Ալբերտ Թադեւոսյանը Հայաստանի բասկետբոլի հավաքականի հետ Մալթայում առաջին անգամ հաղթեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:
Sport Mediamax-ի հետ զրույցում նա պատմել է անհավանական հույզերի, թիմային հաջողության հասնելու գրավականի, զոհողությունների գնալու եւ երկար մազերի մասին:
-Դուք վերադարձել եք Մալթայից չեմպիոններ դարձած, ի՞նչ սպասումներ ունեիք ու ինչպե՞ս ամեն ինչ ստացվեց:
-Տպավորություններն ամենահաճելին են: Հենց սկզբից էլ պլանավորում էի առաջինը լինել: 2016 թվականին, երբ հավաքականը հաղթեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, ես բացակայում էի, դրա համար էլ շատ էի ցանկանում այս անգամ նույնպես ստացվի ու շատ լուրջ էի պատրաստվել մրցաշարին:
-Ինչպե՞ս էիր պատրաստվում՝ էմոցիոնալ առումով, այլ կերպ էիր տրամադրված, թե՞ ֆիզիկապես:
-Առաջին հերթին ֆիզիկապես էի պատրաստվել, հիմա, անկասկած, վերջին 5 տարվա ընթացքում լավագույն մարզավիճակում եմ գտնվում: Մարզիչ էի վարձել եւ Ռուսաստանում անհատական մարզումներ անցկացրել, Մոսկվայում ինձ օգնում էր Նիկիտա Պամֆիլովը, ինչի համար անչափ շնորհակալ եմ նրան, նաեւ հավաքականի մարզչի հետ էի մշտական կապի մեջ: Հավաքների ժամանակ շատ կենտրոնացած էի ու ամեն օր ուժերիս գերլարումով էի աշխատում, մարզումներից հետո փորձում էի լավ վերականգնվել, հետեւում էի առողջությանս:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Դրա համա՞ր նման վստահություն ունեիր, որ հաղթելու եք:
-Անկեղծ, մտքումս անգամ չէի էլ պատկերացնում, որ առաջինից բացի այլ տեղ կզբաղեցնենք: Միայն կենտրոնացել էի չեմպիոն դառնալու վրա: Մեկնելուց առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ էլ ասացի, որ ձեզ համար ոսկե մեդալներ ենք բերելու: Փառք Աստծո, կարողացա խոստումս պահել:
-Իսկ եթե հանկարծ չստացվե՞ր:
-Մարզչի հետ, օրինակ, գրազ էինք եկել, որ չհաղթելու դեպքում կկտրեմ մազերս (ծիծաղում է, խմբ.): Այնպես որ, դա ինձ համար լրացուցիչ մոտիվացիա էր:
-Իսկ Մալթան հավանեցի՞ր, հասցրի՞ր նոր տեղեր տեսնել:
-Պաշտում եմ ճանապարհորդել, նոր երկրներ ու քաղաքներ բացահայտել, նրանց պատմությանը ծանոթանալ: Մենք կայանել էինք Սենտ Պոլս Բեյում, երբ ժամանեցինք, մտածեցի, մի՞թե սա է Մալթան, անելու ոչինչ չկար, քաղաքն այնքան էլ դուրս չեկավ, ծովափերը վատն էին: Զարմացել էի, թե ինչու են Մալթան բոլորն այդքան գովում: Ու մտածեցի, որ հանգստյան օր ունենալու դեպքում մայրաքաղաք կմեկնեմ, հետո իմացա, որ էլի կան հին ու հետաքրքիր քաղաքներ: Իսկ երբ արդեն եղա Վալետայում, հասկացա այդ երկրի ողջ գեղեցկությունն ու մթնոլորտը: Հիանալի էր, երեւի լիցքավորվեցի, որովհետեւ հաջորդ օրը կայացած կիսաեզրափակչում 35 միավոր վաստակեցի:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Դու լավ էիր տրամադրված, բայց բասկետբոլը թիմային խաղ է, ինչպե՞ս անել, որ թիմակիցներն էլ քո պես մտածեն ու կարողանաք միասին արդյունքի հասնել:
-Իսկապես, շատ լավ մարզիչ ունեինք, դա օգնեց տրամադրվել, հոգեբանական առումով էլ նա մեզ շատ օգնեց: Կարողացավ բոլորիս միավորել, հավատալ մեր ուժերին, մեզ ինչ-որ աստղեր դարձրեց: Զարմացա, նա ժամանել է NBA-ից, մենք Հայաստանից սովորական տղաներ ենք, եթե համաշխարհային մակարդակով դիտարկենք՝ ոչ ոք, իսկ Ռեքս Քալամյանը մեզ վերաբերվում էր աստղերի պես: Կարող էր զանգել ու ասել. «Հագուստը լվացել են, կուզե՞ս բերեմ քեզ համար»: Պատկերացնո՞ւմ եք, նա այնտեղ սուպերխաղացողների հետ է աշխատում, իսկ իրականում այդքան հասարակ մարդ է: Նրա հետ ժամանել էր նաեւ մարզիչ Փիթը, որը «Ֆիլադելֆիայում» է աշխատում, կարող էի նրան ցանկացած ժամի՝ անգամ գիշերը 3-ին ասել, որ ուզում եմ նետումներ անել, կգար եւ ինձ գնդակներ կմատակարարեր: Նետումներս չէին ստացվում, եւ նա ինձ վստահություն տվեց՝ ասելով. «Երբ պետք լինի, ես միշտ պատրաստ եմ օգնել քեզ»:
-Գուցե մենք սխալ պատկերացո՞ւմ ունենք NBA-ի մասին, կարծում ենք, եթե սուպերաստղեր են, ուրեմն ամեն ինչ այլ է, իսկ իրականում առաջնայինը սովորական մարդկային հարաբերություններն են:
-Միանշանակ: Սկսեցի հասկանալ, որ ամեն ինչ հենց այդպես է, որ կա: NBA-ում առաջին տեղում խաղացողն է, իսկ Եվրոպայում ու Ռուսաստանում, որտեղ ես բասկետբոլային դպրոց եմ անցել, լրիվ այլ մոտեցում է: Մարզիչները բռնապետեր են, իսկ խաղացողը՝ ոչինչ ու ոչ ոք: Լրիվ փոխեցի պատկերացումներս մարզչական աշխատանքի մասին: Դրա համար նաեւ մարզիչների համար էինք ուզում լավ բասկետբոլ ցույց տալ:
Լուսանկարը` Մեդիամաքս
-ԱՄՆ-ում որքան էլ հայտնի լինեն խաղացողները, բայց շատ են աշխատում ու քրտնում, որպեսզի պահեն իրենց տեղը թիմում: Գուցե, մենք ա՞յլ կերպ ենք տրամադրվում ու մարզվում:
-Որակյալ բասկետբոլ ունենալու համար պետք են լավ դպրոցներ ու աշխատավարձեր, ոչ ոք չի կոտորելու իրեն հանուն ծիծաղելի գումարի, ֆուտբոլի հետ այն անգամ համեմատելի չէ: Եթե երեխաները հասկանան, որ կարող են բասկետբոլն իրենց հիմնական աշխատանքը դարձնել, կմարզվեն, լավ խաղացողներ կդառնան ու նաեւ գումար կվաստակեն: Մեր հավաքականում համարյա ամեն խաղացող, այդ թվում եւ ես, 2-րդ աշխատանք ունենք: Անհատական մարզումներ եմ անցկացնում, հիմա մտածում եմ Հայաստանում բասկետբոլային դպրոց բացել:
-Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան փորձում է ամեն ինչ անել մարզաձեւը վերածնելու ու մասսայական դարձնելու համար:
-Դրա համար երկար ժամանակ է պետք: Հույս ունեմ, որ նման մրցաշարերի շնորհիվ, որտեղ մեզ հաջողվում է մրցանակային տեղեր զբաղեցնել, հասարակությունը կհետաքրքրվի, գուցե հովանավորներն էլ կտեսնեն, բասկետբոլում այլ գումարներ կսկսեն շրջանառվել:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Հայաստանում թիմային մարզաձեւերն առհասարակ զարգացած չեն, ինչո՞ւ է այսպես:
-Իհարկե, անհատական մարզաձեւերը շատ լավն են, ես, իսկապես, հպարտանում եմ հաջողության հասած հայ մարզիկներով, բայց դրանք զարգացնելը շատ ավելի հեշտ է: Դրանց համար լրիվ այլ գումար է պետք ներդնել, այլ կազմակերպվածության կարիք ունեն, ամեն ինչ այլ է: Թիմային մարզաձեւերի համար շատ ավելի ջանքեր են պետք հաջողություն գրանցելու համար:
-Այդ դեպքում, ինչի՞ հաշվին ձեզ հաջողվեց հաղթել փոքր երկրների ԵԱ-ում: Եթե անկեղծ, Հայաստանի պես ընտրանու համար դա այնքան էլ վատ արդյունք չէ:
-5 տարի առաջ հանդես ենք եկել նաեւ Աշխարհի ու Եվրոպայի ընտրական մրցաշարերում, ուժեղ կազմ ունեինք, հաղթում էինք մրցակիցներին ու առաջ շարժվում: Պարզապես դադարում էինք խաղալ ֆինանսավորման բացակայության պատճառով, ինչը շատ ցավալի է: Այս անգամ էլ ստացվեց, նորից կնշեմ՝ մարզիչների լավ աշխատանքի արդյունքն էր, ամեն մեկս մեր դերն ունեինք, ընդհանուր նպատակի համար որոշ խաղացողներ նաեւ զոհողությունների էին գնում՝ ավելի քիչ միավորներ վաստակում, կենտրոնականները քիչ էին մասնակցում գրոհներին ու ավելի շատ սեւագործ աշխատանք կատարում: Հիմնականում շեշտը դրված էր 3 միավորանոց նետումների վրա, երբեմն դժգոհություն էի լսում, բայց բոլորն էլ հասկանում էին, որ մենք նպատակ ունենք, սեղմում էին ատամները, դիմանում ու անում այն, ինչ մարզիչն էր պահանջում: Հեշտ չէ, իհարկե, բայց շնորհակալություն, որ ստացվեց: Ես էլ բազմիցս նման դերեր եմ կատարել նախկին թիմերում, հասկանում եմ, թե որքան դժվար էր մյուսների համար:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Իսկ դու ինչպիսի՞ թիմային խաղացող ես ու հանուն ընդհանուր արդյունքի հե՞շտ ես գնում զոհողությունների:
- Ինձ թվում է, որ սուպեր թիմային խաղացող եմ: Միշտ եմ այդպես անում, երբ հավաքականը մարզում էր Բավցեւիչը, իմ դերը միայն պաշտպանվելն էր, հարձակման գծում համարյա գնդակ չէի ստանում ու ոչ մի նետում չէի անում խաղի ընթացքում: Իհարկե, շատ դժվար էր, բոլորս էլ եսասիրություն ունենք, լավ բասկետբոլիստ առանց դրա դժվար է դառնալ, թիմային ձեւերում միեւնույն է պետք է առանձնանալ, թիմի ներսում էլ մրցակցություն կա, ընկերներ եք, բայց նաեւ պայքարում եք իրար հետ: Կարող եք մարզումների ժամանակ սպանել իրար, իսկ հետո դուրս եք գալիս հարթակ ու խաղում միասին: Արդեն սովորել ենք այդ ամենին:
-Մեկ անգամ չէ, որ նշել ես լավ հավաքական ունենալու մասին, ինչպիսի՞ն է հիմա մեր պոտենցիալն ու էլ ինչերի՞ կարող եք հասնել:
-Թիմը շատ միասնական է, խաղացողները՝ երիտասարդ, բայց նպատակները միայն մեզնից չեն կախված, չգիտեմ, թե հաջորդ անգամ որտեղ հանդես կգանք, կամ էլ երբ: Շատ դժվար է ու ցավալի, արդեն 28 տարեկան եմ ու շատ ժամանակ չունեմ բասկետբոլով զբաղվելու: Կուզեի հավաքականի կազմում որքան հնարավոր է շատ հանդես գալ, շատ մրցաշարերի մասնակցել, բայց ամեն ինչ գումարից է կախված, բացի այդ էլ չգիտեմ, Հայաստանին հավաքական պե՞տք է:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Իսկ ի՞նչ եք զգում՝ ունի՞ կարիք: Երկրպագուները ձեզ սիրում եւ միշտ աջակցում են:
-Դեռ զգում եմ, որ պետք չի: Մեր հանդիպումներին շատ մարդիկ են գալիս, տրիբունաները լցվում են: SADA-ի գավաթի ժամանակ մարզահամերգային համալիրում ազատ տեղ չկար, 5 տարի առաջ էլ «Միկայում» էր շատ լավ մթնոլորտ տիրում: Մենք երբեմն ֆուտբոլի հավաքականից ավելի լավ հաղթանակներ ենք ունենում, թեեւ այն արդեն 30 տարի է գոյություն ունի: Ինքս ֆուտբոլ շատ եմ սիրում, աջակցում եմ հավաքականին, ներկա լինում տնային խաղերին, բայց մեր խաղերի ժամանակ մթնոլորտը հաճախ շատ ավելի լավն է լինում: Եթե հավաքականով իսկապես զբաղվեն, 3 անգամ ավելի շատ ձեռքբերումներ կլինեն:
-Իսկ ի՞նչն է քեզ պահում բասկետբոլում ու ինչի՞ համար ես սիրում այն:
-Շատ բարդ հարց է, պարզապես սիրում եմ եւ վերջ: Երեւի ազարտից է, ինձ դուր է գալիս ազատությունը, բազմազանությունը, տարբեր երկրներ այցելելը: Չեմ կարողանա գրասենյակում 8 ժամ նստել, ինձ անընդհատ շարժում է պետք, ռիթմի մեջ լինել, սպորտն արդեն թմրանյութի պես է ինձ համար: Եթե անգամ 3 օր չեմ մարզվում, վատ եմ զգում ինձ: Օրգանիզմս դրան է սովոր:
-Արի մի քիչ էլ քո մանկությունից խոսենք, ինչպե՞ս ու որտե՞ղ է այն անցել:
-Ծնվել եմ ես Տվեր քաղաքում, որտեղ ապրել եմ մինչեւ 20 տարեկանը, այնտեղ սովորել եմ դպրոցում, առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել, ավարտել Տվերի պետական համալսարանը, մասնագիտությամբ ֆիզիկոս եմ: Երկու բարձրագույն կրթություն ունեմ, հետո քաղաքագիտություն եմ սովորել Մոսկվայի պետական համալսարանում: Հայրս հայ է, մայրիկս՝ ռուս, հենց նրա շնորհիվ եմ միշտ լավ սովորել: Չեմ էլ մտածել, որ բասկետբոլիստ կդառնամ: Հայրս Երեւանից է, այստեղ են ապրել տատիկս ու պապիկս, եւ ամառները հաճախ էինք նրանց հյուր գալիս: Հիմա հայերեն չեմ կարողանում լավ խոսել, իսկ փոքր տարիքում շատ լավ էր ստացվում: Սկզբում Ստեփանակերտում եմ խաղացել, հետո էլ՝ Երեւանում:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Իսկ ինչպե՞ս ես բասկետբոլում հայտնվել ու սիրել այն:
-Պարզապես դպրոցում խմբակ բացվեց, ու մայրիկս հարցրեց. «Կուզե՞ս»: Ես պաշտում էի ֆուտբոլը, օրը 12 ժամ խաղում էի, սակայն, ցավոք, մեր տան կողքին ֆուտբոլային դպրոց չկար, այլապես լավ ֆուտբոլիստ կդառնայի ու հանդես կգայի Հայաստանի հավաքականում: Զլատան Իբրահիմովիչի պես բարձրահասակ խաղացող կլինեի: Փոխարենը բակում բասկետբոլի զամբյուղ կար, ինչն, ի դեպ, եւս որոշիչ դեր է խաղացել: Նայեք հայտնի բասկետբոլիստների զրույցներն ու բոլորն էլ ասում են, որ նման զամբյուղ են ունեցել: Ես 4 տարեկանից հայրիկիս հետ նետումներ էի անում:
-Դու պայմանագիր կնքեցիր «Արցախի» հետ ու ապրում էիր այնտեղ, ի՞նչն էր ամենաշատը քեզ դուր գալիս Ստեփանակերտում:
-Այնտեղ ամեն ինչ հիանալի էր, գեղեցիկ տարածաշրջան, լավ մարդիկ: Պարզապես սիրահարվեցի Արցախին՝ բնությունն արտակարգ էր, սնունդը համեղ, ամենահամեղ միսը հենց այնտեղ եմ կերել, ժինգյալով հացի մասին առհասարակ խոսքեր չունեմ, մեղրը հիասքանչ է, նուռը՝ աննման: Շատ ցավալի է, որ շատ հողեր էլ մերը չեն: Շատ ծանր էի տանում, շատ ընկերներ ունեմ, որոնք նաեւ պատերազմին մասնացկեցին, մի քանիսը զոհվեցին: Հույս ունեմ, որ պատմական արդարությունը կվերականգնվի, պարզապես ավելի շատ ժամանակ է պետք:
-Իսկ Հայաստանում առհասարակ ինչպե՞ս ես հայտնվել, ո՞վ է քեզ հրավիրել այստեղ հանդես գալ:
-Երբեք չեմ մտածել, որ մի օր կխաղամ Հայաստանում: 8 տարի առաջ առաջին անգամ որպես բասկետբոլիստ Մոսկվայի թիմի կազմում մասնակցել եմ Համահայկական խաղերին: Արա Պողոսյանն էր հրավիրել հանդես գալ իր թիմի կազմում: Դրանից 1 տարի առաջ էլ Հայաստանի գավաթին էի մասնակցել, հետո հրավիրվեցի հավաքական ու ամեն ինչ սկսվեց:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Ի՞նչ էիր զգում առաջին անգամ հավաքականը ներկայացնելիս, ի՞նչն ամենաշատը դուր եկավ ու զարմացրեց քեզ այստեղ:
-Ուրախություն, նոր տպավորություններ, որպես մարզիկ միշտ էլ ուզում ես նոր մարտահրավերներ ունենալ, հասկանալ, կարո՞ղ ես խաղալ նման մակարդակում: Մենք շատ ուժեղ հավաքականների հետ ենք մրցել ու հաղթել նրանց: Հավաքականում խաղալը երջանկություն է եւ մեծ պատիվ: Հայաստանում ինձ դուր է գալիս բնությունը, ուտելիքը, հասարակ լինելը որոշ հարցերում, օրինակ՝ չկա մոսկովյան պաթոսը, ինչը մի քիչ լարվածություն է առաջացնում: Բայց հայերին մի քիչ կրթվածությունն է պակասում, մարդիկ կարծում են, որ ամեն ինչ գիտեն:
-Խոսենք նաեւ անհաջողություններից ու վնասվածքներից, որոնցից դու բավականաչափ ունեցել ես: Ինչպե՞ս ես սովորել դրանք հաղթահարել:
-Երեւի թե 3,5 տարի միայն վնասվածքների պատճառով եմ բաց թողել, շատ բարդ էր ինձ համար: Վերջին լուրջ վնասվածքը 5 տարի առաջ էր, 1,5 տարի չկարողացա խաղալ: Արդյունքում՝ ծանրագույն դեպրեսիա սկսվեց, չէի կարծում, որ երբեւէ կունենամ: Միշտ մտածել եմ, որ դեպրեսիա միայն թույլ մարդիկ են ունենում: Պարզապես սենյակից դուրս չէի գալիս, ոչինչ չէի անում ու օրերով պառկած էի: Ամբողջ կյանքս շարժման մեջ եմ եղել, իսկ վնասվածքի արդյունքում չէի կարողանում տեղաշարժվել, հենակներով էի քայլում: Լավ է, որ գոնե սովորում էի այդ ընթացքում ու ընկերներիս հետ էի շփվում:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Իսկ ինչպե՞ս հաղթահարեցիր, որ կարողանաս նորից վերադառնալ սպորտ:
-Դեպրեսիան անցավ միայն այն ժամանակ, երբ վնասվածքը բուժվեց: Ոչ ոք չէր հասկանում, թե խնդիրն ինչում է: Մտածում էի՝ ավարտելու եմ կարիերաս, անկեղծ, արդեն փորձում էի հասկանալ, թե ինչով եմ կյանքում զբաղվելու: Բժիշկները ոչ մի պատասխան չէին կարողանում տալ: Փառք Աստծո, կարողացա գտնել մի մասնագետի՝ ԲԿՄԱ-ի ֆիզպատրաստվածության մարզչին, ազգությամբ հույն: Նա էլ շատ չէր հասկանում պատճառը, բայց մի անգամ նման դեպքի արդեն ականատես էր եղել: Խորհուրդ տվեց պարզապես աշխատել, չբուժել, այլ ցավով շարունակել մարզվել: Ու այդպես էլ աստիճանաբար կես տարի անց վերականգնվեցի: Հետաքրքիրն այն է, որ 1,5 տարի հանդես չգալով, հյուրընկալվելիս միանգամից մասնակցեցի Բոսնիայի դեմ հանդիպմանը: Դահլիճը լեփ-լեցուն էր, բոլորն աղմկում էին, իսկ ես այնպիսի տպավորություն ունեի, որ ամենացածր աստիճանից ամենաբարձրում եմ հայտնվել:
-Ի՞նչ էիր զգում, վախ կամ անհանգստություն ունեի՞ր:
-Ես մինչ այդ էլ նման մակարդակի վրա հանդես չէի եկել: Բայց լավ խաղացի այդ օրը, առհասարակ ոչնչի մասին չէի մտածում, հույզերն ինձ կլանել էին ու ուղղակի ճախրում էի: Հիանալի էր ամեն ինչ, այդ խաղն ընդմիշտ կհիշեմ, ամենաանմոռանալիներից էր:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Հիշում եմ, երբ սկսեցիր հանդես գալ Հայաստանում, կարճ սանրվածք ունեիր, հետո որոշ ժամանակ անցավ ու կտրուկ փոխվեցիր: Այդպիսի փո՞ւլ էր քո կյանում, որ ուզում էիր արտաքուստ էլ կերպարանափոխվել:
-Շատերն արդեն չեն էլ հիշում (ծիծաղում է, խմբ.): Հենց այդպիսի շրջան էր: «Արցախի» հետ պայմանագիր էի կնքել, իսկ այնտեղ այնպիսի մթնոլորտ էր՝ սարեր, բնություն, առանձնապես անելու շատ բան չկար, կյանքը շատ հանգիստ էր: Մի քիչ ինքնամփոփ դարձա, սկսեցի մեդիտացիա անել, յոգայով զբաղվել, հոգեւոր գրքեր կարդալ: Ու գլխումս այդպիսի կերպար առաջացավ, մեկուսանալ բոլորից, ուզում էի արտաքուստ գրավիչ չլինել, մազերս չէի կտրում, անգամ չէի սափրվում: Ուզում էի նաեւ, որ աղջիկներն ինձ ավելի քիչ ուշադրություն դարձնեն, բայց հակառակը ստացվեց (ծիծաղում է, խմբ.): Հիմա ինձ շատ լավ եմ զգում:
-Իսկ շա՞տ երկրպագուհիներ ունես, նրանք ինձ չեն ների, եթե չհարցնեմ՝ սիրտդ ազա՞տ է հիմա:
-Դե, առանձնապես այնքան էլ շատ չեն, սովորաբար դպրոցականներ են գրում: Ընկերուհի ունեի, բայց արդեն 4 ամիս կլինի, որ բաժանվել ենք: Հիմա ազատ եմ, այնպես որ, աղջիկներ, գրեք, մի ամաչեք, բաց եմ շփման համար (ծիծաղում է, խմբ.):
-Շատ տղաներ եւս ոգեշնչվում են քեզնով: SADA-ի գավաթից հետո տեսա, թե ինչպես էին վանկարկում քո անունը, մոտենում էիր բոլորին ու ստորագրում: Քեզ դո՞ւր է գալիս օրինակ լինել երեխաների համար:
-Շատ հաճելի է, բայց ինձ մի քիչ էլ անհարմար եմ զգում, ասեք աստղ եմ, բայց բոլորին էլ մոտենում եմ: Ինձ եմ պատկերացնում Տվերում, երբ փոքրիկ տղա էի: Մենք էլ բասկետբոլի պրոֆեսիոնալ թիմ ունեինք, նայում էի խաղերն ու հիանում, ուզում էի մոտիկից ծանոթանալ, լուսանկարվել: Դրա համար էլ աշխատում եմ բոլորին ժամանակ տրամադրել:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Անվանիր բարձրահասակ լինելու 3 առավելություն ու թերություն:
-Օդն ավելի թարմ է (ծիծաղում է, խմբ.): Իրականում, երեւի թե գեղեցիկ է նայվում, աղջիկները սիրում են բարձրահասակ տղաներին: Ինձ դուր է գալիս բարձրահասակ լինել (1,94 մ, խմբ.): Միշտ գլուխդ հարվածում ես, ինքնաթիռում, երբեմն էլ տաքսիում անհարմար է նստել, Հայաստանում չես կարող գտնել 47 համարի խաղակոշիկ, ինչպես նաեւ՝ հագուստ: Մահճակալներն են փոքր լինում:
-Ի՞նչ է սպորտը քեզ տվել ու դու նրան:
- Ես նրան ամեն ինչ եմ տվել, ամենագլխավորը՝ առողջությունս: Իսկ այն ինձ տվել է էմոցիաներ եւ հնարավորություններ, որոնք, հույս ունեմ, ապագայում էլ ավելի շատ կլինեն:
-Հայտնի բասկետբոլիստներից ո՞ւմ հետ կուզեիր խաղալ:
-Բոլոր հայտնիների, վաղուց հավանում եմ Ստեֆեն Քարիին: Մայքլ Ջորդանի հետ էլ կխաղայի, թեեւ արդեն ծեր է (ծիծաղում է, խմբ.):
-Իսկ ի՞նչ որակներ կուզեիր ունենալ:
-Շատ որակներ կան, որոնք չունեմ, լավ նետումների եմ տիրապետում, հասկանում եմ խաղը, բայց եթե արագություն ու ցատկ էլ ունենայի, որեւէ բարձրագույն լիգայում կխաղայի:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Երբեւէ հաշվե՞լ ես, թե որքան 3 միավորանոց նետումներ ես արել:
-Առաջնության ժամանակ ամեն խաղում շատ բարձր ցուցանիշ ունեի, իսկ կարիերայում չեմ հաշվել, շատ կլինեն:
-Իսկ օրական ինչքա՞ն ես փորձում:
-200 հաջող նետում, ոչ թե փորձ: Պատահել է, որ օրվա ընթացում մինչեւ 1000 նետում եմ կատարել:
-Երեւանում քո սիրած վայրը:
-Ինձ դուր է գալիս Կասկադը, Աբովյան ու Սարյան փողոցները: 2 տարի առաջ բնակարան էի վարձակալում Սարյանում, հիասքանչ տեսարան էր, իջնում էի սուրճ խմելու, գինու փողոցն է եւ անհավանական մթնոլորտ է տիրում:
Լուսանկարը` Մեդիամաքս
-Իսկ ի՞նչ ես սիրում ուտել:
-Ամեն ինչ էլ սիրում եմ, օրական մինչեւ 5 անգամ՝ այն էլ մեծ չափաբաժիններով եմ ուտում: Ինքս էլ պատրաստում եմ, բայց ոչ շատ համեղ (ծիծաղում է, խմբ.): Սովորաբար ամեն ինչ խառնում եմ իրար: Մալթայում շվեդական սեղան էր, մարզիչը զարմանում էր, թե ինչպես եմ ամեն ինչ խառնում եւ ուտում: Իսկ ես սիրում եմ համադրելին ու անհամադրելին միացնել ու բերանում տարբեր համեր զգալ:
-Հայերեն բառ, որը հատկապես դժվար է արտաբերել:
-Հարցազրույց էի տալիս ու «հանդիպում» բառը չէի կարողանում ասել, երեւ թե 10 անգամ սխալվեցի: Նկարահանում էին, իսկ ես հա կմկմում էի:
-Ինչպե՞ս ես պատկերացնում ապագադ:
-Ցանկանում եմ բասկետբոլային դպրոց բացել, արդեն պետք է դրանով զբաղվել: Ուզում եմ բասկետբոլ խաղալ, քանի դեռ հնարավորություն կա: Երբեք ապագայի շատ պլաններ չեմ կազմում, փորձում եմ վայելել պահը:
Ալբերտ Թադեւոսյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: