակի չեմպիոնից ու Աշխարհի արծաթե մեդալակրից ակնկալիքները մեծ էին նաեւ Օլիմպիական խաղերում: Նրա հիմնական մրցակիցները Չինաստանից ու Հարավային Կորեայից էին:
Մինչեւ 77 կգ քաշային կարգում միշտ լարված ու դիտարժան պայքար էր ծավալվում, խաղերն էլ բացառություն չէին: Հայաստանը Դավթյանից բացի ներկայացնում էր նաեւ Աշխարհի բրոնզե ու Եվրոպայի արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանը:
Սովորաբար միշտ ամուր նյարդերով ու հանգիստ ելույթ ունեցող Գեւորգ Դավթյանը Պեկինում առաջին փորձը ձախողեց: Նա մոտեցավ 165 կգ-ին ու այն չբարձրացրեց, Հայաստանում այդ ժամանակ անհանգստացան, սակայն ոչ շատ, Դավթյանի վրա վստահ էին:

Լուսանկարը` Reuters
Նյարդերը սկսեցին տեղի տալ, երբ 2-րդ մոտեցումն էլ ձախողեց, անհանգստությունը հասավ գագաթնակետին: Ծանրորդն ինքն էլ չափազանց լարված էր, ինչը հիանալի երեւում է արված լուսանկարներից:
Սակայն օգոստոսյան շոգ օրը նա հուսախաբ չարեց ինքն իրեն ու իր հայրենակիցներին: Դավթյանը 3-րդ անգամ մոտեցավ 165 կգ-ին ու այն վերջապես կարողացավ պահել գլխավերեւում: Հրման մեկ մոտեցումն էլ բավական եղավ, որ նա երկամարտի 360 կգ-ով դառնա Օլիմպիական բրոնզե մեդալակիր:
«Տանը բոլորս անչափ լարված էինք, վախենում էինք, որ հանկարծ 0 կստանա: Բայց ես վստահ էի, որ Գեւորգը կմոտենա ծանրաձողին ու այն կբարձրացնի, քանի որ երբեք իր կարիերայում ձախողում չէր ունեցել»,- օդանավակայանում ասել էր մարզիկի հայրը՝ Հովհաննես Դավթյանը:
Ինքը ծանրորդը մի քիչ տխուր էր, քանի որ մեկնել էր Պեկին Օլիմպիական չեմպիոն դառնալու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: