2098 դիտում

Մեկ կադրում. 1952-ի Օլիմպիական չեմպիոնների «Ոսկե համբույրը»


Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` The Game


Էլ ինչ Օլիմպիական խաղեր առանց սիրո, այն էլ այսպիսի գեղեցիկ, բուռն ու անմնացորդ:

«Ոսկե համբույր» անվանումը ստացած այս պահը տեղի է ունեցել 1952-ի Հելսինկիի Օլիմպիական խաղերի ժամանակ: Այսօրվա «Մեկ կադրի» հերոսները Դանա Ինգրովա ու Էմիլ Զատոպեկ ամուսիններն են:

Երկուսն էլ ծնվել են 1922-ի սեպտեմբերի 19-ին: Նրանք ծանոթացել են 1948-ի մայիսին, երբ Չեխոսլովակիայի թեթեւ աթլետիկայի հավաքականը սկսել է պատրաստվել 1948-ին Լոնդոնում կայանալիք խաղերին:

Եթե Զատոպեկն երկար մրցատարածությունում մեդալի հիմնական հավակնորդներից էր, ապա Ինգրովան նոր էր հանդբոլից անցում կատարել դեպի նիզակի նետում:

Լոնդոնից Էմիլը վերադարձավ 10 կմ վազքում ոսկե մեդալով, 5 կմ-ում` արծաթով, իսկ Դանան 7-րդն էր: Երկուսին էլ իսկական վերելք էր սպասում 4 տարի անց Հելսինկիում:


Այնտեղ Ինգրովան եւս դարձավ Օլիմպիական չեմպիոն, Զատոպեկն էլ եռակի չեմպիոն՝ 10 ու 5 կմ-ում եւ Մարաթոնյան վազքում, որին առաջին անգամն էր մասնակցում: Նա դարձավ միակ մարզիկը, որին հաջողվեց լավագույնը լինել այդ 3 մրցատարածություններում:

Լուսանկարը` Olympics


Մինչդեռ նման ֆենոմենալ արդյունք կարող էր եւ չգրանցել, քաղաքական պատճառներով խաղերում մասնակցությունից որոշեցին զրկել Ստանիսլավ Յունգվիրտին, որն էմիլի մտերիմ ընկերն էր:

Նա սպորտային ղեկավարության առջեւ պայման դրեց՝ կամ երկուսով կմեկնեն Հելսինկի, կամ՝ ոչ մեկը: Այդ սպառնալիքը չաշխատեց, ու Չեխոսլովակիայի ինքնաթիռը մրցավայր մեկնեց առանց նրանց:

Հաջորդ օրը ղեկավարներն, ամեն դեպքում, երկուսին էլ հանձնեցին ինքանթիռի տոմսեր, ու նրանք մյուսներից 3 օր ուշացումով ժամանեցին Հելսինկի:

Լուսանկարը` The Game


2012 թվականին Դանա Ինգրովան հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել նրանց հայտնի համբույրը.

«Էմիլի 5 կմ վազքի ելույթին չեմ հետեւել, շատ էի հուզվում ու գնացի հանդերձարան: Փորձում էի երկրպագուների աղմուկով հասկանալ, թե ով է հաղթել: Սակայն ոչինչ էլ չպարզեցի: Երբ ամեն ինչ հանդարտվեց, դուրս եկա միջանցք ու հանդիպեցի սովետական մարզիչ Ռոմանովին, նրանից փորձեցի ճշտել, թե ով է Օլիմպիական չեմպիոն դարձել: Զարմացած ինձ նայեց, ասեց երկնքից էի ցած ընկել, չգիտեր, որ նա ամուսինս է: Այդ ժամանակ վազեցի տրիբունաներ ու լսեցի, որ Էմիլի պատվին հնչում է օրհներգը: Ապա նա մոտեցավ ինձ, ու եղավ այդ հայտնի համբույրը: Շնորհավորեցի նրան ու իր մեդալն ուզեցի, որ ինձ հաջողություն բերի, իսկ հետո ես էլ ռեկորդով Օլիմպիական չեմպիոն դարձա»:

Միասին նրանք ապրել են 52 տարի: Էմիլ Զատոպեկը մահացել է 2000 թվականին, իսկ Դանան՝ 2020-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին