Դեկտեմբեր 27, 2024
exclusive
10209 դիտում

Դավիթ Սաֆարյան. Հաղթանակի գլխավոր գրավականը հայրենիքդ սիրելն ու նրա համար պայքարելն է

Դավիթ Սաֆարյանը
Դավիթ Սաֆարյանը

Լուսանկարը` Photolure


2013 թվականին ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը տիրացավ հնարավոր  բոլոր տիտղոսներին: Նա Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն է. այսպիսի տիտղոսներ հայկական ազատ ոճի ըմբշամարտը չէր ունեցել ավելի քան 10 տարի: Mediamax Sport-ը բացառիկ հարցազրույց է արել Հայաստանի լավագույն մարզիկի հետ ու փորձել է բացահայտել Դավիթի սպորտային ու մարդկային որակները: 

Չէի պատկերացնում, որ Հայրենիքում ինձ այդքան ջերմ կընդունեն

- Դավիթ, այս տարի դու կարողացար նվաճել միանգամից երկու տիտղոս, այն էլ չեմպիոնական: Կարո՞ղ ենք համարել, որ տարին քոնն էր:

- Այո, տարին իրոք ինձ համար լավ դասավորվեց: Շատ հաճելի է, որ դառնում ես չեմպիոն ու կարողանում ես բարձր պահել քո երկրի պատիվը: Եթե անկեղծ լինեմ, ես նույնիսկ չգիտեի, որ 10 տարուց ավել Հայաստանն ազատ ոճում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն չէր ունեցել: Շատ ուրախ եմ, որ ես կոտրեցի այդ «սառույցը»:

- Լոնդոնի Օլիմպիական խաղերն անհաջող էին քեզ համար: Մեկ տարվա ընթացքում ինչի՞ վրա աշխատեցիր, որ կարողացար նման հաջողություններ արձանագրել: 



- Օլիմպիադայում երեւի փորձի բացակայությունը զգացնել տվեց, չեմ կարող բացատրել, թե այնտեղ ինչ տեղի ունեցավ: Խաղերից հետո մի քիչ հանգստացա ու սկսեցի մարզվել ավելի եռանդուն, ամեն ինչին ավելի լուրջ մոտեցա ու սկսեցի անընդհատ հետեւել սխալներիս: Եվ կարծում եմ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել, քանի որ դարձել եմ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն:

- Իսկ ճի՞շտ է, որ լոնդոնյան խաղերից հետո ցանկացել ես հեռանալ սպորտից: 

- Ոչ, դա ճիշտ չէ: Այդ ժամանակ ես շատ հուսահատ էի, գուցե ինձ ճիշտ չեն հասկացել, քանի որ ասել էի, որ հանգստի կարիք ունեմ: Օլիմպիադայից հետո 2-3 ամիս հանգստացա ու ընդհանրապես չէի մտածում ըմբշամարտի մասին, դրանից հետո կրկին սկսեցի մարզվել:

- Երկու չեմպիոնական մեդալների շնորհիվ դու դարձար նաեւ 2013 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ: Ի՞նչ է այդ կոչումը նշանակում քեզ համար:

- Չէի պատկերացնում, որ Հայրենիքում ինձ այդքան ջերմ կընդունեն: Չափազանց հաճելի է նման ուժեղ մարզիկների մեջ լավագույնը ճանաչվել: Ինձ բնակարան են նվիրել Երեւանում, դա եւս մեկ առիթ է, որ ավելի հաճախակի լինեմ Հայաստանում: Նման նվերները չեն մոռացվում, ինչի համար չափազանց շնորհակալ եմ:

Արայիկ Բաղդադյանը պարզապես ասաց. «Աշխատիր հաղթել: Սա վերջին մենամարտն է»:

- Խոսենք հավաքականի գլխավոր մարզչից՝ Արայիկ Բաղդադյանից, ու նրա հետ քո փոխհարաբերություններից: Ի՞նչ ես սովորել նրանից:

- Բաղդադյանից սովորել եմ միշտ պահպանել հանգստություն ու սառնասրտություն: Նա ինքնավստահ է, լավատեսորեն է տրամադրված, միշտ աջակցում է իր սաներին ու միայն առաջ է նայում: Նա հիանալի է կարողանում մեզ հոգեբանորեն տրամադրել: Խոշոր միջազգային մրցաշարերից առաջ Բաղդադյանը շատ ճիշտ է կազմում նախապատրաստական ծրագիրը, ու մենք միշտ կատարյալ հավաքներ ենք անցկացնում, լինում ենք տարբեր քաղաքներում: Ավելի լավ հավաքներ դժվար է պատկերացնել:



- Եվրոպայի եւ Աշխարհի առաջնությունների եզրափակիչներից առաջ ի՞նչ է մարզիչն ասել քեզ ու ինչպե՞ս է տրամադրել վճռորոշ մենամարտերին: 

- Նա ինձ չի ծանրաբեռնել ու պարզապես հանգիստ ասել է. «Աշխատիր հաղթել: Սա վերջին մենամարտն է»: Եզրափակիչներում ես գորգ եմ դուրս եկել շատ հանգիստ, ընդհանրապես չեմ հուզվել, տրամադրվել եմ, ինչպես մյուս մենամարտերի ժամանակ: Մտքովս անգամ չէր անցնում, որ հաղթելով չեմպիոն եմ դառնալու: Միայն եզրափակիչներից մի քանի օր անց եմ հասկացել, որ հաղթող եմ դարձել:

- Հատկապես Աշխարհի առաջնության ոսկե մեդալը նվաճելուց հետո Բաղդադյանը շատ ուրախ էր ու քեզ գորգից գրկած իջեցրեց, մի պահ թվաց նույնիսկ, որ քեզնից շատ է ուրախացել: Դու ի՞նչ էիր զգում այդ պահին:

- Սկզբում ոչինչ չէի հասկանում ու չէի գիտակցում: Երբ տեսա մարզիչների, թիմակիցներիս ու երկրպագուների ցնծությունը, դա ինձ բավական էր: Կարծում եմ՝ այդպիսի պահերի համար արժե տանջվելով մարզվել ու անցնել բոլոր դժվարությունների միջով: Հաջորդ օրն առաջին իսկ չվերթով Բուդապեշտ էին ժամանել հայրս ու եղբայրս, ու միասին ենք երկրպագել մյուս տղաներին:



- Բաղդադյանի շնորհիվ էր նաեւ, որ դու Ռուսաստանի ֆեդերացիայից տեղափոխվեցիր Հայաստան ու սկսեցիր ներկայացնել մեր երկիրը: Կպատմե՞ս, ինչպես կայացրիր այդ որոշումը:

- Վանաձորում մասնակցեցի Ստեփան Սարգսյանի մրցաշարին ու դարձա հաղթող: Արայիկ Բաղդադյանը նկատել էր ինձ ու առաջարկել հանդես գալ Հայաստանի հավաքականում: Ճիշտն ասած, երկար չեմ մտածել, հայրս էլ այդ կարեւոր պահին ինձ աջակցեց ու ասաց, որ անպայման պետք է մեր երկիրը ներկայացնեմ: Եվ ես առանց տատանվելու համաձայնվեցի:

Եթե ուզում ես հասնել քո նպատակին, պետք է ինչ-որ բան զոհաբերես

- Դու ծնվել ես Ռուսաստանում, բայց հետո սկսել ես ներկայացնել Հայաստանը:

- Ես ծնվել եմ Չերկեսկում, հիմա արդեն մի քանի տարի է ընտանիքով ապրում ենք Կրասնոդարում: Բայց մանկությունս անցել է Հայաստանում, ողջ ամառն ու ձմեռն ես այստեղ էի լինում: Սակայն Հայաստանում ուղղակի չէի հանգստանում, այստեղ նաեւ մարզվում էի: Ճիշտն ասած, վերջին ժամանակներս ես Հայաստանում ավելի շատ եմ լինում, քան Ռուսաստանում: Այնպես է ստացվել, որ Հայաստանի հավաքական տեղափոխվելով՝ սկսեցի բարձր կարգի մեդալներ նվաճել (ծիծաղում է):



- Դու ըմբշամարտից բացի զբաղվել ես նաեւ մարմնամարզությամբ: Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիր ազատ ոճի ըմբշամարտ:

- Այո, ես զբաղվում էի մարմնամարզությամբ: Վատ չէր ստացվում, նույնիսկ մրցանակային տեղեր եմ զբաղեցրել: Մարզիչս չէր թողնում, որպեսզի տեղափոխվեմ ըմբշամարտ: Բայց ես ի սկզբանե գիտեի, որ ըմբիշ եմ դառնալու: Մարմնամարզությունը շատ է օգնում ֆիզիկական պատրաստվածությանը, ավելի ամուր ես դառնում, ինչն էլ հետագայում օգնում է:

- Ի՞նչ որակներ պետք է ունենա ըմբիշը, որպեսզի կարողանա միջազգային ասպարեզում բարձր տեղեր զբաղեցնել:

- Ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում կարեւոր են բնավորությունն ու կամային մեծ որակները: Ըմբշամարտում էլ սրան գումարվում են տեխնիկան, արագությունն ու դիմացկունությունը: Իսկ ամենագլխավորը՝ հաղթանակներն հենց այնպես չեն գա, պետք է հայրենասեր լինել: Սիրել հայրենիքդ ու պայքարել նրա համար՝ սա է հաղթանակի գլխավոր գրավականը:



- Ինչպիսի՞ մարդ ես դու:

- Հանգիստ ու հավասարակշռված, երբեմն էլ մի քիչ չարություն եմ անում:

-Երբ տանն ես ու ոչինչ չկա անելու, ինչո՞վ ես զբաղվում:

- Աշխատում եմ շատ ժամանակ հատկացնել հարազատներիս ու ընտանիքիս: Հանդիպում եմ ընկերներիս հետ, սա ինձ համար շատ կարեւոր է:

- Իսկ ինչպիսի՞ն են հարաբերություններդ եղբորդ հետ:

- Մենք միաժամանակ ենք սկսել մարզվել ըմբշամարտով, նա մի քանի մրցաշարերում նույնիսկ հաղթել է: Հիմա էլ է մարզվում, բայց միայն սիրողական մակարդակով, իսկ ընդհանրապես նա բիզնեսով է զբաղվում: Աշխարհի առաջնության ամեն մի գոտեմարտից առաջ նա զանգում էր ինձ ու խորհուրդներ տալիս: Ես նրա ցանկացած խորհուրդ ընդունում եմ ու բոլոր կարեւոր հանդիպումներից առաջ պարտադիր խոսում եմ եղբորս հետ:

- Տնից շատ ես բացակայում, ի՞նչն ես հիմնականում կարոտում:

- Ես շատ-շատ եմ կարոտում տունը, ընտանիքիս, ընկերներիս: Ցանկացած ուսումնամարզական հավաքին մնալը դժվար է ինձ համար, քանի որ շատ եմ կարոտում: Մի խոսքով, չեմ սիրում հավաքները: Բայց դե եթե ուզում ես հասնել նպատակիդ, պետք է ինչ-որ բան զոհաբերես:

Դավիթ Սաֆարյանի հետ զրուցել են Հասմիկ Բաբայանն ու Գոհար Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին