Շարունակում ենք բացահայտել ու ներկայացնել հայկական սպորտի ամենահետաքրքիր լուսանկարները:
Այս անգամ Mediamax Sport-ը «Մեկ կադրում» ընտրել է 2014 թվականին Տաշքենդում կայացած Աշխարհի առաջնության հաղթական կադրերից մեկը: Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 2014 թվականի սեպտեմբերի 12-ին «գրավեց նաեւ աշխարհը»:
Լուսանկարի հետ կապված հիշողությունների ու չեմպիոնական զգացողությունների մասին պատմում է ըմբիշը:
Այդ հաղթանակը լավագույններից մեկն էր իմ սպորտային կարիերայում: Երկար էի սպասել, տանջվել ու նվիրվել այդ մեդալն ունենալու համար:
2014-ին արդեն 16 տարի է զբաղվում էի ըմբշամարտով, մի ամբողջ կյանք էր դրված այդ կադրի մեջ: Բառերով հնարավոր չէ նման պահերի մասին խոսել:
Պատկերացրեք որքան բան կա այդ մեկ ակնթարթի մեջ ամփոփված՝ աշխատասիրություն, ցավ, տանջանք, ուրախություն, նվիրվածություն, հույս, անգամ հիասթափություն:
Սպորտն անկանխատեսելի է, ու հաղթանակը մի քանի համալիր գործոններից է կազմված: Բոլորն էլ լավ են մարզվում, բայց 1-2 են հաղթանակի հասնում: Ելույթի օրն ամեն ինչ հանրագումարի է պետք բերել ու հասցնել անհրաժեշտ վիճակի:
Թեեւ դեպի մեդալը տանող ճանապարհը շատ բարդ էր, բայց հենց այդ պահը հիասքանչ էր, անմոռանալի, ես զգում էի իմ աշխատանքի գնահատականը: Այդ օրն ասես քար ընկավ ուսերիցս, մինչեւ Աշխարհի չեմպիոն դառնալը հոգու հանգստություն չունեի:
Եթե դու պրոֆեսիոնալ մարզիկ ես, բազմաթիվ մասնագետների կարծիքով քո քաշային կարգում լավագույններից մեկը, պարտավոր ես Աշխարհի չեմպիոն դառնալ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: