Ապրիլ 28, 2024
exclusive
36941 դիտում

Մեկ կադրում. Ինչպես ԱՄՆ-ը հրաշք գործեց սառույցի վրա


Լուսանկարը` ESPN


Իսկական մարզիկները երբեք չեն հանձնվում, նույնիսկ այն ժամանակ, երբ հաղթելու ոչ մի շանս չի մնացել:

Այդպիսինն են նաեւ այսօրվա «Մեկ կադրում» շարքի հերոսները՝ ԱՄՆ-ի հոկեյիստները, ովքեր պատմություն կերտեցին 1980 թվականին:

1980 թվականին ձմեռային Օլիմպիական խաղերը հյուրընկալել էր ԱՄՆ-ը, այստեղ էր ժամանել նաեւ ԽՍՀՄ-ի հավաքականը: «Սառը պատերազմը» եւ գերլարված հարաբերությունները, որոնք այդ տարիներին առկա էին երկրների միջեւ, չէին կարող չանդրադառնալ նաեւ մարզիկների վրա:

Հոկեյի եզրափակիչ փուլում հայտված ԽՍՀՄ եւ ԱՄՆ-ի հավաքականներից ֆավորիտները խորհրդային երկրի հոկեյիստներն էին: ԽՍՀՄ-ը նախորդ Օլիմպիական 6 խաղերում 5 ոսկե մեդալ էր նվաճել, թիմը համալրված էր ուժեղ ու տիտղոսակիր մարզիկներով:

Իսկ ահա ԱՄՆ-ի կազմում Հերբ Բրուքսի գլխավորությամբ հանդես էին գալիս ուսանող հոկեյիստներ: Արժե նշել, որ այս ընտրանին ԱՄՆ-ի հոկեյի պատմության ամենաերիտասարդ թիմն է եղել:

Հանդիպման առաջին կեսն ավարտվում է 2:2 հաշվով, իսկ երկրորդում ԽՍՀՄ-ն առաջ է անցնում՝ 3:2: Լարված ու պայքարով լեցուն վերջին կեսում ԱՄՆ-ի մարզիկները կռվում են մինչեւ վերջ, երկու տափօղակ ուղարկում մրցակցի դարպասն ու հաղթում 4:3 հաշվով: ԱՄՆ-ը հռչակվում է Օլիմպիական չեմպիոն:

ABC-ի հայտնի մեկնաբան Ալ Մայքլսի խոսքերը հոկեյի աշխարհում հիշում են մինչ այսօր. «Դուք հավատո՞ւմ եք հրաշքների: ԱՅՈ»: Այս խաղը պատմության մեջ մտավ հենց այդպես՝ «Հրաշք սառույցի վրա»:

Հոկեյիստները խոստովանել են, որ անհավանական հանդիպումից, ուրախությունից հետո, երբ վերադարձել են հանդերձարան, տեսել են, թե ինչպես է մարզիչ Բրուքսն արտասվում:

1999-ին Sports Illustrated-ը հանդիպումն ընդգրկում է 20-րդ դարի սպորտային ամենակարեւոր իրադարձությունների ցանկում: Իսկ ահա 2008-ին Հոկեյի միջազգային ֆեդերացիան «Հրաշք սառույցի վրա»-ն անվանում է վերջին 100 տարվա հոկեյի միջազգային լավագույն հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին