Դեկտեմբեր 21, 2024
exclusive
14351 դիտում

Մարթա Մենեգատտի. «Ծովափնյա վոլեյբոլն աշխարհի ամենասեքսուալ մարզաձեւերից է»

Մարթա Մենեգատտին
Մարթա Մենեգատտին

Լուսանկարը` Menegatti’s managment


Մեդիամաքս Սպորտ-ը շարունակում է ներկայացնել «Շաբաթվա գեղեցկուհին» շարքը:

Իտալուհի, գեղեցկուհի եւ վոլեյբոլիստուհի. Մարթա Մենեգատտին հանդես է գալիս ծովափնյա վոլեյբոլի Իտալիայի հավաքականի կազմում:

9 տարեկանից հաճախել է վոլեյբոլի պարապմունքների, իսկ արդեն 2006 թ-ին սկսել հետաքրքրվել ծովափնյա վոլեյբոլով: Շատ ժամանակ չանցած դարձել է Իտալիայի կանանց վոլեյբոլի ազգային հավաքականի անդամ` մասնակցելով եվրոպական եւ համաշխարհային տարբեր մրցաշարերի: 2009 թ-ին թողել է վոլեյբոլը եւ նվիրվել ծովափնյա վոլեյբոլին: 2012 թ-ին Մարթա Մենեգատտի-Գերտա Չիկոլարի զույգը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Ի դեպ, Մարթան Իտալիայի ռազմական օդուժի կենտրոնի կողմից զինվորագրված զինվորական է:



- Մարթա, գաղտնիք չէ, որ որպես բիկինիով մարզաձեւ ծովափնյա վոլյեբոլը համարվում է  ամենասեքսուալ մարզաձեւերից մեկը:

- Ճիշտ ես, ծովափնյա վոլեյբոլն աշխարհի ամենասեքսուալ մարզաձեւերից է: Այն շեշտը չափազանց շատ է դնում մարզիկի մարմնի վրա: Այս հարցում, ի դեպ, ծովափնյա վոլեյբոլի եւ լողի միջեւ թեժ մրցակցություն է գնում (ժպտում է):

- Ո՞րն է այս սպորտաձեւի ամենադժվար բաղադրիչը:

- Պետք է կարողանաս հարմարվել դժվար իրադրություններին, որոնց անպայման բախվում ես խաղի ընթացքում: Դրանց շարքին են դասվում նաեւ խաղերի ընթացքում եղանակային տարբեր պայմանները, որոնք այլ են ամեն մրցաշարի ժամանակ: 
 
- Ինչպիսի՞ն է Մարթա Մենեգատտիի կյանքը սպորտից դուրս:


 
- Սիրում եմ կարդալ եւ ֆիլմեր դիտել: Սովորաբար, երբ մի փոքր ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ այն անցկացնել ընտանիքիս հետ, չնայած այն հանգամանքին, որ, դժբախտաբար, նրանք շատ հեռու են բնակվում այն վայրից, որտեղ ես մարզվում եմ:

- Եթե քեզ ընձեռեին հնարավորություն, ապա ծովափնյա վոլեյբոլի եւ մեկ այլ ո՞ր մարզաձեւի խառնուրդից կստեղծեիր մի նոր սուպերմարզաձեւ:

- Հիանալի հարց է: Այսպես պատասխանեմ. ծովափնյա վոլեյբոլն ինձ համար սուպեր սպորտաձեւ է: 

- Սնահավա՞տ ես, ինչպե՞ս ես պատրաստվում խաղին:



- Սնահավատ մարդ չեմ, բայց խաղից առաջ միշտ երաժշտություն եմ լսում, ինչն օգնում է ինձ կենտրոնանալ, ինչպես նաեւ էներգիա է հաղորդում:

- Սպորտային ամենահիշվող պահը մինչ այսօր:

- Խաղալով պաշտպանի դիրքում` հաջողված եմ համարում յուրաքանչյուր խաղ, որտեղ կարողանում եմ չեզոքացնել մրցակցի բարդ հարձակումը ու վերջում միավոր վաստակել: 
 
- Կա՞ մի բան, որ կփոխեիր ծովափնյա վոլեյբոլում:

- Բացարձակապես ոչինչ: Այն կատարյալ է:

- Ունե՞ս որեւէ արտահայտություն, որը քեզ ոգեշնչում է եւ ստիպում առաջ շարժվել:



- Այո, ունեմ: «Դու կարող ես դա անել, եթե իսկապես հավատում ես, որ կարող ես»:
 
- Այս տարվա ամենասպասված մրցաշարը քեզ համար:

- Անհամբերությամբ եմ սպասում Եվրոպայի մրցաշարին, որն անցկացվելու է Իտալիայում: Համոզված եմ՝ ֆանտաստիկ է լինելու, քանի որ խաղալու եմ իմ հայրենիքում: Նաեւ համոզված եմ, որ այս հանգամանքն ինձ եւ իմ խաղընկերոջն ուժ եւ վստահություն կհաղորդի:
 
- Ծովափնյա վոլեյբոլը…
 
- Կիրք է, ագրեսիա, սառնասրտություն, ճշգրտություն, դիմադրություն, ռեակտիվություն եւ հավատ:



-Առօրյա յում ի՞նչ ոճ ես նախընտրում:

- Խենթանում եմ բարձրակրունկ կոշիկների համար, բայց հասկանալով, որ չեմ կարող դրանցով նորմալ քայլել, հազվադեպ եմ դրանք կրում: Սիրում եմ դասական ոճը, հատկապես դրամապանակներ:
 
- Ինձ միշտ հետաքրքրել է, թե մարզահագուստից բացի էլ ի՞նչ են վոլեյբոլիստուհիները պահում իրենց մարզումների պայուսակում:

- Իմ մարզական պայուսակում պահում եմ հերակալներ, արեւային ակնոցներ, արեւապաշտպան քսուք, ինչպես նաեւ աչքերի սեւ մատիտ:  
 
- Երգ, որն այս պահին լսելու դեպքում տրամադրությունդ կբարձրանար:

- Luan Santana-ի Cê topa?-ն:



- Խորհուրդ, որը ստանալուց հետո ոչ միայն չես մոռացել, այլեւ շարունակում ես օգտագործել: 

-Վերջում ամեն ինչ ստացվելու է: Եթե դեռ չի ստացվել, նշանակում է՝ վերջը դեռ չի եկել: Ի դեպ, սա ավելին է, քան ուղղակի խորհուրդը: Սա կյանքին դիմագրավելու ճիշտ տարբերակ է:
 
- Իտալիայի ամենագեղեցիկ մարզուհիներից մեկի խորհուրդը մեր կին ընթերցողներին:

- Երբեք մի արհամարհեք ձեր մարմինը: Դա անհարգալից վերաբերմունք է սեփական անձի նկատմամբ:
 
- Ստուգե՞նք  գիտելիքներդ Հայաստանի եւ հայկական սպորտի մասին:



- Անկեղծ ասած, շատ քիչ բան գիտեմ: Վերջերս կարդացի, որ ձեր երկրում է անցկացվել Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

- Մարթա, շնորհավորում ենք: Մեդիամաքս Սպորտ-ի կողմից դու ճանաչվել ես այս շաբաթվա գեղեցկուհի:

- Wow!! Անչափ շնորհակալ եմ ինձ ընտրելու համար: Այսօրվանից կարող եմ համարել, որ Հայաստանում էլ ունեմ երկրպագուներ, ովքեր կաջակցեն ինձ առաջիկայում: Գրկում եմ բոլորիդ:

Մարթա Մենեգատտիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին