Ապրիլ 19, 2024
exclusive
1381 դիտում

Մեկ կադրում. Հենրիխ Մխիթարյանի անհավանական գեղեցիկ կարիճ գոլը


Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարիերայում անմոռանալի գոլեր շատ են եղել, սակայն մենք առանձնացրել ենք դրանցից ամենագեղեցիկը:

Հայ կիսապաշտպանի հայտնի կարիճ գոլի մասին ենք այսօր պատմելու Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում:

2016 թվականի դեկտեմբերին Boxing day-ի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում էր «Սանդերլենդի» հետ: Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում փոխարինման մտավ 62-րդ րոպեին, իսկ 86-ին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո անհավանական գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:



Այդ գնդակը Պրեմիեր Լիգայի ու ՄՅՈւ-ի լավագույն գոլը ճանաչվեց: Ահա թե ինչ է դարպասի գրավման մասին ասել Մխիթարյանը.

«Անկեղծ ասած՝ ես էլ էի տպավորված: Միայն տանը կրկին դիտելուց հետո հասկացա, թե ինչպիսի գոլ եմ խփել: Դա իմ կյանքի լավագույն գոլն է: Զլատանի փոխանցումից հետո կարծում էի, որ գնդակը իմ առջեւ կհայտնվի, ոչ թե թիկունքիս: Բայց քանի որ այլ տարբերակ չէր մնում՝ կրունկով հարվածեցի: Գոլից հետո առաջին հերթին նայեցի եզրային մրցավարին, բայց նա խաղից դուրս չարձանագրեց, դրա համար էլ սկսեցի նշել դարպասի գրավումը»:

Գոլը պակաս չի տպավորել նաեւ նրա համահեղինակին՝ Զլատան Իբրահիմովիչին:

«Ուրախ եմ Հենրիխի համար, քանի որ այդ գոլը միշտ հիշվելու է: Ուրախ եմ նաեւ նրա համար, որ իմ մասնակցությունն եմ ունեցել դրանում: Երկրպագուները հիացած էին, քանի որ նման գոլի ականատես դառնալն, իսկապես, զարմանալի է»,- խոստովանել է շվեդ ֆուտբոլիստը:

Իսկ երբ BBC-ն կազմեց 2010 թվականից հետո ամենահիշվող ֆուտբոլային դրվագները, Մխիթարյանի գոլը եւս ընդգրկեց այդ ցանկում:

«Մխիթարյանի կարիերան ՄՅՈւ-ում իրադարձություններով հագեցած չէր, սակայն հայ կիսապաշտպանն ընդմիշտ հիշվել է «Օլդ Թրաֆորդում» խորամանկության շնորհիվ, որը Ժոզե Մոուրինյոն բնութագրել է որպես ֆուտբոլի գեղեցկություն»,- գրել է պարբերականը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին